«Արցախի օդային ճանապարհի բացումն անհնարին չէ, հատկապես Հաագայի որոշումից հետո, բայց ՀՀ կառավարությունը խաղաղության օրակարգ է պարացնում». Հակոբ Ճաղարյան

Արդեն 88-րդ օրն է, ինչ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է: Ադրբեջանցի «կեղծ» բնապահպանները 120 հազար արցախահայերի հասցրել են հումանիտար աղետի շեմին՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ից միայն Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով է հումանիտար աջակցություն հասնում Արցախ՝ սնունդ, դեղորայք, կենսական առաջին անհրաժեշտության պարագաներ։ Իսկ առողջապահական ոլորտում իսկական աղետ է, բազմաթիվ հիվանդներ չեն կարողանում ժամանակին բուժում ստանալ։

Դեռևս դեկտեմբերի 19-ին ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասել էր, որ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկվի Արցախի օդային ճանապարհը բացելու ուղղությամբ, սակայն մինչև օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել։

168.amի հետ զրույցում Հակոբ Ճաղարյանը կրկին անդրադարձավ Արցախի օդային ճանապարհը բացելու հնարավորություններին և նորից ընդգծեց՝ հնարավոր է բացել Արցախի օդային ճանապարհը։

«Այդ ամենն անհնարին չէ, հատկապես հիմա, երբ կա Հաագայի միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանին պարտադրելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ Ադրբեջանն այս որոշումը չի կատարում։ Հայաստանն այս պահին ելնելով քաղաքագետների և միջազգային իրավունքի մասնագետների եզրակացությունից և առաջարկներից՝ անելիքներ պետք է ունենա։ Ադրբեջանը կոպիտ ձևով չի կատարում Միջազգային դատարանի պահանջը, ինչը ենթակա է պարտադիր կատարման։ Հայաստանն այս ամենից հետո պետք է անմիջապես դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որն Ադրբեջանին կստիպի անհապաղ կատարել Միջազգային դատարանի որոշումը։ Այս ամենի շրջանակներում կարելի է օգտագործել արդեն օդային ճանապարհի բացումը, սա կախված է Հայաստանի իշխանություններից՝ միջազգային օրենքի տառին համահունչ գործունեությունից։ Սակայն իշխանությունը դա չի անում, այլ ամբողջապես իրականացնում է ռուս-թուրքական նախագծի պահանջները։ Ժողովրդին այդ շրջափակումից հանելու, ճանապարհն ապաշրջափակելու մեթոդաբանություն չկա՝ չկա ու վերջ»,- շեշտեց Հակոբ Ճաղարյանը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն Ադրբեջանի կողմից փակելու առաջին օրերին ՀՀ իշխանությունը կարող էր Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով օդային ճանապարհը բացել, սակայն որևէ քայլ չի արվել, բացի նրանից, որ տարբեր միջոցներով իրեն զանգել ու խնդրել են, որ «շուխուռ» չգցի, «անելիքներից չշեղի»։

«Ասել են, որ դուք այդպես եք ասում, Ադրբեջանին հուշում եք մեր անելիքները։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանում իրենց նման անխելքներ են նստած, որ իրենց անելիքների հերթականությունը չեն նախատեսել։ Իրենց թվում է, թե միջազգային ասպարեզում կարելի է թաքուն որևէ բան անել, դա հնարավոր չէ։ Հիմա ամենաթունդ ժամանակն է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»,- հավելեց Հակոբ Ճաղարյանը։

Արցախի ճանապարհը փակվելուց օրեր անց, Հակոբ Ճաղարյանը դիմել էր Արցախի Կառավարությանը՝ աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու օդային ճանապարհը բացելու վերաբերյալ։ Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախի կառավարությանը դիմելուց մեկ շաբաթ հետո էլեկտրոնային փոստով փոխանցել են իր դիմումի պատասխանը։

«Ինձ պատասխանել էր նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պատասխանում նշած Համաշխարհային պարենային ծրագրի և դրա գերադաս մարմնի՝ ՄԱԿ քարտուղարությանն ուղղված երկու նամակները ես անձամբ հանձնել եմ ՄԱԿ-ի գրասենյակին։ Արցախի կառավարությունը, ի դեմս նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, լրիվ ադեկվատ պատասխան էր տվել»,- շեշտեց Հ. Ճաղարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՀ գործող իշխանություններից որևէ դրական քայլ չի սպասում։

«Իշխանության գլխավոր ղեկավարը, գլխավոր գործող անձը բացեիբաց հայտարարում է, որ ինքը չէ Արցախի պատասխանատուն, ռուսներն են։ Իսկ ռուսներն իրենց սրիկա բարեկամի նման են պահում՝ ամեն ինչ անում են հօգուտ թշնամու։ Կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանը 29.800 քկմ է, որի մի մասն արդեն հանձնել է թուրքերին։ Հայաստանի կառավարությունն այսօր խաղաղության օրակարգ է պարացնում, որը թուրքերի հետ հնարավոր չէ, չի եղել ու չի լինելու։ Թուրքիան ունի իր ծրագիրը՝ մեծ թուրանի ծրագիրը, որտեղ Հայաստանը նրանց կոկորդին կանգնած է, նրանց համար վերջին 150 տարիներին՝ Հայաստանը ոչնչացնելու ծրագիրն է գործում։

ՀՀ կառավարությունն առանց ժողովրդական ճնշման որևէ բան չի անելու, չի դիմելու ոչ ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ինչը որ նա պարտավոր է անել։ Եթե չեմ սխալվում, Ադրբեջանն առաջին պետությունն է, որը հրաժարվում է կատարել Միջազգային դատարանի որոշումը»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս