Կրթության որակի հետ սա կապ չունի, խանգարելու է. Կրթության ոլորտի ներկայացուցիչները՝ Ակադեմիական քաղաքի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։
Նախագծի հաստատումից հետո կնշանակվի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եռամսյա ժամկետում կձևավորվի հոգաբարձուների խորհրդի կազմ: Խորհուրդը բաղկացած է ութ անդամից:
Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Խորհուրդը հաստատում է հիմնադրամի տարեկան ծրագիրը, բյուջեն և սահմանված այլ գործառույթներ:
Նախագծի քննարկումը կտևի մինչև ապրիլի 12-ը:
Քաղաքացիներից ոմանք մեկնաբանությունների բաժնում հասցրել են իրենց կարծիքը հայտնել: Օրինակ, Գուրգեն Ալեքսանյանը կողմ է ոչ միայն բուհերի, այլև դատարանների, տոնավաճառների տեղափոխմանը, ինչպես նաև Երևանում բնակարանաշինության դադարեցմանը:
Քաղաքացի Տաթևիկ Մանուկյանն էլ կարծում է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծումն իրապես ժամանակի հրամայական է:
«Նախագծի իրականացումը, վստահ եմ, կբերի կրթության թռիչքաձև զարգացմանը: Առաջարկում եմ մշակել նաև ռազմաարդյունաբերական քաղաքի ստեղծման նախագիծ»,- գրել է նա:
Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ջուլիետա Գյուլամիրյանը չի կարծում, որ շենքերի տեղափոխմամբ ուսման որակ է փոխվում:
«Մենք մեր տեղում էլ լավ ենք աշխատում: Չեմ պատկերացնում, թե դա ինչպե՞ս է լինելու, թեև մի քանի երկրում տեսել եմ այդ պայմանները: Վստահ չեմ, որ մեզ մոտ հնարավոր է ստեղծել նման պայմաններ: Քանի՞ տարի է մեզ պետք, որ դասախոսները, ուսանողներն ընտելանան գնալ-գալուն, Ակադեմիական քաղաքի կառուցվածքին, քաղաքականությանը: Բայց այն, որ կրթության որակի հետ սա կապ չունի, հաստատ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ջուլիետա Գյուլամիրյանը:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ևս համոզված է՝ ոչինչ չի փոխվի:
«Ձևավորվելու է հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում կառավարության ներկայիս անդամներն են: Սա խանգարելու է մեր կրթական համակարգին: Այսպիսի նախաձեռնություններն ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ: Ոչ մեկը չգիտի, թե դա ե՞րբ է լինելու, ինչպե՞ս է լինելու: Երևի մտածում են՝ այստեղի շենքերը վաճառեն, տանեն այնտեղ, ինչ-որ նոր բաներ կառուցեն: Հաշվարկ էլ չկա: Եթե անգամ վաճառեն, հնարավոր կլինի՞ այդ գումարով շենքեր կառուցել: Նորմալ մեկ համալսարանի բյուջեն Հայաստանի բյուջեից մեծ է»,- նկատեց Ատոմ Մխիթարյանը:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը ևս մեզ հետ զրույցում անդրադարձել էր նախագծին՝ նշելով. «Ֆանտաստիկ բան է, որը շատ գումար է պահանջում: Եթե կան այդ գումարները, խնդրում ենք, արեք: Բայց այսօր մեր երկիրը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան ակադեմիական քաղաքը: Անվտանգային համակարգի խնդիրներ կան լուծելու: Եթե կա գումար, թող դրա վրա ծախսեն: Ակադեմիական քաղաքը թող սպասի: Մենք էլ ենք ուզում լավ պայմաններ, իրար հետ ակտիվ աշխատանք, բայց վախենում եմ, որ իրական այդ լավը չկարողանանք ստեղծել, թվացյալ մի բան ստեղծենք, որը վնասի գիտությանը»:
Անի Կարապետյան