Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, տեղին եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովային

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կար դեռ նախորդ տարվանից, պարզապես քաղաքական կամք էր պետք Ադրբեջանի կողմից։

«Հույս ունենք, որ այս գործընթացը, որը տեղի է ունենում, ևս մեկ ազդակ է, որ այդ պրոցեսը պետք է և հնարավոր է շատ արագ ավարտին հասցնել, որովհետև հայկական կողմն այդ ուղղությամբ գնալու է և աշխատանքներ է իրականացնելու մշտապես»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրում ամբողջովին արտացոլված են Ադրբեջանի մոտեցումները, ԱԺ նախագահն ասաց, որ ամբողջովին միջազգային նորմեր են դրված, որ նաև ՀՀ իշխանության մոտեցումներն են։

«Բոլոր այն հարցերը, որտեղ կան հակասություններ, հայկական կողմը դրանք մերժում է, և դրա ապացույցն այն է, որ խաղաղության պայանագիրն արդեն որերորդ անգամ գնում-գալիս է։ Ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետև իրենք իրենց առաջարկներն ուղարկում են, մենք էլ ասում ենք՝ սա էլ մեր առաջարկներն են, դրա համար այս պրոցեսն այսքան երկարում Է։ Հիմնական տարաձայնություն չկա, հերթով գնում ենք, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում։ Շատ կարևոր է, որ երկակի մեկնաբանության տեղ չթողնենք։ Բոլոր ձևակերպումները երկու կողմի համար պետք է հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ չասեն՝ դու ինձ այստեղ այս բանն ես խոստացել, դու՝ այլ բան»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՌԴ Պետդումայից ուղարկված գրությանը՝ ուղղված ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ՌԴ Պետդումայից որևէ գրություն չի ստացել։

«Ում ուղարկել են, նրան հարցրեք այս մասին։ Եթե չեմ սխալվում, շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանն ուղարկել է։ Ուղղակի այդ րոպեին տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել, այդպես է արձագանքել։ Գրությունն ուղարկել են Սարգիս Խանդանյանին, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է, դա ինձ չի վերաբերում։ Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, տեղին եմ ասել։ Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է, և իրենց պատկերացումներն այդպիսին են։ ՀՀ-ում իշխանությունը, նաև ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս