Վիրաբուժական ծառայության ղեկավարը կանչել է համագյուղացի իր մոտ 3 տասնյակ ընկերներին և ծեծի ենթարկել բժիշկներին
Գեղարքունիքի մարզի «Մարտունի» ԲԿ-ից 168.am-ն ահազանգ ստացավ. օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի ու վիրաբույժներից մեկի միջև:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու բժիշկ, որոնցից մեկը «Մարտունի» ԲԿ-ի վիրաբուժական ծառայության ղեկավարն է, մյուսը՝ վիրաբույժ, աշխատանքային կոնֆլիկտ են ունեցել, ինչից հետո վիրաբուժական ծառայության ղեկավարը ԲԿ է կանչում իր համագյուղացիների ընկերներին, որոնց թիվը մոտ 3 տասնյակ է եղել, ու ծեծի են ենթարկել բժիշկներին: Տուժել են նաև բուժքույրերը:
«Վիրաբուժական ծառայության ղեկավար Սիրակ Սիրականյանը մոլի ՔՊ-ական է, ու հենց էդ փաստը հաշվի առնելով՝ նրան դարձրին վիրաբուժական ծառայության ղեկավար»,- ասաց «Մարտունի» ԲԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Նրա խոսքով՝ բժիշկներից մեկին այնպես են ծեծել, որ վնասվել է վերջինիս թմբկաթաղանթը. այլ վնասվածքներ, հատկապես՝ դեմքի շրջանում, նույնպես ունի: Վերջինս անգամ վիրահատվել է:
«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ոստիկաններ էին եկել անգամ: Մեծ աղմուկ էր ու շատ մեծ ամոթ մեր համայնքի ու մարզի համար»,- ասաց «Մարտունի» ԲԿ-ի մեր աղբյուրը:
Ոստիկանությունից, սակայն, 168.am-ի հետ զրույցում չհաստատեցին խմբակային ծեծի փաստը:
«Նման հաղորդում կամ ահազանգ չի ստացվել»,- ասացին Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) լրատվական ծառայությունից:
Զրուցեցինք նաև «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ:
«Ծեծկռտուք չենք ունեցել, տեղյակ չեմ, ճիշտն ասած: Էդ ինֆորմացիան ճիշտ չեն ներկայացրել Ձեզ»,- ասաց «Մարտունի» ԲԿ-ի տնօրենը:
Ճշտող հարցին՝ այսինքն հերքո՞ւմ եք, որ ծեծկռտուք է տեղի ունեցել վիրաբուժական ծառայության ղեկավարի, նրա կողմից ԲԿ հրավիրված մոտ 3 տասնյակ մարդկանց ու ԲԿ-ի վիրաբույժների միջև, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց՝ տեղյակ չեմ:
Կրկին պնդեցինք՝ Ձեր ղեկավարած բժշկական կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունենում, ու Դուք տեղյա՞կ չեք դրանից, ինչին Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց՝ ես չգիտեմ, տեղյակ չեմ եղել, նման բան չեմ լսել:
Ուշագրավ է, որ Մարտունիում լուրեր են պտտվում, որ «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ով Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդամ է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ամեն ինչ անում է համայնքապետ դառնալու համար, ինչից հետո նրա տեղը կզբաղեցնի «Մարտունի» ԲԿ-ի վիրաբուժական ծառայության ղեկավարը:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ նախկին ՀՀԿ-ական, հիմա՝ ՔՊ-ական Անդրանիկ Հարությունյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հովանավորյալն է, և վերջինս ամեն ինչ կանի Անդրանիկ Հարությունյանին համայնքապետ դարձնելու համար:
Փաստորեն օրը ցերեկով «Մարտունի» ԲԿ-ում բժիշկների են ծեծում, նրանցից մեկն ընկնում է հիվանդանոց, վիրահատվում է, այդ մասին իմանում է ոստիկանությունը, բնականաբար, նաև Քննչական կոմիտեի մարզային բաժինը, բայց բոլորը ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել:
Հասկանալի է, որ մարզերում սոցիալական կապերը հատկապես հստակ են գործում, սակայն այն պարագայում, երբ տուժողը կամ տուժողները համաքաղաքացիներ են, երբ ամենաթողությունն ու անտերությունը ծնել է հանցանք, երբ արդեն մարդու կյանք փրկելու կոչվածն է ոտնձգություն կատարում մարդու կյանքի դեմ, թաքցնել կատարվածը, մեղմ ասած, բարոյականության հետ խնդիր ունենալ է նշանակում:
Իսկ հանցագործությունը կոծկող մարզի իրավապահները մտածելու բան ունեն, նրանց ղեկավարները՝ նույնպես: