«Լեզուդ կկտրեմ՝ մի հատ էլ նման ձևով խոսել ես, ականջներդ էլ՝ հետը». Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և երկու ընդդիմադիր ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրեցին ՄԻՊ թեկնածուներին։ Իշխող խմբակցությունն այդ պաշտոնում ներկայացրեց՝ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանի թեկնածությունները։ Մեկ ժամից ավելի տևած քննարկումից հետո, մեծամասնության՝ ՔՊ-ի պատգամավորները դեմ քվեարկեցին Էդգար Ղազարյանի թեկնածությանը, առաջիկա լիագումար նիստի ընթացքում արդեն կքննարկվի Անահիտ Մանասյանի թեկնածության հարցը։

Հանձնաժողովի նիստը, սակայն, հարթ չանցավ: Էդգար Ղազարյանի յուրաքանչյուր նախադասությունից հետո միջամտում էին իշխանական պատգամավորները՝ գլխավոր դերերում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր։

Երբ Էդգար Ղազարյանը խոսեց 2018 թվականի հեղափոխությունից և օգտագործեց ադրբեջանաթուրքական, Արթուր Հովհաննիսյանն ընդհատեց.

«Դու գիտես՝ այս երկրում ո՞վ է  հեղափոխություն արել, հեղափոխություն արած ժողովրդին դու անվանում ես ադրբեջանաթուրքական հեղափոխություն, էս ժողովրդին մեկն ու մեկդ հանկարծ փորձեք անվանարկել՝ չփոշմանեք։ Նայի, դու էլ չմտնես մկան ծակերը։ Սիրելի հայրենակիցներ, լեզուն կկտրենք, ով մեր ժողովրդին համարձակվի անվանարկի, լեզուները կկտրենք, ականջներն էլ՝ հետը»։

Կարդացեք նաև

Երբ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատգամավորին զգուշացրեց, որ  սպառնալիք է հնչեցնում, Արթուր Հովհաննիսյանը հաստատելով՝ հակադարձեց.

«Ընդունեք սա որպես սպառնալիք՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ՝ հետը»:

Միջամտեց նաև Արփի Դավոյանը և Էդգար Ղազարյանի վրա մատ թափ տալով՝ ասաց, որ նա ներողություն պետք է խնդրի։

Ընկերներից հետ չմնաց նաև Գևորգ Պապոյանը և դիմելով Էդգար Ղազարյանին՝ ասաց.

«Ով ես դու, արա, որ նման բան ասես»։

Թիմից հետ չմնալով՝ վիրավորական արտահայտություններով միացավ նաև Ռուստամ Բաքոյանը և  Էդգար Ղազարյանին անվանեց խեղկատակ։

«Դուք ուղեղ չունեք, որ վիրավորեք, այ տիկին Ղազարյան, էհ, պարոն Ղազարյան, քեզ խի՞ են բերել այստեղ, լսո՞ւմ եք, այ պարոն խեղկատակ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս