«Թռիչքների համար ուղղաթիռն ունի մի քանի սահմանափակում». Հակոբ Ճաղարյան

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը  տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորումում, Իվանյան համայնքի բուժական կետում և ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։

Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել, և նրանք մահացել են հիվանդանոցում։

Երեկ ամբողջ հասարակությունը կոչով դիմեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ ուղղաթիռներով Արցախից դուրս բերել այրվող մարդկանց, փրկել նրանց կյանքը։

Կարդացեք նաև

Իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաններն անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:

168.am-ը օդաչու-հրամանատար, ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանից հետաքրքրվեց, արդյո՞ք այսօր եղանակը թույլ չի տալիս, որպեսզի այրվածքներ ստացած արցախցիներին ուղղաթիռով տեղափոխեն Երևան և փրկեն նրանց կյանքը։ Իսկ ինչպես էին, օրինակ, 90-ականներին նման թռիչքներ կատարվում։

«Ինքս 90-ականներին Արցախ կատարած թռիչքների ժամանակ օդանավի հրամանատար եմ եղել, ոչ թե ուղղաթիռի։ Հերմետիկ օդանավի և ոչ հերմետիկ ուղղաթիռի թռիչքները՝ եղանակային պայմաններով պայմանավորված, բացարձակապես տարբեր են։ Օդանավը թռնում է և՛ գիշերը, և՛ ցերեկը, մառախուղի դեպքում կարողանում է վայրէջք կատարել։ Թռիչքների համար ուղղաթիռն ունի մի քանի սահմանափակումներ։

Քանի որ ուղղաթիռները թռիչքներ կատարում են վիզուալ թռիչքների կարգավորումների համաձայն, վատ եղանակային պայմաններում գիշերը, բարձր լեռնային գոտիներում ուղղաթիռների թռիչքները, համաձայն կարգավորումների, արգելված են»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը։

Ի դեպ, մոտ երկու ժամ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ «Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը։

Քիչ առաջ էլ նոր հաղորդագրություն տարածվեց, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:

Տեսանյութեր

Լրահոս