ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ երբ 2022թ. ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, իր հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից.
«Ես ասացի՝ գիտեք՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, և դա մեզ անհանգստացնում է: Եվ այն, ինչ տեղի է ունեցել, մենք ոչ մի բան չենք թաքցրել, տեղի է ունեցել հրապարակային, և մեր մտավախություններն արտահայտվում են տարբեր կերպ: Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մեկ գործոն ավելացնել, եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից:
Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողականորեն ենք աշխատել և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ: Մեր սկզբունքները առաջարկել ենք, որը, իմիջիայլոց, ՀՀ մասին չէ, դա նրա մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, կա՞, թե՞ չկա:
Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին: Ես ուզում եմ՝ մենք հետ գնանք 2021թ., նորից գանք, ասում էին՝ Հայաստանի բանակը մարտական գործողություններ չի անում, չի կռվում, ուզում են, որ ՀԱՊԿ-ը գա՝ Հայաստանը պաշտպանի: 2022թ. սեպտեմբերին ռազմական բախումներ տեղի ունեցան, մեկ էլ ներսից հավաստի տեղեկություններ հրապարակեցին, որ ՀՀ-ն, ճիշտ է՝ դիմել է ՀԱՊԿ-ին, բայց սխալ հոդվածով է դիմել՝ 4-րդ հոդվածով չի դիմել, հատուկ տենց դիմել են, որ ՀԱՊԿ-ը, եթե ուզենա էլ, չկարողանա որոշում կայացնել: Մի շաբաթ, 15-20 օր քննարկում էր մեր հանրությունը, որ հատուկ սխալ կետով են դիմել, որ ՀԱՊԿ-ը չկարողանա օգնության գալ:
Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բուն պայմանագրով, այլ ընդունված փաստաթղթերով: Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս»:
Մանրամասները՝ տեսանյութում