Ռազմագերիների վերադարձի խնդիրն առկախված է քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակով. Սիրանուշ Սահակյան
Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում արձանագրեց՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը քաղաքական շահարկումների առարկա է դարձել:
«Մենք գործ չունենք ռազմագերիների մարդասիրական խնդիրների հետ, այլ պատանդառության երևույթի հետ, երբ ռազմագերիները որպես պատանդներ՝ պահվում են քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակով,- պարզաբանեց իրավապաշտպանը, ապա անդրադառնալով այդ հարցում դրական տեղաշարժերի մասին ակնկալիքներին՝ նկատեց,- Քանի որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված զարգացումների ֆոնին լարվել են քաղաքական հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, քաղաքական օրակարգում առաջընթաց արձանագրված չէ, անտեսվել են ռազմագերիների խնդիրները, և մենք չունենք որևէ տեղաշարժ: Ռազմագերիների վերադարձի խնդիրն առկախված է»:
Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ օրինաչափություն է արդեն, երբ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերադարձը կապվում է քաղաքական ինչ-ինչ իրադարձությունների հետ, կամ կոնկրետ պահանջների բավարարման:
«Գնահատում ենք, որ սրված է վիճակը. ավելին՝Ադրբեջանը ՄԱԿ-ի որոշումը կատարելուն ուղղված գործելակերպ չի դրսևորում և որոշակիորեն նաև իր վարքագծով մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը, և քանի դեռ այս սուր եզրերը չեն հարթվել դիվանագիտական ջանքերի շնորհիվ, մենք կարճաժամկետ հեռանկարում դրական տեղաշարժ չենք ակնկալում»,- հավելեց նա:
Հարցին՝ արդյո՞ք այդ հարցում այսօր Հայաստանի ներդրած դիվանագիտական ջանքերը բավարար են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ռազմագերիների վերադարձի խնդրով ամենամեծ բացթողումն այն է եղել, որ ինքնավար ձևով չեն դիտարկել այդ խնդիրը (այսինքն՝ չեն դիտարկել՝ որպես ինքնուրույն մարդասիրական խնդիր, որը ենթակա է լուծման՝ անկախ քաղաքական զարգացումներից):
Այս խնդիրն Ադրբեջանը բերել է քաղաքական օրակարգ, այդ խաղի կանոններն ընդունել է հայկական դիվանագիտությունը: Ռազմագերիների հարցն ինքնուրույնաբար չի բարձրաձայնվել պաշտոնական մակարդակում այն տեսքով, որ` Ադրբեջանն իր միջազգային մարդասիրական պարտավորությունները չի կատարում, և դրանց չկատարման պարագայում միջազգային հանրությունը պետք է արձագանքի կոշտ մեթոդներով, քանի դեռ մարդասիրական խնդիրները լուծված չեն, չեն շարունակվելու քննարկումները քաղաքական հարցերի շուրջ: Նման ելակետերից հայկական դիվամագիտությունը հանդես չի եկել»:
Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ այս փուլում հայկական կողմի հնարավորություններն առավել սահմանափակ են, որովհետև լեգիտիմացվել է ռազմագերիների խնդրի լուծումը քաղաքական ճանապարհով:
«Իսկ քաղաքական հարթակում այնքան էլ արդյունավետ չէ հայկական դիվանագիտությունը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառներին բոլորս տեղյակ ենք՝ բուն պատերազմի արդյունքը, ավելի մեծ ռազմավարական շահերը գերտերությունների և Ադրբեջանի միջև, իսկ սուբյեկտիվը՝ բանակցող դիվանագետները չունեն անհրաժեշտ որակներ արդյունավետ բանակցություններ վարելու համար: Եվ այս համակցության մեջ մենք չենք պատկերացնում, որ ՀՀ-ն ինքնուրույնաբար ունակ կլինի լուծել արտաքին քաղաքական օրակարգի որևէ հարց»,- պարզաբանեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, դեռ 2021 թվականին նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «գերիները մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»: Սա հանրային զայրույթի, քննադատության ալիք էր բարձրացրել: Ընտրություններն անցան, սակայն այսօր այդպես էլ հայրենիք չեն վերադարձվել իրավապաշտպանների տվյալներով գերության մեջ գտնվող 80 անձ։
Ի դեպ, Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։