Արյունահոսությունը դադարեցնող հայկական դեղն օգտագործվել է 44-օրյա պատերազմի ժամանակ․ Վիգեն Թոփուզյան

ԽՍՀՄ փլուզումից հետո «Քիմիա»-ն Հայաստանում արհամարհվեց։ Իրականում ո՞րն է այդ արհամարհանքի պատճառը, և ինչպե՞ս շահել «Քիմիա»-ի սիրտը. հարցերի շուրջ զրուցել ենք Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանի հետ։

Գիտնականները նշում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո «Քիմիան» արհամարհվեց և նեղացած մի կողմ քաշվեց։ Իրականում ո՞րն էր այդ առարկայից հեռանալու պատճառը, և ինչպե՞ս մոտենանք նրան։

ԽՍՀՄ փլուզումը ոչ միայն «Քիմիա»-ի հանդեպ բերեց անտարբերություն, այլև գիտության հանդեպ ինչ-որ փոփոխություն եղավ։ Հանրապետությունը կորցրեց քիմիական արտադրությունը, օրինակ, «Նաիրիտ»-ը, Կիրովականի գործարանները։ Դրանք մեր տնտեսության հենասյուներն էին ինչ-որ տեղ, և կորուստը, իմ կարծիքով, լուրջ վնաս պատճառեց։ «Քիմիա»-ն ոչ ժողովրդական համբավ ունեցող գիտություն է, չնայած մեր շուրջն ամեն ինչ քիմիայով է պայմանավորված՝ փայտամշակում, նոր նյութերի ստեղծում, հանքանյութի մշակում, ներկանյութեր, դեղեր։ Երևի չկա մեկ օր, որ չառնչվենք քիմիայի տված արդյունքի հետ։ Լինելով այդքան պոպուլյար՝ ժողովրդի կողմից ճանաչված չէ քիմիան։

– Իսկ պատճառը ո՞րն է, երիտասարդները կարծում են, որ եկամտաբեր չէ, դրա՞ համար չեն գնում այդ ուղղությամբ, թե՞ այլ խնդիր կա։

Կարդացեք նաև

– Եթե որպես գիտության նայենք, ապա եկամտաբերությունն առաջին հայացքից չենք տեսնի։ Դեղերի ստեղծման օրինակով ասեմ․ սինթեզի լաբորատորիայից հետո գնում են կենսաբանական լաբորատորիա, ապա՝ ֆիզիկաքիմիական։ Կողքից նայողին կթվա՝ հետազոտություն են անում, և վերջ, բայց հետո գտնվում է այն մի միացությունը, որն ունի լավ արտահայտված ակտիվություն՝ որևէ հիվանդություն բուժելու համար, և սկսվում է տարիների տաժանակիր աշխատանք՝ ապացուցելու, որ մարդու օրգանիզմին այն չպետք է վնաս տա, բացի օգուտից, ապա կլինիկական հետազոտություններից հետո մտնում է կյանք։

Ձեզ մոտ հետաքրքրությունը դեպի «Քիմիա»-ն ինչպե՞ս է առաջացել։ Գալիս է ուսուցչի՞ց։

– Պարտական եմ իմ ուսուցչին։ 7-րդ դասարանում, երբ նոր էինք սկսում սովորել առարկան, ունեինք մի ուսուցիչ, որը ոչ թե վատն էր, այլ զգում էինք, որ նվիրված չէ առարկային։ Երբ փոխադրվեցինք 8-րդ դասարան, եկավ նոր ուսուցչուհի՝ Նինա Խաչատրյանը, և ամբողջ դասարանը կլանված լսում էր, ուզում էր շատ բան իմանալ։ Նա սիրահարված էր «Քիմիա»ին, և մենք էլ իր միջոցով սիրեցինք առարկան։ Պատահական չէ, որ 9-րդ դասարանում ինձ տարավ այն ժամանակ գործող հետազոտական լաբորատորիաներից մեկը, և ղեկավարին խնդրեց, որ ինձ թույլ տա՝ գոնե օգտագործվող ամանները լվամ։ Ամեն ինչով հետաքրքրվում էի, ու ինքն ուզում էր, որ լաբորատորիա տեսնեմ, և ձեռքիցս բռնեց ու տարավ։ Լաբորատորիայում սկսեցին ինձ ոչ թե աման լվանալու, այլ փոքրիկ էքսպերիմենտների հանձնարարականներ տալ։ Ուսուցչի շնորհիվ կարողացա բավարարել իմ հետաքրքրասիրությունը և նվիրվել այդ գործին։

– Այսօր դպրոցներից բերո՞ւմ են աշակերտներին լաբորատորիաներ, կամ դուք այցելո՞ւմ եք թե՛ մարզերում, թե՛ Երևանում գործող դպրոցներ։

Աշակերտներ, ուսանողներ եթե գալիս են, մեծ հաճույքով եմ դիմավորում մեր լաբորատորիայում, որովհետև իրական ծանոթությունը ոչ թե միջանցքներում, բակերում է, այլ լաբորատորիայում։ Լաբորատորիա մտնելիս դու այն պետք է սիրես կամ չսիրես։ Իսկ լաբորատորիան ներկայացնող մարդիկ պետք է լինեն հաճելի, որովհետև, եթե մեկը հոնքերը կիտած նայի երեխաներին, վստահ եմ՝ ոչ լաբորատորիան կսիրեն, ոչ քիմիան։ Հույս ունենք, որ աշակերտներն ու ուսանողները քիմիան կսիրեն մեզ պես, որովհետև մենք սիրահարված ենք, մեծ հաճույքով ենք աշխատում, հատկապես, երբ պայմանները լավանում են։ Եղան տարիներ, որ դժվարություններ կային, բայց ֆանատ մարդիկ կան, որոնք պահեցին քիմիայով զբաղվելու մեծ ցանկությունը, ու այսօր ունենք քիմիկոսներ։ Անկախության առաջին տարիներին վատ պայմաններ էին գիտության համար, ու շատ լավ մասնագետներ հեռացան ոչ միայն ուրիշ տեղ՝ ոլորտով զբաղվելու, այլ հեռացան գիտությունից։

Ասացիք՝ շատերը ֆանատ են։ Ինստիտուտում կան մասնագետներ, որոնք 50 տարի սպասել են մի սարքավորման, մինչև ինստիտուտը ձեռք է բերել։ Ի՞նչ պարբերականությամբ են սարքավորումները փոխվում, և ի՞նչ սարքավորումների կարիք կա։

– Սարքավորումները երկար տարիներ չէին նորացվում։ 1990-ական թվականների կեսերին հաջողվեց ամերիկյան մի ֆոնդի շնորհիվ ձեռք բերել այն տարիների համար շատ լավ EMR սարք, որն աշխատեց մոտ 20 տարի։ Այլ սարքավորումների պահանջարկ ևս կար, ցավոք, հանրապետությունում չկար թանկարժեք սարքավորումների ձեռքբերման մեխանիզմ։ Լավ սարքը հնարավորություն է տալիս որակով աշխատանք կազմակերպել։ Իսկ մենք պարտավոր ենք որակով աշխատել, եթե խոսքը դեղ ստեղծելուն է վերաբերում։ Ոչ ճիշտ մեկնաբանված որևէ էքսպերիմենտ կարող է բերել սխալ եզրակացությունների և տարիների և միջոցների վատնում դառնալ։

3 տարի առաջ կարողացանք ունենալ սարքի թարմացված վիճակը, որը մեծ հնարավորություն է ընձեռում քիմիկոսներին։ Դա եղավ ԳԱԱ խնայած գումարների հաշվին։ Արժեր մոտ 600 հազար եվրո։ Իսկ հիմա Գիտության կոմիտեի շնորհիվ մեր կենտրոնը շահել է երկու շատ կարևոր սարք։ Դժվարությունն այն է, որ կա գումարը, սարքն ընտրված է, բայց կա «Գնումների օրենք», որ անպայման տենդեր արվի, այդտեղ դժվարություններ են ծագել։ Այս անգամ գումարն ունենք, սարքը չենք կարողանում բերել։ Դիմել ենք Գիտության կոմիտե, որպեսզի տրամադրի որոշակի գումար՝ գնելու մի սարք, որը կօգնի ավելի խորը և ավելի որակյալ արդյունքներ ստանալ Ալցհեյմերի բուժման կամ կանխարգելման համար դեղ կամ նյութ ստեղծելու ուղղությամբ։

Ինստիտուտը զբաղվում է սիրտ-անոթային, նյարդաբանական, ուռուցքային հիվանդությունների համար դեղամիջոցների մշակմամբ։ Քանի՞ դեղ է, որ կիրառվում է բժշկության մեջ և գրանցված է։

Ինստիտուտը կարողացել է մինչև վերջ հասցնել 14 դեղ, որոնցից մի քանիսն արտադրվում են մեր կողմից և վաճառվում են։ Օրինակ՝ «Դիտիլինը»․ վիրահատությունների ժամանակ անհրաժեշտ է լինում հարթ մկանները թուլացնել, որ վիրաբույժը հեշտ աշխատի։ «Դիտիլինը» այդ գործն է անում։  «Գանգլերոնը» սիրտ-անոթային համակարգի համար է։ Ճիշտ է, մեր ինստիտուտի անմիջական տարածքում չստեղծվեց, բայց լավագույն ատամնաբույժներից մեկի և ֆարմակոլոգի ստեղծած դեղն է, էլի արտադրում և հասցնում ենք մինչև դեղատուն։ Իշիասի համար արտադրում ենք «Թիոդին» դեղը։ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները վերջերս զանգել էին իրենց հարազատներին, թե՝ «Թիոդին» ուղարկեք՝ ամեն դեղ օգտագործում ենք, չի լավանում, մեզ վրա լավ ազդում է այդ դեղը։

Մեր արտադրությունն ինքնաֆինանսավորվող է։ Արտադրության վրա պետական միջոց չի ծախսվում։ Այստեղ է, որ պետությունը պետք է մեզ մի քիչ օգնի, որ դրսում գրանցենք։ Այսօր արտահանում ենք «Դիտիլին»-ի հումք։ Բելառուսում և Ուկրաինայում գրանցել ենք՝ շնորհիվ նրա, որ կազմակերպությունները, որոնց հումքն ուղարկում ենք, գրանցման մասն իրենց վրա վերցրեցին։

Բելառուսից «Դիտիլին»-ն արդեն դեղ դարձած՝ գալիս է Հայաստան և թանկ գնով վաճառվում, դա նորմա՞լ է։

– Դեղերի շուկայի պահանջներից մեկն այն է, որ պետք է արտադրվի շատ մաքուր, GMP պայմաններում։ Հայաստանում մի քանի դեղարտադրողներ կարողացան ունենալ այդ սերտիֆիկատը։ Կապ հաստատեցինք դրանցից մեկի՝ «Արփիմեդ»-ի հետ։ Արտադրում և հայկական շուկա ենք հանում, օրինակ, «Գանգլերոն»-ը։ «Դիտիլին»-ի դեպքում հումքն ուղարկում ենք Բելառուս, ամպուլավորում, հետ են ուղարկում մեզ մոտ։ Այդ ամպուլավորման պրոցեսը չենք կարող անել «Արփիմեդ»-ում, որովհետև որոշակի պահանջներ կան, որոնք ունի Բելառուսը։ Մեծ ցանկություն կա սա կարգավորել, սակայն առայժմ չունենք ֆինանսներ, որպեսզի ներդնենք։ Այն օրը, երբ դադարեցնենք մեր արտադրությունը, ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել։ Պետությունը չի կարող բան ասել, որովհետև ոչ մի կոպեկով չի օգնում։ Եվ այն դժվարությունները, որ հարուցում են գրանցման կամ արտադրության հետ կապված՝ մի օր կարող են հոգնեցնել, և ինստիտուտը դադարեցնի իր արտադրությունը՝ համարելով, որ դա ավելորդ բեռ է դառնում։ Չենք ուզում, որ այդ օրը գա, քանի որ վերջիվերջո տուժելու է մեր հիվանդը։

Ինչպես հասկացա՝ պետպատվեր չկա։

– Չկա ու ցավալի է։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք առաջին բանը, որ արեցինք, «Կապրոֆեր»-ի մոտ 20,000 սրվակ ստեղծելն էր։ Դեղի նշանակությունը մեծ է, որովհետև արյունահոսությունը դադարեցնող դեղ է։ Շատ պետքական էր պատերազմի դաշտում։ Փոխանցեցինք Պաշտպանության նախարարություն։ Կոպեկ չվերցրեցինք, որովհետև մեր պարտքն էր։ Հիմա պատերազմ չկա, բայց հո բանակը կա։ Կարո՞ղ են պատվիրել՝ չկա այդ պատվերը։ Մենք ունենք արյունահոսությունը դադարեցնող պատրաստի միջոց, որը պատերազմի ժամանակ օգտագործվել է։ Միայն կրակոցներից չէ, որ վնասվում են։ Կան բանակին անհրաժեշտ որոշ այլ դեղեր, և եթե բանակը պատվիրի, ընդունակ ենք դրանք արտադրել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս