«Երբ Ադրբեջանը պահանջ է ներկայացնում, մենք ավելի մեծ պահանջ պիտի ներկայացնենք, ինչո՞ւ այս մասին որևէ մեկը չի խոսել. գուցե քաղաքական տեսակետից հարմար չէ՞». Ռուբեն Գալիչյան

Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահն Արցախի Հանրապետության օկուպացված Թալիշ գյուղից հերթական անգամ սպառնացել էր Հայաստանին՝ «եթե Հայաստանն ուզում է ապրել 29.000 քկմ տարածքում, պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Հայաստանը և դրա հետևում կանգնած կեղծավոր երկրները պետք է լավ գիտակցեն, որ մեր դեմ ուղղված ոչ մի կեղտոտ ծրագիր չի հաջողվի։ Ադրբեջանն ունի և՛ ուժ, և՛ բարեկամներ, և՛ ամուր դիրքեր աշխարհում, և՛ ամուր կամք։ Մենք դա ցույց տվեցինք՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ հետպատերազմյան շրջանում»։

Մինչդեռ, Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունից առաջ, Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել էր, որ Հայաստանի համար 29.800 քկմ տարածքը «կարմիր գիծ» է։ Պատահակա՞ն էր Ադրբեջանի նախագահն ընդգծել 29.000 քկմ տարածքը, ո՞րն էր նման բովանդակությամբ հայտարարության նպատակը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն անդրադառնալով Ալիևի այդ հայտարարությանը, նկատեց՝ 29.800 քկմ տարածքը Խորհրդային Հայաստանի սահմաններն են, որով Հայաստանն անկախացել է։

«Այն տարածքները, որտեղ 1920-30-ականներին շուրջ 1500 կիլոմետր Ադրբեջանին են տրվել՝ որպես «Կարմիր Քրդստանի» քրդերին արոտավայրեր, բայց իրենց ծրագիրը չիրականացավ, մեր հողերն էլ մեզ չվերադարձրեցին։ Իրենց տարածքում են նաև հայկական անկլավները։ Եթե իրականությունից պիտի խոսենք, ապա իրականությունն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրության 2-րդ հոդվածում ասված է, որ իրենք ժառանգն են Ադրբեջանի Առաջին Հանրապետության՝ 1918-20 թվականների, ըստ այդմ էլ մյուս Խորհրդային Ադրբեջանը չեն ճանաչում։ Եթե այդպես է, և իրենք ժառանգորդն են 1918-20 թվականներին, ուրեմն՝ այդ ժամանակ Նախիջևանն իրենցը չէր՝ Հայաստանի վերահսկողության տակ էր, և առհասարակ անկլավներ գոյություն չունեին։ Ուրեմն՝ Ադրբեջանը սահմանադրորեն իրավունք չունի անկլավ պահանջելու, այսինքն՝ իրենց գործի դրած պահանջները՝ ըստ իրենց Սահմանադրության, հակասահմանադրական են»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։

Կարդացեք նաև

Ըստ քարտեզագետի՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում և Արցախում առաջխաղացում են ապահովում, ապա սահմանազատում պետք է իրականացնել մեկ պահանջ ներկայացնելով՝ եթե Ադրբեջանն իր զորքը հետ քաշի, այդ ժամանակ էլ գործընթաց կիրականացնեն։  140-150 քկմ տարածքը, որը գրավել է Ադրբեջանը, պետք է վերադարձնի ու հետ քաշվի Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի, Վերին Շորժայի տարածքներից։

«Եթե առանց նրանց դուրս գալու սկսում են սահմանազատումը, ապա հայկական կողմն ընդունում է, որ որտեղ կանգնած է  Ադրբեջանի զինվորը, այդ տարածքն ադրբեջանական է։ Մինչդեռ այս ամենը Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները ճանաչելուն հակասում է, այսինքն՝ 1991 թվականին, երբ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի սահմանները, այդ ժամանակ ՀՀ սահմանները Խորհրդային Միության ժամանակվա սահմաններն էին»,- հավելեց քարտեզագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօրվա աշխարհում միայն ուժն է խոսում, եթե չկա ռազմական ուժ, որպեսզի դիմադրես, ապա ոչինչ չես կարող ասել, նույնիսկ, եթե որոշակի պայմանագրեր կնքվեն։

«Ալիևը հայտարարում է, որ ուզում է  խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց Հայաստանը չի ուզում, մինչդեռ Ադրբեջանը օկուպացրել է  մեր հողը և ուզում է  այդ պայմանագիրը ստորագրեն հենց այդ պայմաններում։ Միշտ էլ այդ մարդու ասածներն իր արածներին հակասել են։ Մենք անիմաստ տեղի ենք տվել Ադրբեջանի պահանջներին։ Լաչինի շրջանը պետք է հանձնվեր պատերազմից 3 տարի հետո, ինչո՞ւ շուտ հանձնեցին, երբ տեղի են տալիս նրա պահանջներին, Ադրբեջանն ավելին է պահանջելու։ Հիմա եթե մենք Սյունիքով իրենց «միջանցք» տանք, դրանից հետո ամբողջ Սյունիքն են պահանջելու։ Նրանց պահանջները վերջ չունեն, միշտ է այդպես եղել՝ խորհրդային ժամանակներից սկսած։

Ըստ Ադրբեջանի, ինքը Հայաստանից անկլավներ է պահանջում, որովհետև այդ տարածքներում ադրբեջանցիներ են ապրել, Արցախում էլ 2 հազար տարի հայեր են ապրել, ուրեմն այն հայկական է։ Երբ Ադրբեջանը մեզ պահանջ է ներկայացնում, մենք ավելի մեծ պահանջ պիտի ներկայացնենք, ինչո՞ւ այս մասին որևէ մեկը չի խոսել։ Գուցե քաղաքական տեսակետից հարմար չէ այդպես խոսելը։ Եթե այդպես է, ուրեմն Արցախը պիտի լինի մեր վերահսկողության տակ։

Եթե Տիգրանաշենը և մյուսները տան Ադրբեջանին, ապա մեր մայրուղիների մեծ մասն իր վերահսկողության տակ է առնելու, կարող  է փակել, կարող է բացել»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։

Տեսանյութեր

Լրահոս