Հայկական պատվիրակությունը մասնակցել է հեղինակավոր Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին
Ամեն տարի գարնանը հազարավոր գրքասերներ ու գրահրատարակիչներ հավաքվում են իտալական Բոլոնիա քաղաքում՝ մասնակցելու մի բացառիկ տոնի՝ Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին։ Մարտի 6-9-ը անցկացված տոնավաճառը, որն այս տարի 60-րդ անգամ էր, կազմակերպվում է Երիտասարդների համար գրքերի միջազգային խորհրդի (International Board on Books For Young People, IBBY) կողմից։
Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառն ամեն անգամ վերածվում է գունեղ ու յուրօրինակ մի վայրի, որտեղ հայտնի հրատարակչական տները, գրողները, նկարազարդողները, թարգմանիչները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, իսկ ոլորտով հետաքրքրվող մասնագետները, հեղինակներն ու պարզապես ընթերցասերները հնարավորություն են ստանում ուսումնասիրել և բացահայտել մանկական գրականության՝ մշտապես փոփոխվող և կատարելագործվող, բազմաշերտ և յուրահատուկ աշխարհը։ Տոնավաճառի շրջանակում կազմակերպվում են համաժողովներ, քննարկումներ, շնորհանդեսներ, գրքերի ընթերցանություն, բազմապիսի այլ միջոցառումներ:
Գրական այս կարևոր իրադարձությանը Հայաստանն այս տարի ներկայացրել են Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ մանկագիր Նունե Սարգսյանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի չորրորդ նախագահի գրասենյակից, մարտի 8-ին տոնավաճառի հայկական տաղավարում տեղի է ունեցել Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը։ Այս գիրքը հրատարակվել է հայերեն, անգլերեն, իտալերեն և արաբերեն:
Տիկին Սարգսյանի 10-ամյա թոռնուհին՝ Սավաննա Սարգսյանը, որը գրքի համահեղինակն է և նկարազարդումների հեղինակը, ելույթ ունենալով միջոցառմանը՝ ասել է. «Ուրախ եմ, որ այսօր այտեղ եմ, որպեսզի կիսեմ գրքերի հանդեպ իմ սերն այլ գրքասերների հետ, խոսեմ գրքասեր լինելու կարևորության մասին»։ Հիշելով, թե ինչպես է փոքր տարիքից տատիկն իր մեջ սեր սերմանել գրքերի հանդեպ, մասնակից դարձրել բազմաթիվ արկածային դրվագների ու պատմությունների՝ Սավաննան ասել է. «Միասին խաղացել ենք գույների և կերպարների հետ, միասին ծիծաղել ու ուրախացել, միասին ստեղծել երկու հրաշալի կերպար՝ կապույտ գետաձի և վարդագույն մկնիկ, ու սկսել մեր հեքիաթային ճամփորդությունը։
Իմ ցանկությունն է, որ բոլոր երեխաները հնարավորություն ունենան գրելու, ժպտալու և գաղափարներով կիսվելու իրենց տատիկ-պապիկների կամ ծնողների հետ, ինչը կօգնի ոչ միայն ամրապնդել կապն ընտանիքի հետ, այլև զարգացնել երևակայությունը»։
Նա նշել է, որ պատմությունների և ընթերցանության հանդեպ սերն իրեն շատ է օգնել Քովիդ-19 համաճարակի ժամանակ. «Հեռավար ուսուցման ընթացքում ես կարողացա խուսափել համակարգչի նյարդայնացնող փայլուն էկրանից և փոխարենը տեսնել իմ գրքի գլխավոր հերոսների ժպտացող դեմքերը»,- ասել է Սավաննան։ Նա պատմել է նաև իր մեծ նպատակի մասին, որին հույս ունի հասնել «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հերոսների՝ Կապուտակի և Վարդուկի մասին հաջորդ գրքով, որտեղ նրանք կճանապարհորդեն Մեծ Բրիտանիայից Հայաստան, և դրանով իսկ յուրահատուկ կապ կստեղծվի հայաստանցի երեխաների հետ։
Նշելով, որ տատիկն ու ինքը բազմաթիվ ճամփորդություններ են անցել կապույտ գետաձիուկի ու վարդագույն մկնիկի հետ՝ երկու տարեկանում հյուրասենյակից մինչև այսօր արդեն տասը տարեկանում ՝ Բոլոնիա, Սավաննան ասել է. «Առանց գրքեր կարդալու մեր երևակայությունը երբեք չէր փայլատակի, և այս ամենը երբեք իրականություն չէր դառնա: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ շատ կարևոր է լինել գրքասեր»։
Մարտի 9-ին Նունե Սարգսյանը մասնակցել է IBBY-ի Եվրոպական տարածաշրջանային համաժողովի՝ «Ապահով տուն գտնելով գրքերում» խորագրով համաժողովին (IBBY European Regional Conference – Finding a Safe Home in Books): Համաժողովի նպատակն է պաշտպանել յուրաքանչյուր երեխայի՝ ընթերցող լինելու իրավունքը և մարտահրավերներով լեցուն այս ժամանակաշրջանում փոխանցել ուղերձն այն մասին, որ ոչ մի երեխա մենակ չէ՝ անկախ նրանից, թե վախի, կասկածի, կորստի, անվստահության ինչպիսի պահեր է ապրում։ Համաժողովի մասնակիցները խոսել են նաև երեխաների զարգացման մեջ գրքերի կարևոր դերի մասին։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը կարևորում է նմանօրինակ միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը՝ նշելով. «Բոլոնիայի մանկական գրքի տոնավաճառն ընթերցանության խթանման առումով շատ կարևոր հարթակ է, որովհետև այն աշխարհում ամենամեծ և միակ գրքի շուկան է, որտեղ ներկայացվում են տարբեր երկրների մանկական գրականությունն ու նկարազարդումները»։
Ռուզան Տոնոյանը, որ նաև Երիտասարդների համար գրքերի միջազգային խորհրդի (IBBY-ի) հայկական ազգային մասնաճյուղի տնօրենն է, նշում է, որ իրենք ևս ամեն տարի երեխաների ու երիտասարդների շրջանում ընթերցանության խթանմանն ուղղված մեծ աշխատանք են կատարում, որոնք ներկայացրել են նաև տոնավաճառի շրջանակում։
Նրա տեղեկացմամբ՝ IBBY-ի հայկական ազգային մասնաճյուղը Նունե Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է մանկական գրականության բնագավառում ամենակարևոր՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային մրցանակի (2024թ.)։ Հանս Քրիստիան Անդերսենի գրական մրցանակը հանձնվում է լավագույն մանկագիրներին (Հանս Քրիստիան Անդերսենի հեղինակային մրցանակ) և նկարազարդողներին (Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակ նկարազարդման համար): Ռուզան Տոնոյանի խոսքով՝ Նունե Սարգսյանը այս տարի Հայաստանի կողմից նաև ընդգրկվել է պատվո ցուցակում՝ որպես լավագույն մանկագիրներից մեկը։
«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը նույնպես կարևորում է Հայաստանի մասնակցությունը Բոլոնիայի մանկական գրքերի տոնավաճառին, ընդգծելով, որ այն մանկական գրականության և նկարազարդողների ոլորտի կարևորագույն միջոցառումն է աշխարհում։ Նա նշանակալից է համարում, որ մի քանի տարվա դադարից հետո Հայաստանը կրկին մասնակցել է այդ խոշոր միջացառմանը, թեև այս տարի առանձին տաղավար չի ունեցել: «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենը հույս ունի, որ հաջորդ անգամ մեր երկիրն առանձին տաղավարով կմասնակցի Բոլոնիայի գրքի տոնավաճառին:
Տոնավաճառի օրերին հայկական պատվիրակությունն այցելել է նաև Բոլոնիայի համալսարան: Տասնմեկերորդ դարում (1066թ.) հիմնված այս կրթօջախը համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին համալսարանը։ Այն ընդգրկված է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների շարքում:
Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Աննա Սիրինյանի հետ, նրա ուղեկցությամբ այցելել համալսարանի գրադարան, որտեղ պահվում են հայ հնատիպ գրքեր ու ձեռագրեր, ծանոթացել հայ գրական ժառանգության եզակի նմուշներին։ Պրոֆեսոր Աննա Սիրինյանը ներկայացրել է հայերեն առաջին տպագիր գրքերի բացառիկ օրինակները, ինչպես նաև Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի՝ հայոց վանքերի ու սրբավայրերի հայտնի քարտեզի (1691 թ.) պատճենը։
Բոլոնիայի համալսարանի գրադարանն ունի նաև մանկական գրքերի բաժին։ Սավաննա Սարգսյանը գրադարանին է նվիրել իր՝ «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի իտալերեն թարգմանությունը, որը կներկայացվի գրադարանի՝ նոր ստացված գրքերի շարքում: