Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ ընդգծելով խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը

Ստրասբուրգում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։

Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են անդրադառնալու Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը։ Վարչապետը բարձր է գնահատել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում Եվրամիության շարունակական աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս