«Գործակալները վխտում են. Նիկոլը դռները բաց է թողել, ով ուզում՝ գալիս, ինչ ուզում՝ անում է Հայաստանում». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ գնալով մոտենում ենք Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունների վերջնական փուլին:

«Շատ պարզ է, որ իրենց հայտարարություններով նրանք փորձում են հանրային միտքը պատրաստել այն ամենին, ինչին փորձում են գնալ, և փորձում են շարունակաբար պատերազմի սպառնալիքը պահելով՝ դա անել: Եթե նայեք, որ դրան զուգահեռ՝ Ֆեյսբուքում լուրեր են տարածվում, որ զորքերի կուտակումներ կան, շատ պարզ է, որ փորձում են ժողովրդի վրա ազդել և նույնիսկ առանց պատերազմի հասնել այն ամենին, ինչին ցանկանում են: Այսինքն՝ պատերազմի սպառնալիքի ներքո պայմանագիր ստորագրեն, Արցախը զիջեն և ասեն՝ սա է ելքը, ուրիշ ելք չկա, կա՛մ պետք է սա ընդունենք, կա՛մ պատերազմ է լինելու, ուրիշ ելք չկա: Պարզ է, որ դրա արդյունքում տուժողը լինելու ենք մենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով 5-րդ շարասյան վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նա նկատեց.

«Նիկոլը սխալ բան չի ասել. Իրեն նայեք, իր իշխանությանը նայեք, արդեն այդ 5-րդ շարասյունը կարող եք տեսնել: Բայց բանակի մեջ 5-րդ շարասյուն լինելու, պարտության մեղքը ամբողջությամբ բարդել այդ ենթադրյալ 5-րդ շարասյան վրա, նույն Փաշինյանի ստերի շարքին կարելի է դասել:

Կարդացեք նաև

Հետաքրքիր մի հայտարարություն, ի դեպ, այդ ասուլիսում ինքը կատարեց, որ անվտանգության ծառայությունը վերջին մի քանի տարվա ընթացքում շատ-շատ ավելի լրտեսական գործունեություն ծավալելու դեպքերի բացահայտում է կատարել, և դա վերագրեց նրան, որ ինքը ճիշտ է ասում, բայց ուղղակի ծիծաղելի է, որովհետև դա խոսում է հենց իր մասին, քանի որ այնպիսի իրավիճակ է ստեղծել Հայաստանում, որ գործակալները վխտում են:

Այդ բացահայտումները ոչ թե այն պատճառով են եղել, որ նախկինում թույլ են եղել, չեն բացահայտել, այլ այն պատճառով, որ հիմա գործակալները վխտում են, իսկ նախկինում սահմաններն ամուր են եղել, 5-րդ շարասյուն չի գործել: Հիմա եթե այդքան բացահայտումներ են լինում, ու Նիկոլն էլ ասում է, որ կա 5-րդ շարասյուն, դա հենց իր թուլության ապացույցն է, որ դռները բաց է թողել, և ով ուզում՝ գալիս, ու ինչ ուզում՝ անում է Հայաստանում»:

ԱՄՆ-ում բնակվող և արևմտյան քաղաքականությանը քաջատեղյակ Ռոբերտ Մարգարյանը նկատեց՝ պետք չէ պատրանքներ ունենալ, թե Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալուց հետո արևմտյան ուժերն են գալու Հայաստան. «Մանկական երևակայություն պետք է ունենալ այդպես մտածելու համար: Փորձը ցույց է տվել, որ այս տարածաշրջանում աշխատելու այդպիսի լայն հնարավորություններ Արևմուտքը չունի: Առաջինը հենց մեր բարեկամ Իրանն է դրան բացասական արձագանքելու, դրա հետևանքը մենք տեսնելու ենք նաև Ռուսաստանի կողմից:

Արևմուտքն էլ գիտի, որ աշխատանքի լայն դաշտ չի ունենալու, բայց նրանք հնարավորինս փորձում են Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին դուրս մղել, թե դրանից հետո ինչ կլինի, իրենց համար երկրորդական է: Արևմուտքն այդքանով էլ կբավարարվի, որ Ռուսաստանին դուրս մղի Հայաստանից, բայց որ պատկերացնենք, թե հավաքական Արևմուտքը դրանից հետո գալու է և զորք տեղակայի Հայաստանում և մեզ պաշտպանի, չեմ կարծում, թե որևէ մեկը դրան հավատում է»:

Դիտարկմանը՝ արևմտամետներն ասում են, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չի անում, իսկ ԵՄ դիտորդները եկել են Հայաստան, որպեսզի այստեղ բախումներ տեղի չունենան, նա արձագանքեց. «Իհարկե, համեմատելու չէ ԵՄ դիտորդների առաքելությունը՝ ռուս խաղաղապահների առաքելության հետ: 100 հոգի եկել են, 50-ը զինված են, 50-ը՝ ոչ, և դիտորդական առաքելություն են իրականացնում, մինչդեռ ռուս խաղաղապահների գործառույթը, նրանց առաքելությունը լրիվ տարբեր է, նրանց տեղակայման վայրերը տարբեր են: Ինչքան էլ քննադատենք ռուս խաղաղապահների գործունեությունը, որ, անշուշտ, բոլորս տեսնում ենք՝ լիարժեք չէ նրանց գործունեությունը, բայց այնուամենայնիվ, նրանք են այսօր ապահովում Արցախի անվտանգությունը: Չեմ կարծում, որ որևէ մեկը ժխտի դա: ԵՄ առաքելությունը հենց այդքանն է, որ եկել են, այսինքն՝ պատկերացնել, որ 1000 կամ 2000 եվրոպական ուժեր կգան և կտեղակայվեն Արցախում, նման բան չի կարող տեղի ունենալ:

Հայաստանից ՀԱՊԿ-ի դուրս գալուց ո՛չ Հայաստանն է շահելու, ո՛չ էլ այս իշխանությունները, որոնք իրենց արտասահմանցի գործընկերների ազդեցության տակ՝ փորձում են ամեն մեկին մի կերպ բավարարել՝ ռուսներին մի կերպ բավարարել, Արևմուտքին՝ այլ կերպ: Իրենք էլ հավանաբար գիտակցում են, որ ՀԱՊԿ-ի գնալուց հետո եվրոպացիները չեն գալու այդտեղ տեղակայվեն:

Եթե նկատեք՝ Նիկոլ Փաշինյանը միջազգային ուժերի տեղակայման հարցն էլ գցեց ռուսների գրպանը, ասաց՝ եթե ռուսները չեն կարողանում առաքելություն իրականացնել, իրենք պետք է դիմեն միջազգային հանրությանը և ասեն՝ եկեք՝ մեր փոխարեն: Այսինքն՝ այդ պատասխանատվությունն էլ չի ուզում իր ուսերի վրա վերցնի, որ՝ ես ռուսներին ասում եմ՝ գնացեք, որովհետև ուրիշին եմ բերում: Նույնիսկ այդ հարցում է հույսը դրել ռուսների վրա: Ծիծաղելի է, որ ռուսներին ասում է՝ հայտարարեք, որ չեք կարողանում, գնում եմ, և եվրոպացիներին ասեք, որ իրենք գան: Այդ մարդու պատկերացումներն ինչքա՜ն ծիծաղելի են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս