2016-ին ուժով պահեցինք Ակնան, 2020-ին առանց կրակոցի հանձնեցին Ադրբեջանին. հիշելով Ապրիլյան հաղթանակը
Ապրիլյան պատերազմի և այդ մարտական գործողություններում հայկական կողմի ռազմական, ռազմաքաղաքական հաղթանակի 7-րդ տարին է: Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, որ գտնում են, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմում կամ մարտական գործողություններում մենք չենք հաղթել, այս տարի ոչ միայն անտեսեցին Ապրիլյան պատերազմի սանձազերծման օրը, զոհերի հիշատակը, այլ ամեն ինչ արեցին, որ Ապրիլի 1-ին, 2-ին այլ թեմաներ քննարկվեն, որպեսզի ստվերվի օրվա գլխավոր թեման:
Ինչո՞ւ, որովհետև թեև Փաշինյանի քաղաքական խմբակի ներկայացուցիչները հայտարարում են, որ Ապրիլյան քառօրյայում հայկական կողմը չի հաղթել, թեև նրանք կասկածի տակ են դնում Հայաստանին Ադրբեջանի հրադադար խնդրելու փաստը, մյուս կողմից, լավ էլ հասկանում են՝ փաստը հզոր բան է, և այդ իսկ պատճառով նրանք ամեն ջանք գործադրում են, որ նախկին իշխանությունների օրոք արձանագրված այդ փաստերը, հաղթանակը դուրս մղեն:
Նիկոլ Փաշինյանը, ով 44-օրյա պատերազմից հետո հայտարարել էր, որ «կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի», 2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում էր Ապրիլյան պատերազմը չկանխելու մեջ՝ «ապրիլյան պատերազմը հնարավոր էր կանխել, եթե ցուցաբերվեր դիվանագիտական ճկունություն»:
Արցախի տարածքում 9 նշանակետ՝ խորությունն առաջնագծից 3 կմ-ից մինչև 10 կմ. 2016-ին Ադրբեջանի գերխնդիրը ձախողվեց
Իսկ նախկին իշխանություններին 2016 թվականին հաջողվել էր կանխել մարտական գործողությունների առավել լուրջ լայնամասշտաբ պատերազմի վերածվելու հնարավորությունը, եթե հաշվի առնենք, որ, ըստ մասնագետների, կատարվածը դասական իմաստով հեռու է պատերազմ համարվելուց՝ ելնելով գործողությունների բնույթից և մասշտաբից: Այսինքն, հայկական կողմը 2016թ. կարողացել էր ձախողել հակառակորդի գլխավորի խնդրի իրականացումը: Այս մասին հստակ ապացույցներ կան: Դրանց մասին բազմիցս գրել ենք, բայց մեկ-երկու փաստ, ամեն դեպքում, հիշեցնենք:
2016-ի ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքն ապացուցում էր, որ Ադրբեջանի նպատակը զուտ մի քանի դիրք գրավելը չէր, այսինքն, Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել էր լայնածավալ ռազմագործողության պլան, և այն չէր եղել փոքր մասշտաբի:
Առգրավված գույքը ներառում էր.
– թռիչքային քարտեզներ
– օդաչուի պլանշետը
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Պաշտպանության նախարարությունում ռազմական փորձագետներին և լրագրողներին նույնիսկ ասել էին, որ հարձակողական օպերացիայի հրաման Ադրբեջանի ԶՈՒ-ն ստացել է դեռ 10 օր առաջ:
«Oդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնիացված է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից առնվազն 1-2 օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու հանձնարարականներ, ինչն իր հերթին՝ հուշում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից նման հրաման իջեցվել է 10 օր առաջ: Ինչևէ, մարտական քարտեզում նշված են հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետ՝ խորությունն առաջնագծից 3 կմ-ից մինչև 10 կմ: Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու՝ կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով:
Քարտեզը պատրաստված է մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին, որում նշված է Լյալյա-Իլյագի լեռան բարձունքը, որը գտնվում է ԼՂՀ տարածքում, դրա վրա նշված է ավիանշանառուի դիրքը և այդտեղից բանակային ավիացիայի կիրառման տարբերակները:
Հակառակորդը բանակային ավիացիային հրահանգել է պատրաստ լինել ամսի 1-2-ի գիշերը` բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնելու հարձակողական գործողություններ` ԼՂՀ հարավ-արևելյան մասով:
Ցանկացած ռազմական մասնագետ սա կընդունի որպես իրողություն և կհասկանա, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետով նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիրը կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ: Ունենք «սև արկղի» բացվածք, որի կտրվածքով կարող ենք ասել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, նա չի կիրառել դրանք, այլ կիրառել է միայն թնդանոթ, որի հեռահարությունը մինչև 1 կմ խորությամբ է: Ընդ որում, կիրառելուց ձգանը պահած է եղել մոտավորապես 2 րոպե և այդ վիճակում էլ խոցվել է մեր տղաների կողմից»,- 2016-ին ռազմական լրագրողներին մանրամասնել էր այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանը, որն այսօր անցնում է հրթիռների հայտնի գործով և գտնվում է կալանքի տակ:
Հայկական կողմը խոցել էր հակառակորդին պատկանող ևս մեկ ուղղաթիռ` Մի-8-ը, դա էլ, ինչպես հայտնել էր գեներալ Ավետիք Մուրադյանը, ամենայն հավանականությամբ, պետք է շրջափակման մեջ ընկած դիվերսիոն խմբի տարհանումն իրականացներ կամ նրանց հնարավոր օգնություն ցուցաբերեր` իջեցնելով հատուկ նշանակության ուժեր:
«Մի-8 ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածքում` անցնելով մեր տարածք մոտ 500 մ խորությամբ, որից հետո իրականացրել է հնարավոր թռիչք` վթարային վայրէջք կատարելով իրենց տարածքում` առաջնագծից մոտ 500-700 մ խորության վրա»,- շարունակել էր ԶՈՒ ավիացիայի վարչության արդեն նախկին պետը:
«Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը». նախկինների և Փաշինյանի Աղդամը
Ապրիլյան մարտական գործողությունների ոչ պակաս կարևոր, սակայն այդքան էլ չլուսաբանված գործողությունները տեղի ունեցան հենց Ակնայի (Աղդամ) ուղղությամբ: Եվ 7 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանի իշխանությունը, բանակը կարողացան պաշտպանել և չկորցնել Աղդամը՝ Ակնան:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը «Մեդիամաքսի» հետ զրույցում մանրամասնել էր.
«Հակառակորդի պլանը հետևյալն էրˋ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական` Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը: Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին և հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել և, ինչո՞ւ չէ, մարտի ընթացքում նաև հակահարձակման անցնել: Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաև Ադրբեջանը և, վայնասուն բարձրացնելով, դիմեց մարտը կանգնացնելու խնդրանքով»:
Ըստ april2016.am-ի, ապրիլի 4-ի երեկոյան՝ ժամը 17:30-ի սահմաններում, չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախույզների կողմից ավտոշարասյուներ, հրետանային մարտկոցներ են հայտնաբերվել Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գյուղերի ուղղությամբ, առանձնացված տանկային շարասյուներ՝ Ղարադաղլու, Էվօղլու և Աֆաթլու գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էվօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:
Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային զորամասի և չորրորդ պաշտպանական շրջանի դիվիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ է բացվել հակառակորդի այդ կուտակումների դեմ:
Ընդհանուր, համատեղված համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայության հրետանային ստորաբաժանումներին հաջողվել է ճնշել վերը նշված կուտակված բրիգադների ուժերը և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը:
2016-ին Արցախ կատարած այցից հետո՝ օգոստոսին, «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ իր հոդվածում «Ձախողված տանկային բլիցկրիգ» ենթավերնագրի ներքո Նիկոլ Փաշինյանը գրել էր․
«Հիմա արդեն բոլորն են ընդունում, որ չորսօրյա պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գյուղի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածն էր, որի ընթացքում ադրբեջանցիները առնվազն երեք տանկ են կորցրել և մոտ 200 զոհ տվել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊԲ-ն խորքային հետախուզության միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշված ուղղությամբ տեղի է ունենում զորքերի, տանկերի խոշոր կուտակում և որոշում է կայացվել հրետանային ծավալուն գործողություններով ցրել հակառակորդի կուտակումը: Այցի ընթացքում մեզ ներկայացվեց ապրիլի 4-ի հրետանային գործողության տեսագրությունը: Ռազմական փորձագետները համոզված են. գործողությամբ կանխվել է հակառակորդի հարձակումը Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:
Այդ դրվագում հայկական հրետանու ճշգրտությունը, իհարկե, առասպելների առիթ է դարձել, բայց տվյալ դեպքում առավել կարևոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ հայտնաբերվել է թշնամու տանկային շարասյունը, դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ է գործարկվել, ու հիմա ակնհայտ է, որ եթե այդ համակարգը չլիներ, հետախուզության սովորական միջոցները կարող էին և չհայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակություն կունենար հայկական կողմի համար: Թերևս, հենց այս դրվագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարությունը որոշել է խորքային հետախուզության այդ նույն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից»:
Իսկ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» իր կուսակցության հանրահավաքում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Քանի դեռ Պաշտոնական Բաքուն, Ադրբեջանը հայտարարում է, որ Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել։ Ու եթե ապրելու մեր պատմական ճակատագրի ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել՝ Աղդամը, այո, մեր հայրենիքն է»։
«Աղդամը իմ հայրենիքն է» ոչ գաղափարական Փաշինյանի հեղինակած քաղաքական արշավը շարունակվեց 2018-ի իշխանափոխությունից հետո և 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ:
Մասնավորապես, 2019-ի դեկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան իր էջում այն ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար, այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ակնայի նռներով լուսանկարներ էր տեղադրել՝ «Աղդամը իմ հայրենիքն» է» գրառմամբ:
Պատերազմից մի քանի օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 23-ին, այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկնել էր Սուրեն Պապիկյանի օրինակը՝ «Աղդամը իմ հայրենիքն է»:
Ինչպես նշեցինք, սա գաղափարական արշավ չէր, ոչ էլ հանուն Աղդամի, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանի պայքար, կամ նրան ընդդիմանալու ճանապարհով հայրենասեր խաղալու, հերոսանալու կեղծ փորձ:
2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում, Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ որո՞նք են Արցախի իրական սահմանները, հայտարարել էր.
«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և՝ մեր սահմանները անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում,– ասել էր նա և հավելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992թ., 1994թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է»,- ասել էր ՀՀ երրորդ նախագահը:
Հետաքրքիր է՝ այստեղ երկու կարևոր միտք կա՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» և «այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»:
Բայց վերցվեց միայն «Աղդամը մեր հայրենիքը չէ» ձևակերպումը, և ինչպես ասացինք, սրա հիման վրա ավելի ուշ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական արշավ իրականացրեցին՝ իբր հակադարձելու Սերժ Սարգսյանին, իրականում չցանկանալով ընդունել, որ դրանով դեմ են գնում առաջին հերթին իրենք իրենց:
2021-ի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր Ակնայի հետ կապված իր հայտարարությանը:
«Հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին»,- շեշտել էր ՀՀ երրորդ նախագահը:
2021-ի հունիսին Սերժ Սարգսյանն այս թեմայից խոսել էր նաև BBC-ին տված հարցազրույցում:
«Դուք ոչ մի պարագայում չէիք կարող լսել ինձնից, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները: 2001թ. ես անգամ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ… Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որպեսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք»,- ասել էր Սարգսյանը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Աղդամը հիշատակել էր 2008-ին հրատարակված «Երկրի հակառակ կողմը» գրքում։
«Անսահմանի զգացումը իրական է դառնում, երբ գիտես, թե այն մոտավորապես որտեղ է վերջանում։ Եվ ես հիշեցի Աղդամը։ Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրա կանգնած նայում ենք դեպի արևելք։ Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երևում է անսահմանը։ Մենք նայում ենք դեպի արևելք, ու ինձ թվում է, թե իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին։ Ես կանգնած եմ այստեղ, իմ արյունակից հայրենակիցների միջավայրում, այստեղ Հայաստանի օրենքներն են գործում, սա դաշտավայր է, և իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին։ Ու ես ամաչում եմ, որ չեմ մասնակցել այդ պատերազմին։ Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել։ Ի վերջո, նա ավելի համարձակ է գտնվում և ասում է,- Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին։ Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն։ Ի՞նչ է սա, կեղծի՞ք։ Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն։ Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության։ Ու մենք վերադառնում ենք. դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսվում»,- գրել է Փաշինյանը և շարունակել,- «Էս Հայաստանը հայրենիք չէ, այլ թաքնվելու, պատսպարվելու տեղ։ Դրա համար էլ մարդիկ այստեղ մի տեսակ թաքուն են ապրում, պատսպարված, տներում ուրիշ բան են խոսում։ Բա Աղդամը, էդ ինչպե՞ս ստացվեց Աղդամը։
Այս հարցի պատասխանը շատ պարզ է թվում և հասկանալի. Հայաստանում մարդիկ դուրս եկան իրենց տներից, մարդիկ մի պահ, մի քանի տարի ընդամենը դադարեցին թաքնվել, և ահա նրանց հայացքը պարպվելու տեղ ունեցավ։ Մարտի 1-ի առավոտյան ես փախչում էի Ազատության հրապարակից։ Ազատության հրապարակը ինձ Աղդամ էր թվում… Խնդիրը էստեղ հայի ու թուրքի մեջ չէ, քավ լիցի։ Խնդիրը իրավունքի մեջ է, խնդիրը ապօրինության, լկտիության բիրտ ուժի առաջ ընկրկելու մեջ է, խնդիրը կանգնելու մեջ է, խնդիրը կանգնել կարողանալու մեջ է, խնդիրը զոհելու և զոհվելու պատրաստակամության մեջ է»:
Եվ ահա, 44-օրյա պատերազմից հետո 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը Ակնան առանց կրակոցի հանձնեց Ադրբեջանին՝ «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը»:
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար, հանձնել Ադրբեջանին, իրականում, շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է այն շրջանում, երբ ընկած էր Շուշին, և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, մեղմ ասած, նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը»,- կապիտուլյացիայի մասին փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրականությունը ցույց տվեց, որ ոչ Աղդամի՝ Ակնայի, ո՛չ էլ այլ տարածքի հանձնումը փրկություն չէր, այլ Արցախի և ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող վտանգ:
Եվս մեկ անգամ հիշեցնելով Սերժ Սարգսյանի միտքը, այն է՝ «մեր սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը», հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր սահմաններն անցկացրեց և անցկացնում է այնտեղով, որտեղով Ադրբեջանը և Թուրքիան են ուզում:
Իսկ նախկին իշխանությունների օրոք՝ 2016-ի ապրիլին, հայկական զինուժի կողմից Աղդամի ուղղությամբ թշնամու հարձակման, ճեղքման փորձերի կասեցումից հետո Ադրբեջանը ՌԴ-ի միջնորդությամբ խնդրեց կանգնեցնել պատերազմը, որի մասին «5-րդ ալիքի» ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում պատմել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը. «Ապրիլի 5-ի առավոտյան զանգեց գեներալ Գերասիմովը Մոսկվայից և ասաց՝ գուցե բավակա՞ն է»:
Ի դեպ, դեռ ապրիլի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ էր արել դադարեցնել պատերազմը և հայտնել իր պատրաստակամությունը։
«Ելնելով խաղաղասիրությունից և հիմք ընդունելով միջազգային հանրության կոչերը, Ադրբեջանը որոշում է կայացրել միակողմանի դադարեցնել պատասխան ռազմական օպերացիաները: Իհարկե, փորձելու է ամրացնել գրաված տարածքները»,- նշվում էր Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Իսկ հայկական կողմը, մեր տեղեկություններով, չէր գնացել սրան, որովհետև դեռ անելիքներ ուներ:
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական գործողությունների մասին երկար կարելի է խոսել: Փաստ է՝ Ապրիլյան գործողությունները չեն տևել 4 օր, այլ զինադադարից հետո շարունակվել են, բայց չենք ունեցել տարածքային կորուստներ,
Չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:
Ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), ունեցել 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:
Ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ընդ որում, զոհերի անունները և ցուցակը չի թաքցվել, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո արեց Փաշինյանի իշխանությունը, որի պատճառով Արցախի և ՀՀ-ի տարածքային կորուստները ոչ մի կերպ չեն դադարում, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի օրերին պահվածները:
Ի դեպ, մինչ օրս Ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հանրությանը չի ներկայացվել՝ թույլատրելի սահմանում: Ավելին, երբ ժամանակին ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրությամբ դիմել էր ՀՀ գխավոր դատախազությանը՝ պարզելու՝ արդյո՞ք քրեական հետապնդում հարուցելու համար որևէ գործողություն կատարել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովը, ՀՀ Գլխավոր դատախազությունից պատգամավորին պատասխանել էին․ «2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից քրեական հետապնդում հարուցելու կամ նյութերի նախապատրաստման նպատակով ՀՀ դատախազությանը որևէ գրություն չի հասցեագրվել, տեղեկատվություն չի տրամադրվել, քրեական գործեր չեն հարուցվել»։
Սա նշանակում է՝ այնպիսի բացահայտում չի արել այդ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը, որը քրեական գործի հիմք կլիներ, չեն եղել նաև դասալիքներ, լրտեսներ, պետական դավաճաններ:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմում իրենց լավ դրսևորած հրամանատարներն ու զինվորականները, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ձախողվեցին և անցնում են քրեական գործերով, իսկ Սերժ Սարգսյանի կողմից Ապրիլյան պատերազմի համատեքստում պաշտոնանկ արվածներից ոմանց Փաշինյանը պաշտոն տվեց: Սա արդեն առանձին քննարկման թեմա է: