Խաղաղության պայմանագիրը նոնսենս է. ստորագրելը կնշանակի՝ կողմերից մեկը ագրեսոր է՝ հանցագործ. Տարոն Սիմոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝  ստորև։

  • 44-օրյա պատերազմից հետո ես անընդհատ ֆիքսվում էի գործող քաղաքական իշխանության բառապաշարի վրա ու զգուշացնում, որ դրանք չեն սպասարկում հայկական շահը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից գործող վարչապետի և արտաքին գործերի նախարարի կողմից արտաբերված յուրաքանչյուր խոսք միջազգային հարաբերություններում վերագրվում է պետությանը։ Էլ չենք  խոսում այն մասին, որ քաղաքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից օգտագործվող ցանկացած բառ մեր դեմ օգտագործվում է Ադրբեջանի կողմից։
  • Պետք է զգույշ խոսել ու զգույշ քայլել, հատկապես ՀՀ պաշտոնյաները, յուրաքանչյուր բառ կարող է վերագրելի լինել պետականությանը:
  • «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումները բանակցությունները փակուղի մտցնել էր նշանակում։ Հիմա նույն մարդու սկզբունքների փոփոխությունը («Արցախը Ադրբեջան է, և վերջ»,- հեղ.) նշանակում է, որ դու վստահելի քաղաքական գործիչ չես։ Դու պետք է հեռանաս, ու պետք է գա մարդ, ով ավելի վստահելի է և իր սկզբունքների մեջ կայուն։
  • Ադրբեջանը երբեք Արցախի նկատմամբ տիտղոսակիր պետություն չի եղել։ Իրավական թիմը միջազգային դատարանում ամեն ինչ անում է այս տրամաբանության շրջանակում։ Բայց երբ քաղաքական գործիչները սրան հակադիր հայտարարություններ են անում, նույն միջազգային դատարանում դա կարող է ընկալվել՝ որպես պետության դիրքորոշման փոփոխություն, ու քննությունը տանել այն ուղղությամբ, որ դիմող կողմը դիրքորոշումը փոխել է ու հրաժարվել իր պահանջներից։
  • Եթե լինեի քննիչ կամ դատախազ, միգուցե իշխանությունների արարքներում Քրեական օրենսգրքին համապատասխանող տարրեր գտնեի, բայց հարգելով անմեղության կանխավարկածը՝ ասեմ, որ կառավարության շենքում նստած անձը կամ անձինք միգուցե բավարար գիտելիքներ չունեն։
  • Ամենամեծ հանցագործությունը գիրք չկարդալն է ու գիրք չկարդացող, կիսագրագետ մարդուն իշխանություն տալը։
  • Եթե մենք խաղաղության թեմայով պոպուլիստական հայտարարությունների մասին ենք խոսում, միգուցե դա գայթակղիչ է, բայց ռեալ պոլիտիկով զբաղվող մարդիկ պետք է հայոց պատմություն կարդային ու իմանային, որ խաղաղություն կամ չի լինում, կամ կարճ ժամանակով է լինում։
  • Պատերազմներից խուսափելու միակ տարբերակը դրանց երկարաձգելն է, մինչև քեզ ավելի հարմար ժամանակ այն կարողանաս վարել։ Սա էլ Մաքիավելին է ասել։
  • Հիմա աշխարհում տեկտոնիկ շարժումների փուլ է․ աշխարհակարգ է փոխվում։ Ցանկացած աշխարհակարգային փոփոխությունների ժամանակ մենք գործ ունենք պատերազմի վտանգի մեծացման հետ։
  • Խաղաղության պայմանագիրն իրավական տեսանկյունից նոնսենս է։ Դրանք կնքվում էին, երբ պատերազմները թույլատրելի էին: Հիմա ամրագրված է, որ պատերազմն ագրեսիա է, հանցագործություն, հետևաբար՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Խաղաղության պայմանագիր կնքելը կնշանակի, որ կողմերից մեկը հանցագործ է։
  • Խաղաղության պայմանագիր ասվածը 90-ական թվականներից եկող պոպուլիստական հայտարարություն է, երբ առաջին անգամ տարանջատում եղավ պատերազմ ցանկացող և պատերազմ չցանկացող քաղաքական ուժերի միջև։
  • Մեր հակառակորդներն իրենց ծավալապաշտական նկրտումները մեր երկրի նկատմամբ չեն թաքցնում։ Խաղաղության մասին խոսել մի պետության հետ, որը մարդկության դեմ հանցանքներ է գործել, իմ հայրենիքում էթնիկ զտումներ է իրականացրել ու սպառնում է ցեղասպանությամբ, իմ եղբայրներին ու քույրերին գերի է վերցրել, սպանել ու մասնատել, դա մարդկանց աչքերին թոզ փչել է։
  • Եթե դու ուժեղ չես, դու պետք է մահանաս։
  • – Հնարավո՞ր է՝ «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթն արդեն ՀՀ գործող իշխանությունները ստորագրել են:
  • Ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, առնվազն իրավունքի տեսանկյունից պետք է անցնի Սահմանադրական դատարանի (ՍԴ) և Ազգային ժողովի խողովակներով։
  • Դեռ 1918թ, երբ կնքվեց Բաթումի պայմանագիրը, մենք մի կերպ կարողացանք պահել 12000 քմ տարածք Երևանի և Սևանի շրջաններում։ Մենք կորցրեցինք Լոռին, Շիրակը․․․ Թուրք Քյազիմ Կարաբեքիր փաշան նման պահանջ էր դրել, որ հայերը բանակ չպետք է ունենան, միայն ոստիկանական ուժեր։ Թուրքերն այս փաստաթուղթն ունեն իրենց ձեռքի տակ։
  • Ինչպես մենք ապրում ենք Սևրի պայմանագրի երազանքով, թուրքերն էլ Բաթումի պայմանագրի մասին են երազում, այն էլ հիմա, երբ հաջողություն են արձանագրել։
  • Պատմությունը ցույց է տվել, որ երբ դու ինչ-որ բան կորցնում ես, հետո դժվար է լինում այն հետ բերել։

  • Չօգտագործել մարդկանց ռեսուրսները, ովքեր կարող են օգուտ տալ քո երկրին, ամենամեծ հանցագործությունն է։ Այո՛, ՀՀ-ում չպետք է լինի զինվորական, որը կատարի հակաիրավական արարք, որովհետև դա մեզ թուլացնում է, բայց անընդունելի է զինվորականության ռեսուրսը չօգտագործելը։
  • Պոպուլիստական տեսանկյունից դժվար է ինքդ քեզ խոստովանել, որ չես հաջողել, որովհետև դա կարող է քաղաքական իշխանության կորուստ նշանակել։
  • ՀՀ գործող իշխանությունները պիտի ժողովրդին պատասխան տան, չէ՞, ինչո՞ւ չկարողացան գերիներին վերադարձնել։ Դա չանելու համար իջեցնում են խնդիրների քանակը, չեն հայտնում գերիների իրական թիվը, առհասարակ չեն խոսում գերիների վերադարձի թեմայից… Նպատակների նշաձողն իջեցնում են, որ հասարակությանը մոլորեցնեն, ցույց տան, թե իրենց ձախողումները շատ չեն։
  • Ես չեմ խոսում անձերի մասին, բայց դատական իշխանությունը, այդ թվում՝ ՍԴ-ն, բարեփոխումների ընթացքով չի գնացել։ Ռեալ հնարավորություն կար դատական իշխանությունը բարեփոխելու, բայց դրա փոխարեն՝ գործող իշխանություններն ավելի վատացրեցին վիճակը։
  • Այն մասին, թե ինչպե՞ս կվարվի ներկայիս Սահմանադրական դատարանը, երբ Արցախի վերաբերյալ կամ «խաղաղության պայմանագիր կոչված» ինչ-որ փաստաթուղթ մտնի ՍԴ:
  • Թե այսօրվա ՍԴ-ն ինչպիսի՞ որոշում կկայացնի, չգիտեմ, չնայած, իհարկե, ունեմ վերապահումներ։ Բայց ես հույս ունեմ, որ ՍԴ դատավորները մասնագիտական բարոյականության սահմանը չեն հատի հանուն քաղաքական նպատակների։ Հույս ունեմ՝ ՍԴ-ում մեր գործընկերները ՍԴ մտնող ցանկացած փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու ժամանակ կառաջնորդվեն մասնագիտական բարոյականության գաղափարախոսությամբ։
  • Կան սկզբունքային սահմաններ, որից այն կողմ դու չես կարող այլ իրավական մեկնաբանություն տալ, այլապես դու իրավաբան չես կարող համարվել։
  • Իրավաքաղաքական առումով հղի կնոջ վրաերթից հետո քաղաքական անձը, ով պատասխանատվություն էր կրում իրավիճակի համար, պետք է հրաժարական տար, ինչպես պետք է հրաժարական տար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, երբ 15 զինվորներ հրդեհից այրվեցին զորանոցում։
  • Ոչ թե պատժի խստությամբ, այլ պատժի անխուսափելիությամբ է վերանում հանցավորությունը երկրում։
  • Մեռնեմ օրենքին… բայց օրենքը պետք է իրավաչափ լինի, իր մեջ պետք է ունենա տրամաբանություն ու իրավունքին համապատասխան պետք է լինի։
  • Քաղաքական իրավիճակով պայմանավորված օրենսդրական փոփոխությունները պատուհաս են դառնում։ Մեր օրենսդրական նախաձեռնությունների գերակա մասը չի համապատասխանում իրավական տեխնիկայի կանոններին։ Այդպես եղել է 30 տարի։
  • Մենք միջազգային ատյաններում այն ծավալով չենք աշխատանք կատարում, ինչ ծավալով կարող էինք կատարել։ Ես համարում եմ, որ սա աններելի է։
  • Ադրբեջանը մեծ ծավալի աշխատանք է տանում, բայց ապացուցողական բազա չունի։ Մենք ունենք ապացուցողական բազա, բայց դրանք հավաքվում են անհատների կողմից։
  • Մեր քննիչներն ավելի շատ պետք է զբաղվեն Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների վերհանմամբ ու նրանց գործիչների նկատմամբ հետախուզում հայտարարելու խնդիրներով, քան ներպետական առանձին գործերի վերհանմամբ։ Մեր Քննչական կոմիտեի, մեր իրավապահ համակարգի մեծ մասը պետք է լծված լիներ արցախահայության նվազագույն իրավունքների պահպանմանը, Ադրբեջանի կատարած հանցագործությունների վերհանմամբ։ Սա պետք է լինի մեր առաջնային նպատակը։
  • Ես պնդում եմ, որ մեր ունեցած իրավական գործիքներն ամբողջ ծավալով չենք օգտագործում Ադրբեջանին միջազգային պատասխանատվության բերելու հարցում, ի հակադրություն Ադրբեջանի, որն իր բոլոր ազատ ռեսուրսներն օգտագործում է ընդդեմ Հայաստանի։
  • Փաստաթղթերին կարելի է հղում կատարել, բայց պետք չէ դրանք մեկնաբանել այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում։
  • Քաղաքական շահով պետք է զբաղվեն կուսակցությունները։
  • Այն ժամանակ մենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի հետ կապված առաջարկների փաթեթ ներկայացրեցինք, բայց մեր ոչ մի առաջարկ չընդունվեց։

Կարդացեք նաև

  • Եթե ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը նորմալ աշխատեցնեն, ապա այն մահակ չի դառնա, և եթե աշխատեցնեն քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, այն նորմալ չի աշխատի, քաղաքական մահակ կդառնա։
  • Եթե ծախսում ենք 100 միլիոն դոլար՝ 50 միլիոն դոլար հետ բերելու համար, որքանո՞վ է այն նպատակահարմար երկրի բյուջեի համար։
  • Վենետիկի հանձնաժողովն իր կարճ եզրակացության մեջ գրել է՝ կան հարցեր, որոնք կամ ԱԺ-ն, կամ ՍԴ-ն պետք է հստակեցնեն, որ իրավունքը կիրառող մարմինն իմանա՝ ինչ անի։
  • Ես մտածում էի, որ ապօրինի ծագում ունեցող գույքով գործերի քննությունը կկասեցնեն, մինչև ՍԴ-ի որոշումը, բայց չկասեցրեցին։ Ես կարծում եմ՝ սա սխալ իրավական մոտեցում է։
  • Կարող է առաջանալ իրավիճակ, որ «վեթի՜նգ, վեթի՜նգ» ասելով՝ պրոֆեսիոնալ դատավորներին համակարգից հանեն, իսկ վատ վարքագիծ ու համբավ ունեցող դատավորներին պահեն։
  • Նոյեմբերի 10-ից հետո իմ համոզմունքները խտացան մի կետի վրա՝ միմյանց ու հանրությանը պետք է ինտենսիվ վարակել գիտելիքով ու առաքինությամբ։ Գիտելիք ու առաքինություն ունեցող մարդկանց մեծամասնություն ունենալու դեպքում քաղաքական իշխանությունը չի կարող այն վարքագիծը դրսևորել, ինչն անում է հիմա։
  • Ինչ-որ մեկին միշտ խաչում են, որ հասարակությունն առաջ գնա, և խաչվողը դա գիտակցում է։
  • Մեր տարածաշրջանում մենք իրավունք չունենք չլինել խելացի, դիվանագետ, չօգտագործել ունեցած մարդկային ռեսուրսները:
  • ՀՀ-ում պաշտոնյաները պետք է խոսեն մաքուր ողջամտությամբ՝ հեռու հուզականությունից և պոպուլիզմից:

Տեսանյութեր

Լրահոս