Բրյուսելյան ֆորմատը ցույց տվեց՝ բանակցություններից հետո էսկալացիան մեծանում է. պայմանավորվածությունները չեն իրագործվում. Փաշինյան

«Բրյուսելյան ֆորմատի հետ կապված վերջերս շատ ակտիվ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ ԵՄ նախագահ, իմ բարեկամ Շառլ Միշելի հետ,  որոնց արդյունքում մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ,- իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը` մանրամասնելով,- Այդ խնդիրն այն է, որ մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել: Եթե հիշում եք՝ ես 2021-ի դեկտեմբերի 14-ին, բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո  գրառում արեցի, որ մենք պայմանավորվել ենք՝ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին գործարկում ենք, որը պետք է գործի երկրների օրենքներին համապատասխան, այն երկրների, որտեղով անցնում է: Ես հենց տեղում՝ եռակողմ հանդիպման սենյակից եմ այդ գրառումն արել՝ բովանդակությունը վերստուգելով և ճշտումով՝ ճիշտ ե՞նք հասկանում՝ էս ե՞նք պայմանավորվե՞լ.  Այո, էս ենք պայմանավորվել: Եվ գրառումից հետո  կառավարության նիստում արել եմ հայտարարություն, բայց մինչև հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսվել: Ի՞նչն է պատճառը, որովհետև ուղիղ մեկ շաբաթ անց, երբ պայմանավորվածությունը պետք է գրավոր տեսքով ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել:

Բրյուսելի ֆորմատի հետ կապված մենք տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որոնք  չեն իրագործվել՝  ներառյալ գերիների ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ»:

Թվարկածին Նիկոլ Փաշինյանը հավելեց ևս մեկ նյուանս, որով թեև հաստատեց խոսույթը, որ բանակցությունների բացակայությունը բերում է էսկալացիայի վտանգի մեծացման, սակայն նաև շեշտեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում այդ վտանգը, այլև ավելացնում են.

«Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին,  որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումն ընդդեմ Հայաստանի տեղի է ունեցել Բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ասաց՝  Հայաստանն այս պահին հայտարարում է, որ համաձայն է բրյուսելյան ֆորմատով  աշխատանքը շարունակելուն, պետք է իրագործել այն, ինչ պայմանավորվել է:

«Որովհետև եթե 10-ից ավելի պայմանավորվածություն կա, որոնք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել: Այդ պայմանավորվածությունները վերաբերել են ԼՂ-ին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն: Սկսենք երկաթուղուց, սկսենք գերիների ազատ արձակումից, սկսենք զորքերի հետքաշման պայմանավորվածությունից:

ԵՄ միջնորդության հետ կապված մենք ունենք ակնհայտ փաստ, որ մենք Բրյուսելում ունեցել ենք ոչ այդքան արդյունավետ հանդիպումներ, իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով ունեցել ենք, թերևս, ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք կոնկրետ արդյունքով են պսակվել»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս