Միայն միասնությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը. ուղերձ Մայր Աթոռից

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Երևանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը, որում մասնավորապես ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում և հայրապետական մեր օրհնությունը բերում «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներին և համաժողովի բոլոր մասնակիցներին։ Դուք այսօր համախմբվել եք մեր հայրենիքի և  ժողովրդի ապահով ապագայի տեսլականով։ Գոհունակություն է մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր երկրներից և պատրաստակամ են ջանքեր ներդնել դիմակայելու ներկայումս մեր ազգի առջև հառնած մարտահրավերներին։

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մեր տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները մեր հայրենիքը կանգնեցրել են բարդ իրադրության հանդիման։ Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների առջև:  Միայն միասնականությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը և փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս