Բաժիններ՝

«Աղոթում ենք, որ այս մի շաբաթն էլ շենքը չփլվի, մինչև տեղափոխվենք». Լենուղու վթարային շենքի բնակիչներին գումար են խոստացել

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ բազմաթիվ բողոքներից հետո պատկան մարմինները որոշել են իրենց խնդրին լուծում տալ:

Հանրակացարանի բնակիչներից Գայանե Պողոսյանը 168.amի հետ զրույցում ասաց, որ 2 շաբաթ առաջ իրենց հետ հանդիպել է Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, խոստացել, որ մարտի 25-ին հարցը վերջնականապես կլուծվի:

«Համայնքապետը եկել էր շենքեր, ասաց՝ մենք յուրաքանչյուր ընտանիքիդ 7 միլիոն դրամ կտանք, կասենք, թե ինչքան ժամանակ ենք տալիս, որ այս շենքերից դուրս գաք: Բայց թե գումարը ե՞րբ կտան, ի՞նչ կլինի, կոնկրետ բան չեն ասել: Ասաց՝ մարզպետի հետ վերջնական կորոշենք, մարտի 25-ին կգանք»,- ասաց վթարային շենքի բնակիչը:

Կարդացեք նաև

Նա նաև ասաց, որ արդեն բնակարան են փնտրում՝ գումարը ստանալուն պես կարողանան տեղափոխվել, քանի որ այդ շենքում 1 վայրկյան ավելի բնակվելը վտանգ է իր, ամուսնու և, իհարկե, 4 անչափահաս երեխաների համար.

«7 միլիոն դրամը մոտավորապես 17.000-18.000 դոլար է կազմում, այդ գնով անգամ մեր գյուղում է դժվար տուն գնել, բայց փնտրում ենք, դեռ չկա, բոլորը՝ 20.000, 25.000 դոլարի սահմաններում են, դեռ փնտրում ենք, թեկուզ 1 սենյականոց լինի, բայց դուրս գանք այստեղից…

Դուք մեր շենքում եղել եք, նկարահանումներ իրականացրել եք, տեսել եք, թե ինչ ահավոր վիճակ է, հիմա պատկերն է’լ ավելի վատ է, անհամբեր սպասում ենք, թե այս մի շաբաթը երբ է անցնելու, որ գան, մի լավ լուր ասեն, վերջապես մեր երեխաները դուրս գան այս անմարդկային պայմաններից և նորմալ կյանքով ապրեն: Աղոթում ենք, որ այս մի շաբաթն էլ շենքը չփլվի, մինչև տեղափոխվենք»:

Հիշեցնենք, որ 168.am-ը նախորդ տարի նոյեմբերին էր նկարահանում իրականացրել Լենուղու հանրակացարանում, ֆիքսել, որ շուրջ 70 տարվա կիսախարխուլ շենքում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ։ Մարդիկ լվացք անելու, ճաշ պատրաստելու, ինչպես նաև լողանալու համար ջուրը շենքի բակից տարաներով են տուն տանում։

168.am-ը խնդրին նաև 2023 թվականի փետրվարին էր անդրադարձել, երբ բնակիչներն ահազանգել էին, որ շենքն ամեն պահի կարող է փուլ գալ. «Մեր օրն աղոթքով է սկսվում, բոլորիս տներում սրբի նկար կա. շենքն ամեն վայրկյան կարող է փլուզվել»:

Տեսանյութեր

Լրահոս