Մուտքանունը՝ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» բանակցություններն առցանց ձևաչափով կամ օնլայն ռեժիմով անցկացնելու մասին  Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը (Բայրամովը, իհարկե, արդեն ասել է, թե դա այդքան էլ արդյունավետ չէ, բայց տվյալ դեպքում, կարևոր չէ), բացի այդ երկրի հետ վարվող ստվերային գործընթացի մասին հերթական բացահայտումից, նաև խիստ խորհրդանշական իմաստ է պարունակում։ Դա ողջ այն ողբերգականության խորհրդանշականությունն է, որում Հայաստանն ապրում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Անցած հինգ տարիներին Նիկոլ Փաշինյանը լայն իմաստով հաջողություններ է արձանագրել միայն վիրտուալ տարածությունում, ընդ որում՝ դեպքերի գերակշիռ մասում դա արել է ի հաշիվ ֆիզիկական, նյութեղեն արժեքների։ Քանի որ նա իշխանության է եկել Ֆեյսբուքի օգնությամբ, կամ նրան համոզել են, որ իշխանության է եկել «օնլայն ճանապարհով», վիրտուալ իրականությունը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է շատ ավելի կարևոր, քան իրական կյանքը։

Նրա համար ավելի կարևոր էին «լայվերը», քան երկրի ղեկավարին հարիր հաղորդակցությունը քաղաքացիների հետ, Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ որևէ քայլ կատարում էր ու է ոչ թե՝ արդյունքի, այլ՝ «լայքերի» համար։ Պատահական չէ, որ իշխանության գալուց հետո նրա կարևոր հենարաններից մեկը, ուժային կառույցներին զուգահեռ, դարձավ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, որը զբաղված է ֆեյսբուքներում նրա պաշտպանությամբ, մինչ տասնյակ  թիկնապահները դա անում են իրական կյանքում։

Համացանցի տարածումից հետ, արդեն մեկ տասնամյակից ավելի աշխարհի շատ երկրներում վիրտուալ կախվածությունը դասվում է տարբեր, որոշ դեպքերում՝ նաև հոգեկան հիվանդությունների շարքին։ Այդ կախվածությունը չի սահմանափակվում միայն համացանցում անցկացրած ժամանակով,  դա առաջացնում է մտածողության, աշխարհայացքի որոշակի տեսակ, որը վիրտուալ ամենայնը գերակա է համարում իրական արժեքների համեմատ։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը կամ այդպիսի մտածողության կրող է անգիտակցորեն, կամ շատ լավ գիտակցելով դրա կործանարարությունը՝ շարունակում է Հայաստանի վիրտուալիզացիան, քանի որ դա շահեկան է իր իշխանության պահպանման համար։ Ընդ որում, այդ մոդելը ենթադրում է, որ քաղաքացիների հնարավորին չափ շատ հատված պետք է ապրի նույն՝ վիրտուալ տարածությունում և կենաց-մահու կռիվ տալով համացանցային պատերազմներում, անտարբեր դառնա իրական, նյութեղեն արժեքների կորստի հարցում։

Մոտավորապես դա է տեղի ունենում հայ հասարակության մի զգալի հատվածի հետ, որոնք թքած ունենալով Արցախի մեծ մասի կորստի, Հայաստանի ֆիզիկական սահմանների դեմ ոտնձգության վրա, իրենց դրսևորում են՝ որպես վիրտուալ մահապարտներ, երբ որևէ մեկը քննադատում է «хзор варчапет»-ին։ Երկար տարիների հետևողական քարոզչության արդյունքում, հանրության այդ հատվածի համար գերակա են դարձել վիրտուալ արժեքները՝ ի հաշիվ  իրական պետության, իրական հայրենիքի ու իրական կյանքի։ Դա շատ լավ գիտակցում են նաև Ադրբեջանում, որի ղեկավարությունն այլևս Հայաստանին վերաբերվում է՝ ինչպես վիրտուալ միավորի, որովհետև Նիկոլ Փաշինյանի պատճառով «Հայաստանի Հանրապետությունը» վերածվել է սոցցանցային օգտահաշվի մուտքանունի ու գաղտնաբառի, որը ցանկացած պահի կարելի է փոխել։

Չի բացառվում, որ նաև դա կարող է ինչ որ պահի քննարկվել Հայաստան-Ադրբեջան օնլայն բանակցություններում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս