ԱԱԾ սահմանապահ ուժերի պահպանության տարածքները վերջին գործողությունների ժամանակ չեն թիրախավորվել. թիրախում բանակն է եղել

Այս տարվա ապրիլի 14-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ:

Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ամիսներ հետո՝ սեպտեմբերի 13-15-ը, Ադրբեջանը, ըստ ՊՆ հաղորդագրության, պատերազմական գործողություններ սկսեց Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Ավելի ուշ ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, և, որ ունենք զոհեր և վիրավորներ:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում հայտնել էր, որ Ադրբեջանի զինուժը Ջերմուկի հատվածում մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, և Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է:

«Կան 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի նաև դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժաների ուղղությամբ, մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել: Եվ Իշխանասարի ուղղությամբ որոշակի՝ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն: Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը»,- հավելել էր ԳՇ պետը:

Այսինքն, թշնամին թիրախավորել է այն հատվածները, որի պաշտպանությունը իրականացնում է ՀՀ զինված ուժերը՝ ժամկետայիններ, պայմանագրայիններ:

Այլ խոսքով՝ հակառակորդի վերջին գործողությունների ժամանակ Սյունիքի հատվածի՝ ԱԱԾ սահմանապահների պահպանությանը հանձնված ուղղությունները չեն թիրախավորվել, չի հնչել ոչ մի կրակոց, չի եղել ոչ մի վիրավոր:

Ի դեպ, Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ սեպտեմբերյան հարձակումների ընթացքում գյուղին կրակոցներ չեն հասել, վնասներ չկան։

Եվ եթե Մեղրիի հատվածի այդ գործողությունների շրջանակում չթիրախավորումը կարելի է բացատրել Իրանի գործոնով, ապա ԱԱԾ սահմանապահների ուղղությամբ կրակոցների չհնչելը, հնարավոր է, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ վերը նշված հայտարարության տրամաբանության մեջ՝ «քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ», որպեսզի հետո հանգիստ առաջ քաշի խաղաղության օրակարգը, միջազգային դիտորդների տեղակայումը, զորքերի հետքաշման անհրաժեշտությունը և այլն:

Հիշեցնենք, որ հուլիսին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց զինված ուժերի տրամաբանության մեջ այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ»։

Ցավոք, Նիկոլ Փաշինյանն այս տապալված օրակարգի անհրաժեշտությունը շարունակում է արդարացնել կամ դրան հասնել 18-20 տարեկան զինվորների արյան, բանակի մարդկային և ոչ մարդկային ռեսուրսների հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս