Բաժիններ՝

«Ազգային թատերական դպրոց»-ի մասնակիցները Մայր թատրոնում կերկխոսեն ՌԴ մշակույթի և կրթության ոլորտի գործիչների հետ

«Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագծի շրջանակում Հայաստանի մշակույթի և արվեստի ոլորտի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ մասնակցում են «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա կրթական ինտենսիվ ծրագրին: Այն մշակել և ներկայացնում են Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանը և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ​​ինստիտուտը։

Ծագիրը մեկնարկել է մարտի 24-ից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց՝ ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ալեքսանդրինյան թատրոնի ղեկավարների հետ և համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել: «Այն, ինչի ականատեսն ենք այսօր, այդ համագործակցության առաջին քայլն է: Այս կրթական ծրագիրը Ալեքսանդրինյան թատրոնի հեղինակային նախագիծն է: Մեր թատրոնն ունի «Դասարան + դասական» ոչ ֆորմալ ծրագիրը և բացի ստեղծագործական, փոխանակման և այլ ծրագրերից, պետք է փորձենք խորացնել կրթական բաղադրիչ պարունակող նախաձեռնությունները»,-ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագծի մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու թիմային թրեյնինգների: Նրանք կլսեն Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ​​ինստիտուտի առաջատար մասնագետների դասախոսությունները, կմշակեն ստեղծագործական նախագծեր, որոնց պաշտպանությունը կանցկացվի փորձագիտական ​​խորհրդի առջև։ Ծրագրի մասնակիցները բաց երկխոսություններ կունենան Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովի, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրովի, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի պրոռեկտոր Անաստասիա Յարմոշի հետ։

Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ Ալեքսանդրինյան թատրոնն առաջիկայում Սանկտ Պետերբուրգի համալսարանում կունենա «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» ուղղությամբ մագիստորոսական ծրագիր, և հայ մասնագետները ևս կարող են այդ ծրագրին մասնակցել:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն էլ հավելեց՝ համագործակցության շրջանակում Սունդուկյանի անվան թատրոնը կայցելի Սանկտ Պետերբուրգ և ոչ միայն կմասնակցի Ալեքսանդրինյան թատրոնի կազմակերպած փառատոնին, այլև ձեռնամուխ կլինի համատեղ թատերական ներկայացումներ բեմադրելուն, համատեղ շրջագայություններ իրականացնելուն և այլն:

Սեպտեմբերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Սանկտ Պետերբուրգում ռուս հանդիսատեսի դատին կհանձնի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ «Թռիչք կկվի բնի վրայով» (Քեն Քիզի) ներկայացումը, իսկ նոյեմբերին «Երևանյան միջազգային թատերական փառատոնի» շրջանակներում տեղի կունենան Ալեքսանդրինյան թատրոնի օրերը Հայաստանում:

Խոսելով «Ազգային թատերական դպրոց»-ի մասին՝ Սահակյանն ասաց, որ մասնակիցների թիվը ցույց է տալիս, որ այն պահանջարկ ունի: «Կրթական նախագծերը պետք է լրացուցիչ բազա ստեղծեն, որ այս բնագավառում գործունեություն ծավալող մասնագետները կարողանան փորձի փոխանակման միջոցով նոր նախաձեռնությունների ականատեսը դառնալ, սովորել և փորձը կիրառել ու տեղայնացնել Հայաստանում»,-շեշտեց նա:

Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովն էլ ընդգծեց, որ նոյեմբերին Երևանում անցկացվող Ալեքսանդրինյան թատրոնի օրերի ընթացքում Հայաստանի գլխավոր թատերական բեմում կներկայացվեն ռուս դասականների երկերի հիման վրա բեմադրված ներկայացումներ՝ Գոգոլի «Ամուսնությունը» (բեմադրիչ՝ Ալեքսանդրինսյան թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Վալերի Ֆոկին) և Գորկու «Արևի երեխաները» (բեմադրիչ՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Ռոշչին):

«Ստեղծագործական ծրագրերից զատ նաև լուսավորչական աշխատանք ենք իրականացնում կրթական նախաձեռնություններով, որոնցից է «Ազգային թատերական դպրոց»-ը: Հույս ունենք, որ այս ծրագիրը լավ արդյունքներ կտա, մասնակիցները պահանջված կլինեն Հայաստանի թատերական հաստատություններում և իրենց ձեռք բերած, արդեն ունեցած հմտությունների ամրապնդման շնորհիվ կկարողանան հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչել»,-ասաց Սերգեյ Եմելյանովը:

Նա չբացառեց, որ նոյեմբերին հնարավոր է նման ծրագիր իրականացնել նաև դերասանների համար:

«Ազգային թատերական դպրոց» նախագիծը Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի և Ռուսաստանի ազգային թատրոնների ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Ծրագրի պատվավոր գործընկերն է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանը։

Ծրագրի գործընկերներն են Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը (ГИТИС) և Ռուսաստանի բեմական արվեստի պետական ​​ինստիտուտը։

Այն իրականացվում է ՌԴ նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։ Կազմակերպիչն է «Ալեքսանդրինսկի» բարեգործական հիմնադրամը։ 2023 թվականի ապրիլին կմեկնարկի դպրոցի երկրորդ փուլը, որը կընդգրկի Ռուսաստանի Դաշնության ավելի քան 25 մարզեր և ուղղված կլինի մշակույթի և արվեստի մենեջերների պատրաստմանը։

Հայաստանում ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս