Փոփոխություններ՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննական թեստերում

Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պատմության քննական թեստերից հանվել են Վարդերի հեղափոխության, Սաակաշվիլիի կառավարման տարիների և օկուպացիայի մասին հարցերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաց լեզվի, Վրաստանի պատմության և սահմանադրական իրավունքի հիմունքների քննության նոր կանոններն ուժի մեջ են մտել 2024 թվականի մայիսի 1-ից։

Թեստերից հանվել են «որ երկիրն է օկուպացրել Վրաստանի տարածքի 20 տոկոսը», «որ երկիրն է ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո անկախությունը» հարցերը։

Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կառավարման տարիներին կատարված իրադարձությունների վերաբերյալ երեք հարցերը ևս հանվել են, մասնավորապես.

  • Ո՞ր թվականին է երկրում տեղի ունեցել Վարդերի հեղափոխությունը:
  • Ո՞վ է եղել Վրաստանի երրորդ նախագահը։
  • Ո՞վ է իշխանության եկել Վարդերի հեղափոխությունից հետո։

Նոր թեստերում հարցեր չկան նաև երկրի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի, ինչպես նաև Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի մասին։ Հետևյալ հարցը ևս հանվել է․

Թվարկված երկրներից ո՞րն է Վրաստանի ռազմավարական գործընկերը՝ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Հարավ Աֆրիկյան հանրապետությունը, թե՞ Բրազիլիան։

Քաղաքացիություն ստանալ ցանկացողներին այլևս չի տրվի նաև այս հարցը․ ստորև թվարկվածներից ով է պարգևատրվել Վրաստանի ազգային հերոսի շքանշանով՝ Իոսիֆ Ստալինը, Լեխ Կաչինսկին, Վլադիմիր Պուտինը, թե Ուգո Չավեսը (ճիշտ պատասխանը՝ Կաչինսկին)»։

Նոր թեստերում ռուս-վրացական պատերազմի մասին ևս հարց չկա, սակայն կա հարց Շինդիսի պայքարի մասին։

Թեստերում հարց է ավելացվել Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, ընդգծվել է, որ այն ստորագրվել է 2014 թվականին՝ «Վրացական երազանքի» կառավարման ժամանակ։

Վրաստանի պաշտոնական գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել թեստերում կատարված փոփոխությունները, որոնք հասարակության շրջանում արդեն բուռն արձագանքի են արժանացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031