Հայաստան-ԵՄ անվտանգության ոլորտը մեզ համար նոր ֆորմատ է. մեկնարկը տրվել է այս տարի. Պարույր Հովհաննիսյան
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստան-ԵՄ համագործակցությունն անվտանգության ոլորտում խորանալու միտում ունի։
«Ավելի կայուն ու հեռանկարային ուղղություններ ներկայումս քննարկվո՞ւմ են, թե՞ ոչ։
Կուզենայի հետաքրքրվել նաև ՍԵՊԱ-ի մասին, ինչպե՞ս կգնահատեք կիրարկման, իրականացման գործընթացը, և արդյո՞ք ՀՀ ներքին վիճակով պայմանավորված՝ ՍԵՊԱ-ի բարեփոխման օրակարգը վերանայվում է՝ ըստ առաջնահերթությունների կատարման»,- հարց ուղղեց Թագուհի Ղազարյանը։
Պատասխանելով հարցին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ անվտանգության ոլորտը նոր ոլորտ է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներից.
«Մեկնարկը տվել ենք այս տարի հունվարից, սկսեցինք, ու առաջին նիստը տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ անվտանգության երկխոսությամբ, սա նոր ֆորմատ է, մեր հարևան երկրներն արդեն իսկ սկսել են այդ գործընթացը տարիներ առաջ։ Մեր օրակարգում նման հարց չկար, բայց իրավիճակի փոփոխությունը դա դարձրեց հրամայական։ Կարող ենք ասել, որ սա հարաբերական նոր ոլորտ է, բայց վստահ եմ՝ այս իրավիճակում շատ օգտակար»,- շեշտեց փոխնախարարը։
Ըստ նրա՝ այս երկխոսությունն ունի պարբերական բնույթ, այսինքն՝ պետք է լինեն պարբերական նիստեր, որտեղ ներգրավված են համապատասխան փորձագետներ՝ համապատասխան նախարարություններից։
«Օրակարգը երբեք այսպես չի եղել ուղղված դեպի անվտանգային խնդիրներ, իհարկե, պայմանավորված մեր սահմաններով, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Լաչինի միջանցքը և այլն։ Իհարկե, այս հանգամանքներն են, որ մեզ ստիպում են էլ ավելի խորացնել համագործակցությունն այդ ոլորտում»,- ընդգծեց Պարույր Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում