«Մեր պատմության մի մասն է. անկարելի է, որ Արցախը կորցնենք». Տորոնտոյի ՀՕՄ ամենօրյա վարժարանի սաների այցը Հայաստան

Տորոնտոյի Հայ օգնության միության ամենօրյա վարժարանի սաները 10 օր Հայաստանում էին: 2008 թվականից սկսած՝ ամեն տարի դպրոցի ավագ դասարանի աշակերտների համար այցելություն է կազմակերպվում հայրենիք: Այս անգամ հայրենիք է եկել 12-րդ դասարանի 15 պատանի: Աշակերտների մեծ մասը մինչ այս այցը Հայաստանի մասին ընթերցել էր միայն գրքերում, հայրենիքը ճանաչել գրքերով:

168.am-ի հետ զրույցում Հայ օգնության միության ամենօրյա վարժարանի ուսուցչուհի Սոնա Հովսեփյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո շատ ծանր զգացումներով է եկել հայրենիք:

«Շատ հուզված եմ, քանի որ այսքան զոհեր ունեցանք, քանի որ զգում ենք, թե ինչպես է թուլացել Արցախ, Սփյուռք, Հայաստան եռամիասնությունը, և թե ինչքան տկար է այդ միության մի թևը՝ Արցախը: Անշուշտ, այս 100 օրերից ավելի տևող շրջափակումը ևս չափազանց ծանր է»,- նշեց Սոնա Հովսեփյանը:

Նա համոզված է՝ հատկապես Սփյուռքի հետ կապը թուլացել է ՀՀ ներկա իշխանությունների ձեռքով:

Կարդացեք նաև

«Շատ մեծ խաղերի հետևանք է. հատուկ են անում, որպեսզի անջատեն Սփյուռքը Հայաստանից՝ ինչ-ինչ նպատակների համար:

Բայց մենք ուրախ ենք, որ Տորոնտոյում ունենք հայկական դպրոց, որտեղ կարող ենք հայեցի սերունդ կրթել, որպեսզի ճանաչեն հայոց պատմությունը, խոսեն մայրենի լեզվով և ապագայում տեր կանգնեն իրենց հայրենիքին,- ասաց Սոնա Հովսեփյանը և հավելեց՝ իրենց խումբը չի հանդիպել և չի էլ պատրաստվում հանդիպել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին,- Սփյուռքի հանձնակատարը չի ներկայացնում մեր շահերը»:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, և վերջապես կարող եմ տեսնել այն, ինչ տեսել եմ գրքերով: Շատ էի ուզում Արցախ գնալ. դժբախտաբար, հիմա չեմ կարող, բայց ապագայում, հույս ունեմ, որ կկարողանանք այցելել»,- պատմեց վարժարանի 18- ամյա սան Արամ Տիկջյանը:

Արիս Մովսեսյանը երկրորդ անգամ է Հայաստանում, առաջին անգամ եղել է 2017 թվականին: Պատերազմից հետո նոր հաղթանակի մասին է երազում Արիսը. համոզված է՝ «Միություն է պետք» հաղթելու համար:

Անուշ Հարությունյանը դեռ վաղ մանկությունից ընտանիքի հետ ամեն տարի եղել է  Հայաստանում, մի քանի անգամ եղել է Արցախում:

«Այս անգամ շատ տխուր էի, որ չկարողացանք Արցախ այցելել. մեր պատմության մի մասն է. անկարելի է, որ Արցախը կորցնենք»,- նկատեց նա:

Անահիտ Հունանյանն էլ պատմեց, որ ինքն ու իր ընկերները Կանադայում բաց չեն թողել հանուն Հայաստանի և Արցախի կազմակերպված որևէ միջոցառում. «Մեր համայնքում տարբեր բողոքի ակցիաներով մշտապես մեր ձայնն ենք բարձրացրել հանուն հայրենիքի: Կարծում եմ, որ եթե իրոք փոփոխություն ենք ուզում, պետք է Սփյուռքում, Հայաստանում ու Արցախում ապրող հայերս  իրար ավելի ու ավելի օգնենք, որովհետև ուժ կա մեր միության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս