Թուրքիան մտադիր է hեղուկ գազի խոշոր մատակարար դառնալ

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Թուրքիան կարևոր քայլեր է իրականացնում հեղուկ գազի խոշոր մատակարարի կարգավիճակում հայտնվելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է հանքարդյունաբերության կանոնադրությունում և որոշ այլ կանոնադրություններում փոփոխություն անելու մասին օրենքի նախագիծը:

Ապա նաև բացատրվում է, որ այս փոփոխություններում տեղ գտած կետերից մեկի համաձայն, Թուրքիան կարող է աշխարհի տարբեր շուկաներ հասցնել թե՛ տեղական արտադրության բնական գազը, և թե՛ ներկրվող և ապագայում ներկրվելիք բնական գազը՝ այն վերածելով հեղուկ գազի (LNG):

Ընդգծվում է, որ այդ նպատակով նաև առաջիկայում կառուցվելու են այնպիսի կենտրոններ, որոնց միջոցով հնարավոր կլինի բնական գազը փոխել բնական հեղուկ գազի, ապա՝ դուրս բերել արտաքին շուկաներ:

Թուրքական մամուլը, հղում անելով Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարարության հետ կապ ունեցող աղբյուրներին, գրում է, որ նմանատիպ կենտրոնները առաջիկայում կստեղծվեն մասնավոր սեկտորի և կամ հասարակական շրջանակների կողմից կատարվելիք ներդրումների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս