«Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ». Փաշինյանը խաղաղության պայմանագրի՞ն է պատրաստվում
Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
Կառավարության այսօրվա նիստում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը:
Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»:
Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել Սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք այդ նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- շարունակել է Փաշինյանը:
Ի՞նչ ռիսկեր է պարունակում դիրքապահներին սահմանապահներով փոխելու որոշումը՝ հարցին, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.am–ի հետ զրույցում պատասխանեց.
«Իհարկե, այդտեղ ռիսկ կա, փաստացի մենք թուլացնում ենք այդ հատվածը, քանի որ սահմանապահների ֆունկցիոնալությունը, կահավորանքը, զինտեխնիկայի ընդհանուր հագեցվածությունն այլ է: Այսինքն, ՊՆ ստորաբաժանումներն ավելի մարտունակ են և խնդիր լուծող: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն իր բանակային ստորաբաժանումներն է բերում և տեղակայում: Ստացվում է՝ իրենք ուժեղացնում են, մենք՝ զուգահեռ թուլացնում»:
Այսինքն, հայկական կողմը դարձյալ գնում է միակողմանի զիջման, ինչպես զորքի միակողմանի հետքաշումների դեպքում, ինչը պետք է երկկողմանի լիներ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ:
Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ»:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ամիսներ հետո՝ սեպտեմբերի 13-15-ը, Ադրբեջանը, ըստ ՊՆ հաղորդագրության, պատերազմական գործողություններ սկսեց Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարելով հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ խոսնակն էլ հայտարարել էր, որ հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, և, որ ունենք զոհեր և վիրավորներ:
168.am-ը գրել էր, որ հակառակորդի սեպտեմբերյան գործողությունների ժամանակ Սյունիքի հատվածի՝ ԱԱԾ սահմանապահների պահպանությանը հանձնված ուղղությունները չէին թիրախավորվել, չէր հնչել ոչ մի կրակոց, չէր եղել ոչ մի վիրավոր:
Այսինքն, թշնամին թիրախավորել էր այն հատվածները, որի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ զինված ուժերը՝ ժամկետայիններ, պայմանագրայիններ:
ԱԱԾ-ն ավելի ուշ մեր հարցմանն ի պատասխան՝ հաստատել էր մեր այս տեղեկությունը:
«Տեղեկացնում ենք, որ 2022-ի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների օրերին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանվող տեղամասերի ուղղությամբ հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- նշվում էր ԱԱԾ պատասխան գրության մեջ:
Ի դեպ, Փաշինյանը խոստանալով, թե դիրքերի փոփոխություն չի լինելու, և առկա դիրքերում են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները փոխարինելու ՊՆ ստորաբաժանումներին, մոռանում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետում հստակ ասվում է՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Փաշինյանը մոռանում է նաև, թե ինչպես է միանձնյա հրամայել հայկական զորքերը Սյունիքից հետ քաշել, հանձնել ռազմավարական նշանակության ճանապարհները:
2020 թվականի դեկտեմբերին 168.am-ի հետ հարցազրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն ինքն էր նշել, որ բարենպաստ դիրքեր ենք ունեցել Սյունիքի հատվածում:
«Իհարկե, խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում: Մի քիչ անհասկանալի է, քանի որ, ըստ պայմանավորվածության, պետք է կանգնեին այն տեղում, որտեղ զորքը կանգնած էր: Իսկ զորքը բավականին առաջ էր կանգնած: Բայց չգիտեմ, միգուցե պայմանավորվածություններ կան, կամ այդպես ավելի հարմար էր: Ինձ թվում է` երկրի ղեկավարությունը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ավելի շատ ինֆորմացիա ունեն և որոշում են կայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Ինձ այդպես է թվում: Անձամբ ինձ համար ցավալի է, քանի որ այդ հենակետերի մեծ մասը, լավ եք հիշում, կազմակերպեցինք ինքնապաշտպանական ուժերի միջոցով և մեր զինված ուժերին աջակցելու նպատակով: Եվ պիտի ասեմ` բավականին հարմար բնագծերով, իսկ հիմա այլ պատկեր է»,- մանրամասնել էր նա:
Իսկ Deutsche Welle-ի հետ զրույցում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էլ հայտարարել է՝ եթե գարնանն Ադրբեջանը հարձակում չձեռնարկի ՀՀ-ի դեմ, իրենց առաքելությունն արդեն իսկ հաջողված կհամարեն:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքից հստակ երևում է՝ նա որոշակի համոզմունք ունի, որ Ադրբեջանն առնվազն այս փուլում ՀՀ-ի դեմ լայնածավալ գործողության չի գնա, այլապես կստացվի, որ իրենց այդ առաքելությունը ձախողվել է:
«Իրենք նախօրոք իրենց համար դաշտ են ստեղծում, որ 2-3 ամիս հետո ցույց տան, որ այդ առաքելությունը հաջողված է: Այս փուլում, չեմ կարծում, որ Ադրբեջանը խնդիր ունի ՀՀ-ի հետ լայնածավալ պատերազմի գնալու, քանի որ լավ հասկանում են, որ լայնածավալ պատերազմի դեպքում ՀՀ ԶՈՒ-ն՝ ՊԲ-ի հետ, հնարավոր է՝ որոշակի խնդիր լուծի: Երկրորդ՝ լայնածավալ պատերազմի ժամանակ տարբեր ներքաղաքական զարգացումներ էլ կարող են տեղի ունենալ, և Ալիևի համար խաղաքարտ փոխվի, դրա համար այս փուլում նա չի ուզում նման արկածախնդրության գնալ և փոքր խնդիրներ է լուծում: Իսկ դրանցից կարևորագույնն իրենց համար այս փուլում ՊԲ-ն արմատապես ոչնչացնելն ու կազմաքանդելն է, որ միջնաժամկետ կտրվածքով հետագա մարտական գործողությունների ժամանակ, որոնք կարող են տեղի ունենալ ՀՀ սահմաններին, հատկապես Սյունիքի ուղղությամբ, ՊԲ-ից վտանգ չլինի և հեշտությամբ կարողանան իրենց առջև դրված խնդիրը լուծեն: Վերադառնալով սկզբնական մտքին, հավելեմ, որ եթե ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այս փուլում շատ բարձր գնահատեր լայնածավալ պատերազմի կամ մարտական գործողությունների հավանականությունը ՀՀ-ի դեմ, նման հայտարարություն չէր անի, այլապես դա կխոսեր իրենց ձախողման մասին: Ուրեմն որոշակի վստահություն ունեն այդ հաշվով, և իրենց համար դաշտ են ստեղծում՝ մենք չլինեինք, ձեզ կկոտորեին»,- շեշտեց ռազմական վերլուծաբանը:
Հարցին՝ ՀՀ ո՞ր հատվածներում են հնարավոր ադրբեջանական սադրանքներ, Վիտալի Մանգասարյանը պատասխանեց՝ եթե Ադրբեջանը հասկանա, որ կարող է ինչ-ինչ խնդիրներ լուծել, ապա լոկալ բախումներ հնարավոր են բոլոր ուղղություններով:
«Վերջերս Երասխում զոհ ունեցանք, Տավուշի ուղղությամբ էլ հնարավոր է որոշակի գործողությունների դիմեն և բարենպաստ տեղավորվեն, քանի որ այնտեղով էլ տարբեր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ են անցնում, փորձ կատարեն մեծացնել իրենց վերահսկողությունն այդ ենթակառուցվածքների նկատմամբ»,- եզրափակեց փորձագետը: