«Մեզ համար ամենակարևորը երաշխիքների ինստիտուտն է, որ պայմանագիրը կատարվի». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը քանիցս հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արդյունավետության կարևոր բաղադրիչը երաշխավորի ինստիտուտն է. կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի կոնսուլտացիաներ են եղել այս հարցի շուրջ, ո՞ւմ եք դիտարկում՝ որպես հնարավոր այդպիսի երաշխավոր, և ի՞նչ դիրքորոշում ունեն այս մասով Ռուսաստանն ու Արևմուտքը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանն ասաց, որ պետք է մտնել հարցերի էության մեջ, քանի որ բովանդակությունն ավելի կարևոր է, քան ձևը, ապա մանրամասնեց.
«Երբ մենք ասում ենք՝ երաշխավոր, մենք նկատի ունենք իրականացման երաշխիքներ: Մենք ասում ենք՝ պետք են երաշխավորներ, նկատի ունենալով, օրինակ, պետություններ, միջազգային կազմակերպություններ, միջազգային մեխանիզմներ, և դա մեր հայացքն է, մեր տեսակետն է: Բայց նաև բանակցային պրոցեսում չպետք է բացառել մի իրավիճակ, երբ մի առաջարկ կհնչի, որը կլուծի բովանդակային հարցը՝ ձևով լինելով ուրիշ:
Հիմա ամենատարբեր մեխանիզմներ կան, այդ թվում՝ երաշխիքների: Մեզ համար ամենակարևորը երաշխավորի ինստիտուտը չէ, այլ երաշխիքների ինստիտուտը, որովհետև գուցե մենք այդպես ենք պատկերացնում, մեկ էլ ասում են՝ գիտե՞ք ինչ, այ էս գործիքը, որը ձեր նկարագրած գործիքը չի, բայց ձեր բովանդակային հարցը լուծում է, և մենք ծանոթանանք դրան և տեսնենք, որ իրոք լուծում է այդ հարցը, ասենք՝ շատ լավ: Այսինքն՝ ձևը չի կարևոր, այլ բովանդակությունը»:
Ճշտող հարցին՝ Ռուսաստանը և Արևմուտքը բովանդակության մասով ինչ-որ բան ասո՞ւմ են, Փաշինյանը պատասխանեց.
«Ինձ թվում է՝ այդպիսի ըմբռնում կա, որովհետև եկեք տրամաբանորեն նայենք, հակառակը ո՞նց կարող է լինել: Մեր հարցադրումն ի՞նչ է, մենք ասում ենք՝ պետք են երաշխիքներ, որ պայմանագիրը, պայմանավորվածությունները կատարվեն, կարո՞ղ է լինել ինչ-որ մեկը, որ ասի՝ չէ, թող չկատարվեն, ստորագրեք, ի՞նչ էական է՝ կկատարվե՞ն, թե՞ չեն կատարվի: Այլ բան, որ դրա վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, տարբեր տեսակետներ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում