«Սա նշանակում է, որ տականքն օրենք գրող կամ հաստատող է. նրանք այլևս որևէ սահման չունեն». Սոֆյա Հովսեփյան

«Եթե մեր օրենքը ճիշտ գործեր, ապա այդ մարդիկ ԱԺ-ում վեր ընկած չէին լինի։ Սա նշանակում է, որ տականքն օրենք գրող կամ հաստատող է, իրենցից այլ բան սպասել հնարավոր չէ»,- 168.am հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում իշխանական պատգամավորների վարքագծին՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներին ու սպառնալիքներին։

Ըստ նախկին պատգամավորի, ԱԺ-ում նստածներից այլ սպասելիքներ չուներ։

«ԱԺ-ում ուղղակի անբարոյականների կույտ է հավաքված, նրանք այլևս որևէ սահման չունեն։

Եթե որևէ մեկը պատգամավորներից իրեն նման բաներ է թույլ տվել և մյուսները լուռ լսել են, ապա այդտեղ որևէ մեկին արդարացնել չկա։ Եթե իրենց մեջ բարոյական մարդ կար, ապա հիմա բոլորը դրսում են, այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք փողի մեռած են, երկիրը ծախող ու կոնկրետ շահեր սպասարկողներ են։ Այնպես որ, նրանցից ի՞նչ պետք է սպասենք, որ իրենք չե՞ն հայհոյելու, չե՞ն թքելու։ Ուղղակի քաղաքացին է թույլ տալիս, որ այդպես վարվեն։ Նախկինում մենք պայքարում էինք արժեքների ու այնպիսի բաների համար, որ հիմա դրանց մասին խոսելը դարձել է անիմաստ, այժմ ես ուղղակի կարոտում եմ այն պայքարին, որը մենք ունեինք մինչև 2018 թվականը, երբ մենք արժեքային պայքարի մեջ էինք։ Հիմա արդեն անբարոյականների դեմ պայքար է ուղղակի, այդ արժեքները մղվել են երկրորդական պլան։ Սրանց օրոք արժեքների մասին անգամ խոսելն անիմաստ է»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ինչպես կգնահատի Տեղ համայնքում թշնամու առաջխաղացմանն ի պատասխան՝ իշխանությունների որոշ ներկայացուցիչների խոսույթին կամ շատերի լռությանը, Սոֆյա Հովսեփյանը զարմանքով հարցրեց՝ իսկ Հայաստանն իշխանություն ունի՞, որ թշնամու ներխուժման մասին խոսի։

«Ես այս մասին դեռ այն ժամանակ եմ հայտարարել, երբ ՔՊ խմբակցությունում էի, ասել եմ, որ սա այլևս իշխանություն չէ, այն վերածվում է անիշխանության, որովհետև պատասխանատու չեն երկրի համար։ Եթե այս մասին ես խոսել եմ դեռ 2020 թվականի սկզբներին, սա նշանակում է , որ այս ամենն ինձ համար նորություն չէ, սա նշանակում է, որ իրենք որևէ բանի չեն տիրապետում։ Նրանք չգիտեն, թե Տեղ գյուղը որտեղ է, 1-2 Արցախ են եկել, ուղղակի Տեղով անցել են։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ է խոսում Արմեն Խաչատրյանը, ով բարեկամներ ու մտերիմ շրջապատ ունի Տեղ գյուղում և Արավուսում։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է հիմա գնալու այնտեղ, երբ նախկինում ամեն զանգից հետո գնում էր քեֆ-ուրախության։ Մենք ի՞նչ ենք ակնկալում, իսկ սրանք ի՞նչ արեցին Շուռնուխի ու Կապանի գյուղերի դեպքում, որ հիմա ինչ անեն։ Ոչ մի բան, ժողովուրդը հարմարվեց, իրենց նորից ընտրեց, հիմա էլ իրենք ինչ ուզում՝ անում են»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և երկու ընդդիմադիր ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրեցին ՄԻՊ թեկնածուներին։ Սակայն ամբողջ քննարկումն անցավ վիրավորանքների, սպառնալիքների ներքո, ՔՊ-ական պատգամավորներն ամբողջ ընթացքում վիրավորում ու սպառնում էին ընդդիմության առաջադրած թեկնածու Էդգար Ղազարյանին։

Տեսանյութեր

Լրահոս