«Զախարովան ստիպված է դիմել «Շան սիրտը» ստեղծագործությանը. այն և «Անասնաֆերման» ամենաճշգրիտ արտացոլումն են այսօրվա մեր իրականության». Սերժ Սրապիոնյան

Մարտի 16-ին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ որ ոչ թե ՀՀ-ն է լքում ՀԱՊԿ-ը, այլ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ն։

Զախարովան ասել էր՝ տեսնելով Նիկոլ Վովայի Փաշինյանի հայտարարությունը, թե՝ մտավախություններ կան, որ ՀԱՊԿ-ը  դուրս կգա Հայաստանից, չգիտես ինչու, հիշել է երկու այլ մեջբերում ռուս դասականներից:

«Հիշո՞ւմ եք Բուլգակով. «Кто на ком стоял», «Շան սիրտը» և երկրորդը՝ Ստանիսլավսկի. «Надо любить искусство в себе, а не себя в искусстве»: Չգիտես՝ ինչու, ես միանգամից սա մտածեցի: Ես թողնում եմ հարցի այս հատվածը Ձեր հետագա մշակմանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին էր խոսքը: Իսկապես՝ кто на ком стоял»,- ասել է Մ. Զախարովան։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում գրականագետ Սերժ Սրապիոնյանը մեկնաբանեց, թե ինչ նկատի ուներ Մարիա Զախարովան՝ մեջբերելով Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործությունը։

Նրա բնորոշմամբ, եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հայ ժողովուրդը համարում է իրենցից մեկը, ապա Մարիա Զախարովայի ասածը հայ ժողովրդի համար շատ վիրավորական, նրա ինքնասիրությունը խոցող արտահայտություն է եղել։

«Այդ իրավունքը ինքներս ենք տվել Զախարովային, եթե հիշում եք՝ մեր մամուլում, համացանցում մշտապես նման համեմատություններ կային, երբ Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործությունն էին հիշում, նկարազարդ գրքից նկարներ էին հրապարակում։ Այդ իրավունքը մենք ենք տվել, որովհետև սուտն այսօր դարձել է մեր իրական կյանքի արտահայտման ձևը, և դա գալիս է վերևից։ Այդքան ստախոսություն, պորտաբուծություն և այդքան ցինիզմ երբևէ մեր հասարակության մեջ չի եղել, հազարավոր տարիների, դարերի ընթացքում։ Հիմա դա դարձել է կյանքի նորմ, այդ մարդը կարող է նայել ամբողջ աշխարհի, ժողովրդի աչքերին ու ստել, այն էլ՝ այնպիսի սուտ, որի հակառակը ճշմարտությունը չէ, այլ այդ ստին հակառակ ուրիշ սուտ էլ կա։ Այդ սուտն էլ նրա պահեստում կա, այս մի սուտն այստեղ ասաց, հաջորդը, որն ավելի զարհուրելի սուտ է՝ այնտեղ է ասում»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։

Ըստ գրականագետի, ակնհայտ է, որ առնվազն վերջին երեք տարիներին հայ իրականության մեջ գեներացված են հակառուսական տրամադրություններ, և ռուս դիվանագիտությունն այդ մասին սկզբնական շրջանում բավականին նուրբ ու դիվանագիտական լեզվով հասկացնում էր, որ՝ սա այն ճանապարհը չէ, որով պետք է գնաք։

«Ժողովրդի ձայնը պետությունները չեն լսում, այլ լսում են տվյալ ժողովրդին ղեկավարող պաշտոնյաների ձայնը։ Այս իմաստով ամեն մի սուտ մեր ժողովրդի գլխին դառնում է պատուհաս։ Ո՞վ չգիտի, որ ռուսը հայ չէ, Ռուսաստանը  Հայաստան չէ, բայց բոլորը գիտեն, որ արդեն 300 տարի է՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դասավորվում են անհամեմատելի ավելի բարվոք հողի վրա, քան մեր ոխերիմ թշնամիների։

Զախարովան ստիպված է դիմել «Շան սիրտը» ստեղծագործությանը, որովհետև այն և ևս մեկ այլ ստեղծագործություն՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», ամենաճշգրիտ գեղարվեստական արտացոլումն են այսօրվա մեր իրականության։ Հայաստանի բուն ներքին էութենականությունը, որը փորձում են թույնի նման սերմանել մեր երակների մեջ՝ Փաշինյանի  «Երկրի հակառակ կողմն է»։ Այս գիրքը, որը անբարոյության գագաթնակետն է, որը ամբողջովին մարդու բարոյական բջիջները քայքայում է, ինչպես աղաթթուն՝ մետաղյա կոնստրուկցիաները։ Այդպես այդ գիրքն արտահայտում է  այն ամենը, որը փորձում են ներարկել մեր ազգի ազնիվ երակներում։ Սա է իրականությունը, և Զախարովային մեղադրել՝ նշանակում է  դիլետանտություն անել։

Չեմ ուզում այլ բառեր օգտագործել, բայց ավելի պարզ միտք կարող են ասել միայն ավանակներին»,- հավելեց գրականագետը։

Շարունակելով միտքը՝ Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ արդեն 5 տարի է,  Հայաստանին վերաբերող խնդիրները լուծում են տարբեր երկրների ղեկավարներ իրենց հանդիպումներում։

«Այս մարդը մեր 5 հազար տարվա պատմությունն ավերակեց, մեզ կենդանի օրգանիզմից վերածեց լեշի, և հիմա բոլոր լեշակերները հավաքվել են մեր մեռնող մարմնի շուրջ՝ կտցահարելով այնքան, որքան կարողանում են։ Սա է ճշմարտությունը, որքան ուզում են՝ թող նեյնիմներ անեն։ Այսօր աչքովս ընկավ, որ 353 կգ ոսկի է արտահանվել թշնամական երկիր, սա նշանակում է  երկիրն անխնայորեն տանել կործանման։ Թշնամական երկրից էլ պիտի բերեն մուտացված լոլիկ ու վարունգ, իսկ այստեղից մեր ոսկին արտահանեն այնտեղ, հանքերի կռիվն էլ դրա համար է տեղի ունենում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանն անդառնալիորեն գնում է դեպի կորուստ, ավելին՝ «դժբախտ ու դժգույն» տարածքների նվիրաբերումով նա նվիրաբերում է  նաև հայ ժողովրդի գոյության հենքը։

«Մեզ մնում է  սպասել մեր ճակատագրի քաոսային լուծմանը, թե ինչ բարեգթություն կցուցաբերեն թշնամի երկրները, մեզանից հեռացած դաշնակիցները։ Այս ամենի հետևանքներն այնքան տեսանելի են, որ միայն կույր լինելու ցանկություն ունեցողները կարող են չտեսնել։ Մարդն ամենամեծ ցինիզմով հայտարարում է՝ ինչ թուղթ դեմ տան, ստորագրելու եմ, է հա, դա կարող է լինել մեր մահվան վկայագիրը, բայց նա չի թաքցնում, որ ստուգելու է»,- եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։

Նշենք, որ «Շան սիրտը» պատմվածքը Բուլգակովը գրել է 1925 թվականին: Գրողի հերոսն աշխարհահռչակ պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպիչ Պրեոբրաժենսկին է, ով փորձելով պարզել հավերժական երիտասարդության գաղտնիքը, պատահաբար հայտնաբերում է մի հայտնագործություն, որը թույլ է տալիս կենդանուն վիրաբուժական ճանապարհով վերածել մարդու: Այնուամենայնիվ, մարդու հիպոֆիզի գեղձը շան փոխպատվաստելու փորձը տալիս է բոլորովին անսպասելի արդյունք։

Մի օր պրոֆեսորը փողոցում անտեր շուն է գտնում, բերում է տուն և կերակրում, շունը գոհ է լինում իր ճակատագրից։ Այնուհետև պրոֆեսորը հիպոֆիզը պատվաստում է Շարիկին, նա կերպարանափոխվում է մարդու: Որոշ ժամանակ անց սկսում է խոսել: Ֆիլիպ Ֆիլիպիչից պահանջում է գրանցում, անուն և անձնագիր: Անունն ինքն է ընտրում՝ Պոլիգրաֆ Պոլիգրաֆիչ Շարիկով:

Շարիկովը պահպանում է շան ատելությունը կատուների նկատմամբ: Մյուս կողմից, ունի հարբեցողության հակում և սիրում է նվագել բալալայկա։

Ստանալով անձնագիր, Ֆիլիպ Ֆիլիպիչից սենյակ է պահանջում, պարզվում է՝ հրաշալի շունը վերածվել է իսկական սրիկայի։ Այնուհետև Շարիկովը տեղավորվում է աշխատանքի քաղաքային սանիտարական վարչությունում: Շարիկովն այնքան հեռու է գնում, որ պրոֆեսորը ստիպված բացահայտում է շան ամբողջ անցյալը։

Տեսանյութեր

Լրահոս