Նախքան այս հարցերին անդրադառնալը՝ ՀՆԱ-ի մասին խոսելը տնտեսական պոպուլիզմ է. Վահե Դավթյան

Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում  է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։

«Չոր նավահանգստի» վերաբերյալ  նախագիծը դեռ դեկտեմբերին քննարկման էր ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Թեև քննարկումն ավարտվել է, սակայն այս առնչությամբ հստակ քայլեր և որոշումներ դեռևս չկան։ Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ծրագիրն իրատեսական է և այժմ գտնվում է խորը ուսումնասիրման փուլում:

168.amքաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը և հատկապես նախարարի  գերլավատեսական պատկերացումները ծրագրի առնչությամբ առ այն, որ «չոր նավահանգիստը» կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի 3%-ը:

Կարդացեք նաև

«Վատ թիվ չէ, սակայն լավ կլիներ, եթե կառավարությունը ցույց տար, թե ինչ հետազոտության արդյունքում է այն ստացվել: Միաժամանակ, պետք է հասկանանք, որ «չոր նավահանգիստը» նպատակահարմար կլինի առավելապես հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, երբ  այդ տերմինալը ցամաքային հաղորդակցություններով կապված կլինի թուրքական նավահանգիստների հետ: Այսինքն, այս հարցը պետք է դիտարկել այս հեռանկարի ներքո:

Մյուս կողմից՝ տեսականորեն այն կարող է կապված լինել նաև Փոթի և Բաթումի նավահանգիստների հետ: Եթե այդպես է, ապա խիստ ցանկալի է ձեռք բերել սեփական երկաթուղային լաստանավեր, ինչը մենք կարող էինք անել դեռևս 2019թ., երբ Ղրիմի կամուրջը կառուցելուց հետո հնարավորություն կար բավականին ցածր գնով, եթե չեմ սխալվում՝ մոտ 2 մլն դոլարով, ձեռք բերել Կերչում շահագործվող լաստանավերը: Սակայն նորաթուխ իշխանությունները մերժեցին այդ առաջարկը»,- մանրամասնեց նա:

Վահե Դավթյանը նաև արձանագրեց՝ չունենալով դերակատարում, այդ թվում՝ բաժնետիրական, չունենալով անգամ սեփական լաստանավեր՝ անիմաստ է խոսել «չոր նավահանգստի» հեռանկարների մասին:

Տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետն արձանագրեց նաև հեռավորության խնդիր:

«Միջազգային փորձն ու տրանսպորտային տեսությունը վկայում են, որ «չոր նավահանգիստը» պետք է մեծ հեռավորության վրա չգտնվի նավահանգստից. այն կիրառվում է հիմնականում մաքսային օպերացիաներ իրականացնելու, կոնտեյներային բեռները կոմպլեկտացնելու համար, և այլն: Այլ խոսքերով, «չոր նավահանգստի» հիմնական նպատակը նավահանգստի բեռնաթափումն է՝ դրանում բեռների մեծ կուտակումների բացառման նպատակով: Ցանկալի կլիներ, որպեսզի կառավարությունն անդրադառնար նաև հարցի կիրառական կողմին: Նախքան այս հարցերին անդրադառնալը՝ ՀՆԱ-ի մասին խոսելը տնտեսական պոպուլիզմի մասին է վկայում»,- պարզաբանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս