Լիբանանում պատերազմի պատճառով տեղահանվել է 780 հազար մարդ
Լիբանանի սոցիալական հարցերով նախարարը Հանին աս-Սայիդը մարտի 11-ի առավոտյան նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի հարձակման սկզբից ի վեր մոտ 780000 մարդ գրանցվել է որպես տեղահանված։ Դրանցից 120000-ը բնակվում է ապաստարաններում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նախարարի խոսքով՝ նախագահ Աունի հետ հանդիպմանը քննարկել են արագ արձագանքման մարտահրավերները և տեղահանվածներին աջակցելու համար երկրին տրամադրվող մարդասիրական օգնությանն առնչվող հարցեր։
Նախարարը հավելել է, որ մարտի 10-ին Լիբանան է հասել Եվրամիության մարդասիրական օգնության ինքնաթիռը։ Օգնությունը կբաշխվի ապաստարաններում։
Ֆրանսիան ևս պաշտոնապես հայտարարել է Լիբանանին 60 տոննա մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Մարտի սկզբից Լիբանանի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ մարտի 11-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 14 լիբանանցի, ևս 26-ը վիրավորվել են։



