«Ամեն դուռը բացել-փակելուց փլվում, թափվում է. ապրել չի լինում ստեղ»․ Լենուղու 4-րդ կարգի վթարային շենքում 22 ընտանիք է բնակվում
«Իմ փոքր տղեն 4 տարեկան է, իր օրորոցի մեջ պառկած է։ Էս խալիները կախել ենք, որ ծեփոնները չթափվի օրորոցի մեջ՝ երեխու վրեն։ Ամեն տարի խոսք են տալիս, որ էս վիճակից կհանեն, բայց էլի նույն վիճակն է… Էս պայմաններում ո՞վ է ապրում, ոչ մեկ։ Արեք էս վիճակից մեզ հանեք, էս վիճակով դուք ապրո՞ւմ եք, ձեր երեխեքն ապրո՞ւմ են էս վիճակով, ո՛չ»,- 168.am-ի հետ զրույցում դիմելով իշխանություններին՝ ասաց Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչներից մեկը։
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքերում 22 ընտանիք է ապրում։ Շուրջ 70 տարվա շենքերում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ։ Մարդիկ լվացք անելու, ճաշ պատրաստելու, ինչպես նաև լողանալու համար ջուրը շենքի բակից տարաներով են տուն տանում։
«Ամեն օր սենց ջուր ենք գնում բերում, բարձրացնում ենք վերև, լվանում ենք, երեխաների հիգիենան ենք որոշ չափով ապահովում, նորից վերևից էդքան ջուրը կրում, թափում ենք ցած»,- ասաց շենքի բնակիչներից մի կին։
61 տարի այս շենքում բնակվող 68-ամյա Մարիամ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել։ 2015 թվականին հարևանությամբ գտնվող 3 վթարային շենքերից մեկի բնակիչներին պետությունը փոխհատուցում է տրամադրել, իսկ մյուս 2 շենքի բնակիչները մինչ օրս շարունակում են ահ ու սարսափով ապրել ամեն պահի փլուզման վտանգի առաջ կանգնած հանրակացարանում։
«Ուղիղ 7 տարի ա՝ մենք պայքարում ենք, այ սենց թղթեր ունենք գրած՝ դիմումներ, որ չինովնիկները մակագրել են ու ոչ մի բան չեն արել։ Էս 7 տարի է՝ պայքարում ենք, գնում ենք Երևան՝ Կառավարության շենք, հենց հասնում ենք էնտեղ, մի հատ Ղազարյան կա, Ղազարյանին իջեցնում են ներքև, մի 2 բառ խոսում, ճանապարհ ա դնում մեզ։
Իշխանություններից մենք պահանջում ենք, որ էս վթարային շենքի մեջ չմնանք, մեզ փոխհատուցում տան, էս փլուզվող շենքերից դուրս գանք։
Նախանցած տարի մեր մարզպետը՝ Համբարձում Մաթևոսյանը, որ հիմա վարչապետի տեղակալն է, եկավ էստեղ էն առաջին շենքը, աշխատակիցն ուզում էր բարձրանար վերև, չթողեց, ասեց՝ չէ, չէ, չէ, չէ, չբարձրանաք հանկարծ, վտանգավոր է։ Բա մենք ո՞նց ենք մնում էստեղ, որ ինքը վախեցավ բարձրանա վերև»։
Տիկին Մարիամը չի հասկանում, թե հարցն այսքան ձգձգելու պատճառը ո՞րն է, եթե գումարի խնդիր կա, ապա ինչպե՞ս է իշխանությունը ծառայողական շքեղ ավտոմեքենաներ գնում, աշխատավարձեր ու պարգևավճարներ բաժանում, բայց իրենց հարցի լուծման համար գումար չկա.
«Պարգևավճարները որ չտան, քիչ տան, էդ պարգևավճարները թող տան մեզ, մեզնից ահավոր անապահով մարդկանց։ Չի՛ կարելի, իրենք ամեն ամիս եսիմ քանի հազար աշխատավարձ են ստանում, պլյուս՝ պարգևավճար են տալիս, ինչի՞ համար, աղքատը մնում է աղքատ, նրանք էլ նորից հարստանում են»։
Շենքի բակում հավաքված բնակիչներից երիտասարդ մի կին ևս վրդովված խոսում էր չինովնիկների աշխատավարձը հերթական անգամ բարձրացնելու որոշման մասին, մինչդեռ իրենք շարունակելու են սեփական կյանքը վտանգելով ապրել սարսափ ֆիլմի տեսարաններ հիշեցնող շենքում․
«Էս վերջում լսում եմ՝ 2023 թվականի հունվարից 140.000 դրամ նախարարների աշխատավարձն են բարձրացնում, 200.000 վարչապետի աշխատավարձն են բարձրացնում։ Լավ են անում, բան չունեմ ասելու, բայց չէ՞ որ էդ բարձրացումից առաջ մի հատ տեսեք՝ ի՞նչ արեցիք ժողովրդի համար, որ հիմա ձեզ պարգևավճարում եք։ Չէ՞ որ երկրի 48 տոկոսն աղքատ է, աղքատություն է տիրում»։
Շենքի տարեց բնակիչներից մի կին էլ ձեռնափայտով ծանր ու դանդաղ քայլերով մեզ ուղեկցեց իր տուն, որ բոլորը և հատկապես պաշտոնյաները տեսնեն, թե ինչ պայմաններում է ապրում իր բազմանդամ ընտանիքը․ «50 տարի էստեղ եմ ապրում, 50 տարի։ Հես ա շուտով կմեռնենք, ոչ մի բան էլ չենք տեսնի։ Գիշերը պառկում եմ, տեղաշորիս մեջ ես էլ եմ խոնավանում պատից, խոնավության հոտից չեմ կարողանում քնեմ»։
«Իրենք նստած իրենց աթոռին՝ էդքան գումար են ստանում, ամեն տարի, ամիսը մեկ, 2 ամիսը մեկ իրենց աշխատավարձները բարձրացնում են, մի 2 հոգու աշխատավարձ չբարձրացնեն, կարող են էս 22 ընտանիքին էս վիճակից դուրս հանեն։ Ամեն ընտանիք 3-4-5 անչափահաս երեխա ունի։ Դուրս ենք հելնում հայաթ, երեխեքի հետևից վազում ենք, ասում՝ պատի տակ մի կանգնեք, որ վերևից քարերը չթափվի ձեր գլխին»,- դժգոհեց տան անդամներից մեկը։
Շենքի մեկ ուրիշ բնակիչ էլ, որ 4 երեխա ունի, մեզ ուղեկցեց իրենց բնակարան։ Զգուշացրեց՝ զգույշ ու դանդաղ քայլել, որովհետև հատակը ճոճվում է․
«Քամիների ժամանակ հոսանքները լրիվ կպնում են իրար, կայծեր են տալիս։ Շատ ժամանակ, անձրևների ժամանակ, երեխեքին տնից դուրս ենք հանում, վախենում ենք, քամիների ժամանակ շատ վախտ գնում ենք դուրս։
Հլը նայեք, ամեն դուռը բացել-փակելուց փլվում, թափվում է, լրիվ իրար է գալիս։ Անձրևների ժամանակ այ սենց իրեն-իրեն պոկվում, թափվում է, սարքում ենք, բայց ինչքան ուզում ես՝ արա, էլի փշրվում է։ Որ երեխեքը քայլում են, ամբողջ սենյակն իրար է գալիս։
Լրիվ քանդած է, չենք կարողանում վերանորոգենք։ Չգիտեմ՝ մեր ղեկավարները, մեր պետությունը նայում է, էսքան երեխեք կան, էսքան ծերեր կան, երեխեքը մանկություն չունեն, խաղալու տեղ չունեն, ոչ մի պայման չունենք, կոմունալ պայմաններ չունենք, որ կարողանանք երեխաների հիգիենան նորմալ պահպանենք, ջուրը բերում ենք, տանը ձեռքով լվացք ենք անում, տաշտը դնում երեխաներին լողացնում ենք։ 21-րդ դարն է, մարդիկ զարգանում են, բայց մենք նույն տեղում ենք մնում։ Չգիտեմ՝ ղեկավարներն ի՞նչ են մտածում էս ամենի մասին։ Կուզեի մի հատ տեսնեին էս քյորփա երեխեքին, որ իրենց մանկությունից ոչինչ չեն հասկանում, երեխեքն ուղղակի իրենց օրն անցկացնում են, բայց մանկությունից ոչինչ չեն հասկանում։
Ասում էին՝ ապագա կա, ամեն ինչ լավ կլինի, բայց չենք տեսնում։ Կրծող կենդանիներ կան, կատու ենք պահել, որ կռիսները գիշերը երեխքին բան չանեն։ Քանի անգամ էս անկյուններից կարիճները դուրս են գալիս, վախենում ենք, խոնավությունից ինչ տեսակի, ինչ գույնի կենդանիներ են դուրս գալիս։ Սա կպցրել ենք, որ տարականները դուրս չգան․ նենց ենք վախենում»։
Վթարային շենքի 1-ին հարկում գտնվող այս բնակարանում տիկին Գոհարն ապրում է ամուսնու և 2 որդիների հետ։ Չնայած, որ բնակարանում երկու սենյակ կա, ամբողջ օրը հյուրասենյակում են անցկացնում։ Առաստաղը կախվել է ուղիղ անկողնու վրա, ամեն պահի կարող է փլուզվել։
«Բազմոցին մի տղաս է քնում, կողքը լեժանկա եմ դնում՝ մյուս տղաս է քնում, մարդ ու կին էլ գետնին ենք պառկում։ Լույսը բացվում է, ասում եմ՝ փառք Աստծո, լույս բացվեց, շենքը չի փլվել»։
Տիկին Գոհարը հպարտությամբ է նշում, որ 2 որդիներն էլ բանակում ծառայել և վերադարձել են տուն, նրանցից մեկն անգամ 44-օրյա պատերազմին է մասնակցել։ Ասում է՝ հիմա պետք է տղաներին ամուսնացնի, բայց այս պայմաններում դա անհնար է․
«Հիմա իրենց պետք է ամուսնացնեմ, տուն-տեղ կազմեն, բայց հնարավորություն չունեմ։ Ով գալիս իմանում ա, որ ստեղ են գալու հարս, չեն գալիս։ Ո՞վ իր երեխուն ստեղ կտա հարս, ինչքան էլ աշխատող, խելացի, շնորհքով տղա լինի, ո՞վ կտա երեխուն ստեղ հարս: Հիմա ո՞վ ա ջուր կրում, թափում, ո՞վ ա տաշտի մեջ լողանում, հանում թափում։ Մենք էդ կարգավիճակում ենք ապրում։
Ստեղ համ ննջասենյակ ա, համ ճաշասենյակ ա, համ էլ լոգարան ա, սաղ էս մի սենյակում ենք անում, մեր վիճակն էս ա, ամեն օր էս վիճակում ենք մենք, փլվում ա, ոնց ուզում ես՝ սարքի։
Տարեցտարի ահավոր ա լինում, ապրել չի լինում ստեղ, որ մարդ չկարողանա գնա իր սենյակը գործ անի, կամ պառկի քնի, էդ ի՞նչ ապրելամիջոց է։ Ինչի մի տեղ լինո՞ւմ է քնել, ուտել, էս ո՞ր դարում ենք ապրում»։
Լենուղու բնակիչները փոխանցեցին, որ ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին, հանդիպելու են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ։ Եթե հանդիպումը չգոհացնի իրենց, ապա կգան Երևան՝ Կառավարության շենքի մոտ ակցիա կանցկացնեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում