Եթե հաշվի առնենք, որ շրջափակումն օգտագործվում է որպես ճնշման գործիք, կարելի է կռահել՝ որքան «անկեղծ» կլինեն հայ-թուրքական հարաբերությունները. Սելայ Էրթեմ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած Ալի Էրթեմի այրին՝ Սելայ Էրթեմը, բացառիկ հարցազրույց է տվել 168.amին։

Սելայ Էրթեմը բնակվում է Գերմանիայում: Նա հայտնի ակտիվիստ է, իրավապաշտպան, ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։

Մինչ մեր հարցադրումներին պատասխանելը՝ մեր զրուցակիցը հստակեցրեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ և հարցերին պատասխանում է՝ որպես հակացեղասպանական ասոցիացիայի անդամ ու անհատ, որն իր երկրի առերեսումն ամոթալի անցյալի հետ համարում է կենսական խնդիր:

168.am-ը Սելայ Էրթեմից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հնարավոր համարում հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, եթե Թուրքիան չի ընդունել Ցեղասպանության փաստը և ակնհայտ աջակցում է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն արցախահայության հանդեպ:

Կարդացեք նաև

«Թուրքական պետությունը, որն իշխում է այն երկրում, որտեղ ես եմ ծնվել, 107 տարի շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, չի հրաժարվում Թուրանը որպես երազանք տեսնելուց (Ադրիատիկից մինչև Չինաստան: Նկատի ունենանք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը նա վարել է Ադրբեջանի հետ միասին՝ իր այս երազանքին համապատասխան), «լռում» է, երբ Ադրբեջանի «քաղաքացիականները» երեք ամիս փակում են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանը կապող կենսական ճանապարհն է,- հարցադրմանն ի պատասխան՝ մանրամասնեց Սելայ Էրթեմը, ապա նկատեց,- Եթե հաշվի առնենք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Թուրքիայի կողմից օգտագործվում է որպես ճնշման գործիք՝ Հայաստանի Սյունիքի մարզից իր համար տարածք բացելու համար (ցամաքային ճանապարհը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Թյուրքական Հանրապետություններ), կարելի է կռահել, թե որքան «անկեղծ» կլինեն հաստատվելիք հայ-թուրքական հարաբերությունները։ Ավելին՝ երեսուն տարի շարունակ դռները փակելով՝ այդ հարաբերությունները խզեց հենց թուրքական կողմը»:

Սելայ Էրթեմը նաև հիշեցրեց, որ Թուրքիան իր «դռները չի փակել» հարևաններից ոչ մեկի առջև, որին թշնամի է հայտարարել, այլ միայն Հայաստանի առջև, ուստի հենց Թուրքիան պետք է առանց նախապայմանների բացի դռները։

Իրավապաշտպանի կարծիքով, սահմանների բացումը կհանգեցնի թուրք ժողովրդի կողմից հարյուր տարի շարունակ որպես «բոլոր չարիքների աղբյուր» ներկայացված հայերին և Հայաստանին մոտիկից ճանաչելուն, և այդպիսով՝ թուրքական պետության սև քարոզչության դիսֆունկցիոնալության:

Ըստ նրա, սակայն, առանց նախապայմանների սահմանների բացումը մոտ ապագայի հարց չէ.

«Այս առումով ամենակարևոր խնդիրը Թուրքիայի լուսավորված ընդդիմադիր ուժերինն է, որը զերծ է ռասիստական ու շովինիստական մտքերից։ Իսկ այժմ Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ այն դեպքում, երբ Թուրքիան կբացի սահմանները՝ կանխելու թուրքական հնարավոր ներխուժումն ու էքսպանսիոնիզմը։ Երկու պետությունների միջև հարաբերություններ հաստատելու որոշումը նախ պետք է դիտել որպես Հայաստանի իրավունք, որի գլխին փորձանքներ են բերվել»:

Տեսանյութեր

Լրահոս