Մի փոքր ռիսկ վերցնելով՝ կարելի է այդ ձեռնոցը նետել. Վարդան Օսկանյանը լուծումներ է առաջարկում

«Այսօր այլընտրանք կա: Իմ այլընտրանքը հետևյալն է՝ փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է»,- այս մասին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի շրջանակում իր ելույթում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի ներկայիս իրողություններին, իշխանական թեզերին և ՀՀ հնարավորություններին:

Նա նշեց, որ հիմնավոր փաստ կա այսօր, որ ՀՀ իշխանություններն արդեն բանավոր, ինչպես նաև՝ փաստաթղթային (քանի որ Պրահայի փաստաթուղթը դրա վկայությունն է) համաձայնել են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:

Նրա գնահատմամբ, սա իսկապես շատ վտանգավոր երևույթ է, վերջապես այս հանգամանքն իր ամրագրումը՝ միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը:

Օսկանյանի խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է դիվանագիտական հարթությունում, Հայաստանի Հանրապետությունը՝ համագործակցությամբ Ադրբեջանի և միջնորդների, փորձում է այս հանգամանքին տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այս հանգամանքը, այսօր այս դիվանագիտական աշխատանքն է գնում և, ինչո՞ւ ոչ, եթե դա իրենց մոտ ստացվի, կներկայացնեն նաև՝ որպես ձեռքբերում:

Դիվանագետի որակմամբ, այս փաթեթավորումը երկու դրսևորում ունի, մեկը՝ լեզվական-բովանդակային, մյուսը՝ ոճային-PR-ային դրսևորումն է, այս երկու դրսևորումները շատ ակնհայտ են այդ փաթեթավորման դիվանագիտական աշխատանքի մեջ:

«Առաջինի հետ կապված, իհարկե, ՀՀ իշխանություններին շատ դժվար կլինի լղոզել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը, քանի որ Ադրբեջանը կպարտադրի, որ սևը սպիտակի վրա այդ հարցը շատ հստակ ձևակերպվի «Խաղաղության պայմանագրում»: Քողարկումը հիմնականում վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու, որ իբր, չնայած ՀՀ-ն ճանաչում է տարածքային ամբողջականությունը և ընդունում է, որ Արցախը պետք է այնտեղ լինի, բայց վերջիվերջո երկխոսություն է լինելու Արցախի հայության ներկայացուցիչների և Բաքվի միջև, որը տպավորություն է ստեղծելու, որ հակառակ այդ բոլորին՝ դեռևս Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու, և իբր այդ պատուհանը բաց է»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ շարունակելով, որ եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որն ինքը նկարագրեց, ապա այդ պահին Արցախը կվերածվի Ջավախքի։

«Ինչպես այսօր ունենք ջավախահայություն, կունենանք արցախահայություն: Մենք բոլորս հիշում ենք, 1990-2000-ական թթ. Ջավախքում խնդիրներ էին լինում, մարդիկ էին ձերբակալվում, վերջիվերջո, Վրաստանի իշխանությունները պատվիրակություն էին ուղարկում, հանդիպումներ էին ունենում Ջավախքի ներկայացուցիչների հետ, ինչ-որ լուծումներ էին գտնում: Նման մի բան լինելու է Արցախում: Բայց Արցախի ու Ջավախքի տարբերությունը կայանալու է նրանում, որ մի քանի տարի հետո՝ միգուցեև տասնամյակ անց, Արցախը վերածվելու է Ջավախքից Նախիջևանի, ահավասիկ, այս է տարբերությունը: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, այդ փաստաթղթի ստորագրումը բերելու է այս հետևանքներին»,- նշեց Վարդան Օսկանյանը:

Նա անդրադարձավ իր նշած մյուս դրսևորմանը, որի ներքո, նրա խոսքով, երկու գործոն է դրված՝ անխուսափելիության և այլընտրանքի բացակայության հիմնավորումները:

«Ես միանգամից ասեմ, որ մերժում ու ժխտում եմ այս թեզը: Իշխանությունները փորձում են ներկայացնել՝ պատերազմ տեղի ունեցավ, որովհետև անխուսափելի էր, վատ ժառանգություն էինք ստացել, պարտվեցինք, որովհետև բանակ չունեինք, այսօր անխուսափելի է, Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որովհետև այլընտրանք չկա:

Այս երեքն էլ սին ու սուտ թեզեր են: Այսօր դրանք անընդունելի կանխավարկածներ են, որոնց դեմ մենք իսկական պայքար պետք է մղենք, որպեսզի թույլ չտանք, որ դրանք վերջիվերջո գործի դրվեն»,- պնդեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Օսկանյանը:

Նա արձանագրեց, որ այսօր իսկապես մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ խոսում են անխուսափելիության մասին և բացատրում են, որ դա անխուսափելի էր, սակայն, ըստ նրա՝ այս պատերազմը մենք մեր գլխին ենք բերել, որովհետև տապալել ենք բանակցությունները:

«Մենք պատերազմը պարտվել ենք նման ձևով, որովհետև մենք չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը, մենք պարտվել ենք պատերազմը խայտառակ ձևով, որովհետև վարել ենք այն շատ վատ:

Գիտեք՝ 1994 թվականի զինադադարից հետո մինչև 2018 թվական թեկուզև հարաբերական անդորր էր հայ-ադրբեջանական սահմանագծում, սակայն այն պահպանվել է երկու գործոններով՝ կայուն դիվանագիտական գործընթաց և նաև ռազմական հավասարակշռությունը: Այդպես է եղել Առաջին նախագահի ժամանակ, այդպես է եղել Երկրորդ նախագահի ժամանակ, այդպես է եղել Երրորդ նախագահի ժամանակ:

Ես լավ հիշում եմ՝ Երկրորդ նախագահի օրերին, երբ ես ԱԳ նախարար էի, ամեն անգամ, երբ ինչ-որ դիվանագիտական դատարկություն էր ստեղծվում, և Ադրբեջանը հերթական անգամ մերժում էր ԵԱՀԿ ՄԽ առաջարկը, միանգամից նախագահի կողմից հանձնարարական էր տրվում, որպեսզի մեր դիվանագիտական ամբողջ ջանքերը դնենք՝ մեջտեղ բերելու համար նոր առաջարկություն, թույլ չտալու համար դիվանագիտական վակուում, որն իսկապես վտանգ էր պարունակում:

Ես լավ հիշում եմ Անվտանգության խորհրդի հանդիպումները, երբ զեկուցվում էր նախագահին, որ ինչ-որ մի դիրքում ադրբեջանական կողմը 100 մետրով առաջ է եկել, անպայման հանձնարարություն էր տրվում՝ փորձել չեզոքացնել կամ պարտադրել, որպեսզի նրանք հետ վերադառնան իրենց նախնական դիրքերը, կամ հայկական դիրքերը այնպես տեղաշարժվեն, որպեսզի դա կոմպենսացվի:

Հիշում եմ՝ այդ օրերին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը անդամ էին Եվրոպայում սովորական սպառազինության պայմանագրին ԵԱՀԿ շրջանակում, որը հնարավորություն էր տալիս ինսպեկցիաների և կողմերին խնդրել, որպեսզի ԵԱՀԿ-ն անցկացնի համապատասխան ինսպեկցիաներ այլ երկրներում, Ադրբեջանում ստուգի իրենց ունեցած ռազմական տեխնիկան, դրա քանակները, որը սահմանվում էր կամ սահմանափակվում այդ պայմանագրով:

Նույնն Ադրբեջանն անում էր մեր նկատմամբ: Եվ իսկապես, երբ նկատվում էր, որ Ադրբեջանը մի զինատեսակ էր ձեռք բերում, որը Հայաստանը չուներ, անպայման դա իրականացվում էր, որպեսզի այդ հավասարակշռությունն իսկապես պահպանվի: Չկա պատերազմ, որից հնարավոր չէ խուսափել, հակառակի պնդումը պարզապես քաղաքական անգործությունը և անզորությունն արդարացնելու կանխավարկած է: Եթե իսկապես լինեին ի սկզբանե անխուսափելի պատերազմներ, հավատացեք, որ դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, որպես դիսցիպլինա, գոյություն չէին ունենա:

Եթե մենք ՀՀ-ում մտել ենք մի պատերազմի մեջ, որից մենք ուզում էինք խուսափել, ուրեմն նշանակում է, որ այդ օրերին Հայաստանի քաղաքական իշխանությունը չի կարողացել ճիշտ քաղաքական որոշումներ կայացնել և տապալել է բանակցությունները, որը և բերել է պատերազմի: Սա միանշանակ է:

Սա կարելի է կիրառել նաև ռուս-ուկրաինական պատերազմի վրա: Հավատացեք, որ այն օրը, երբ կպարզվի, թե որ կողմին էր ավելի ձեռնտու խուսափել պատերազմից՝ հաշվի առնելով այն բացասական հետևանքները, որոնք ունենում են այդ երկրների վրա, հենց այդ օրն էլ այդ երկրի ներսում սկսելու է քննադատություն հնչել այն ղեկավարության նկատմամբ, որը սխալ որոշում է կայացրել և չի կարողացել պատերազմից խուսափել՝ տապալելով բանակցությունները»,- ասաց Օսկանյանը:

Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից շրջանառվող այլընտրանքի բացակայության թեզի մասին, Օսկանյանը պնդեց՝ դա սուտ ու կեղծ թեզ է. մեզ ուզում են համոզել, որ մենք այլընտրանքներ չունենք, և, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետք է զիջենք Ղարաբաղը, որպեսզի կարողանանք փրկել Հայաստանը:

Ավելին, նրա գնահատմամբ՝ իսկապես սա իր մեջ մեծ վտանգ է պարունակում: «Պետք է կարողանանք այս մոտեցումը հաղթահարել: Իսկապես, երբ հարցին նայում ես անզեն աչքով, թվում է՝ իրավիճակն անելանելի է, ու այդ իրավիճակը ստեղծել են մեր իշխանությունները:

Իշխանական թևից ամենահաճախ հնչող հարցը՝ Դո՞ւք ինչ կանեիք: Այդ հարցի ետևում թաքնված է մի շատ խորամանկ միտք, որովհետև իրենք գիտեն, որ ինչ էլ առաջարկի ընդդիմադիր գործիչը, համոզիչ չի լինելու, որովհետև իսկապես խնդիրը այնքան է բարդ, այնքան է խնդիրը բարդացվել իշխանության քաղաքականության պատճառով, որ ինչ էլ առաջարկես, հասարակության համար ընկալելի և ընդունելի չի լինելու:

Իմը սովորական և անզեն աչք չէ, ես 1991 թվականից եղել եմ Ղարաբաղյան բանակցությունների հորձանուտում, առաջին օրվանից ներգրավված եմ եղել, 1994-ից, ավելի ճիշտ՝ 1995-ից հանդես եմ եկել՝ որպես գլխավոր բանագնաց, տասը տարի, որպես ԱԳ նախարար, իսկապես առաջնորդել եմ այդ ամբողջ գործընթացը: Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկված վեց պայմանագրերին, և մեծամտություն չհամարեք, ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ այս պահին ես կարող եմ այդ վեց փաստաթղթերի բովանդակությունը բավական մեծ ճշգրտությամբ վերարտադրել այստեղ կանգնած, ես գիտեմ ամեն բառի իմաստը, նշանակությունը, այն, թե ինչի համար է դա այդպես՝ հատկապես Մադրիդյան փաստաթուղթը, ես կարող եմ հավակնել, որ ես այդ փաստաթղթի գրողներից մեկն եմ, իսկապես այնտեղ ինչ հայանպաստ դրույթ կա, դրա հեղինակը ես եմ:

Հիշո՞ւմ եք, որ ինչ-որ մի պահի Փաշինյանն ասաց, որ, թերևս, պետք է խորանա Մադրիդյան փաստաթղթի մեջ, որովհետև այնտեղ շատ դրույթներ կան, որ իր համար անհասկանալի են ու տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են տալիս, և նաև Ալիևի հետ էր խորհրդակցել այդ հարցում, նա էր ներկայացրել ամբողջ բանակցային նախապատմությունը: Այդ օրերին ես լավ հիշում եմ՝ Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց, որոնց հետ նաև իմ որոշ ընկերական շրջանակներ խաչվում են, առիթ է եղել հանդիպել, և ես հետևյալ անեկդոտը պատմեցի նրանց. Թուրքիայի բանտերից մեկում բանտարկյալը գնում է գրադարանավարի մոտ: Այո, թուրքական բանտերում ևս գրադարանավարներ կան, և ինչ-որ գրքի անուն է տալիս, ասում է՝ եթե ունեք, խնդրում եմ կարդալ: Այդ գիրքը լինում է խիստ հակաիշխանական և հակապետական, ու ուրեմն գրադանավարը ասում է, որ գիրքը չունեն, բայց գրքի հեղինակն է այստեղ, կարող եք նրա հետ հանդիպել:

Ես այս անեկդոտը պատմեցի Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց և ասացի՝ խնդրում եմ, Ձեր ղեկավարին ասեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակը այստեղ է՝ Երևանում է ապրում, և ինքը կարող է կանչել և խորհրդակցել: Եթե, իրոք, այդ օրերին Փաշինյանն ինձ կանչեր, և ես առիթ ունենայի նրա հետ խոսելու, ես իրեն հետևյալ հորդորը կանեի՝ հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, լայն աջակցությունը, ինքն ունի հնարավորություն, որ լրացուցիչ որոշ զիջումներով, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, ինքն իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը, անի այդ լրացուցիչ մի քանի զիջումները և հասնի իսկապես ԼՂ հարցի հայանպաստ կարգավորման:

Այդ հնարավորությունն իսկապես կար, Մադրիդյան փաստաթուղթն այդ հնարավորությունը տալիս է, Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել, և ես՝ հակառակ իմ ընդդիմությանն արդեն իրեն, որպես սխալ ճանապարհ տանող ղեկավարի, պատրաստ էի այդ հարցում իր կողքը կանգնել, որպեսզի մեզ հնարավորություն ստեղծվեր իսկապես, որպեսզի հասնեինք այդ հարցի խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:

Բայց, դժբախտաբար, Փաշինյանը բոլորովին այլ ուղղությամբ տարավ, գնաց ներքին պառակտման, սկսեց իր զրոյական կետից»,- հայտարարեց Օսկանյանը:

Նախկին ԱԳ նախարարը վստահեցնում է՝ երբ տապալում ես դիվանագիտությունը, գալիս է պատերազմը, իսկ երբ տանուլ ես տալիս պատերազմը, արդեն դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտություն և հրամայական է ստեղծվում:

Նրա որակմամբ, նրանք չկարողացան այդ առիթն օգտագործել, դիվանագիտությունը բերել առաջին գիծ և օգտվել ընձեռված հնարավորություններից, նախ գիտակցել իրենց սխալը և փորձել այդ սխալն ուղղելու ճանապարհով գնալ: Օսկանյանի խոսքով, նրանք գնացին իրենց սխալն արդարացնելու ճանապարհով, այդ սխալներն օրեցօր խորացան և հասան այսօր:

«Այդ բոլորը հնարավոր էր անել այն օրերին, երբ ինքը՝ միջազգային հանրությունը, պնդում էր, որ ուժի միջոցով հնարավոր չէ ԼՂ հարցի վերջնական լուծում, որ ԼՂ հարցը թերևս կարգավորված չէ, պետք է բանակցությունները շարունակվեն, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում, բայց մեր իշխանությունները ոչ թե չօգտագործեցին այս հնարավորությունը և գնացին ճիշտ հակառակ ուղղությամբ, այլ ամբողջ պետական ապարատը գործի դրվեց՝ գնալ աշխարհին համոզելու, որ Արցախը մերը չէ, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Այդ գործունեությունը այսօր շարունակվում է:

ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, 1994 թվականից ՀՀ բոլոր իշխանությունները՝ երեք նախագահները, մեկ նպատակ են ունեցել, վերջիվերջո Արցախը կվերադառնա մայր հայրենիք ու կդառնա ՀՀ մաս: Այսօր մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա պայքարում է պատերազմում իր ստացած ավարն օրինականացնելու համար, ֆորմալիզացնելու և դրան միջազգային ճանաչում տալու համար:

Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմի վախը, որ մեր մեջ սերմանել ենք, դա Ադրբեջանի ձեռքին դարձել է մի այնպիսի զենք, որով մեզ սպառնում է ու պարտադրում իր կամքը: Վերջին վկայությունը հենց Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցն է: Դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որ վերջին օրերին ունեցանք: Ռուբեն Վարդանյանի հեռանալու պայմաններից մեկը այն էր, որ Ադրբեջանը պետք է միջանցքը բացի, բայց Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ միջազգային դատարանի որոշում, որը պարտադրում էր Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա, եթե բացվի Լաչինի միջանցքը, դա դատարանի որոշմա՞մբ բացեցին, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով բացեցին: Մենք Ռուբեն Վարդանյանին ազատելով՝ ջրեցինք այդ ձեռքբերումը: Ադրբեջանն այսօր իսկապես կարողանում է պարտադրել իր կամքն ամեն ինչում, բանակցային օրակարգը թելադրված է Ադրբեջանի կողմից: Նայեք՝ այսօր ինչ կա սեղանի վրա՝ եռանկյունի է ստեղծվել՝ Արցախն Ադրբեջանի մաս, միջանցք, ինչպես նաև սահմանագծում-սահմանազատում և անկլավների հարց: Այս երեքն էլ ադրբեջանական օրակարգային խնդիրներն են, այսօր բանակցային օրակարգում չկա հայկական օրակարգ, այստեղ է, որ մենք վրիպում ենք»,- բացատրեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա պնդում է՝ այսօր ստեղծված իրավիճակին այլընտրանք կա: «Իմ այլընտրանքը հետևյալն է՝ փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է, դա է այլընտրանքը, և այսօր մենք պետք է իսկապես շատ համեստ խնդիր դնենք: Այո, միջազգային ճանաչումը մեր վերջնական նպատակը պետք է լինի, բայց այսօր, հաշվի առնելով քաղաքական կոնյունկտուրան, միջազգային հարաբերությունները և աշխարհում ստեղծված իրավիճակը, ես առաջարկում եմ, որ մեր առջև դնենք համեստ խնդիր, և այդ համեստ խնդիրն այն է՝ չստորագրել այս պահին որևէ փաստաթուղթ, և ՀՀ իշխանություններն այսօր այդ հնարավորությունն ունեն:

Առաջինը կլինի ազգային մոտեցումը, որ նրանք կարողանան այդ օրակարգը ընդլայնել, այո, այնտեղ ներառել Շուշիի, Հադրութի խնդիր, առանց ագրեսիվ լինելու, մենք խնդիր չենք դնում դա հետ բերելու, կարելի է ձևակերպել դա հետևյալ կերպ՝ ի՞նչ է լինելու Շուշիի և Հադրութի ճակատագիրը, դա պետք է մտնի հենց այդ օրակարգի մեջ, մեր գերիների խնդիրը, նրանց վերադարձի հարցը, վերջիվերջո, ԼՂ-ի, Արցախի կարգավիճակի խնդիրը նույնպես պետք է մտնի մեր օրակարգի մեջ, ադրբեջանական ուժերի դուրսբերումը հայկական սուվերեն տարածքից՝ ևս: Ահավասիկ, այս օրակարգում կարելի է ստեղծել մի փաթեթ, որի շուրջ կարելի է հավերժ բանակցել, և միջազգային հանրությունը կարող է նորմալ ընդունել, որովհետև այնտեղ այդ խնդիրները, որ դրվում են, ծայրահեղական դիրքորոշումներ չեն, դրանք անիրատեսական պահանջներ չեն, դրանք պարզապես մեր նվազագույն իրավունքներն են, որ մենք պետք է ներառենք ցանկացած թղթի շուրջ բանակցություններում»,- պարզորոշ ներկայացրեց Վարդան Օսկանյանը:

Նրա կարծիքով, այս իշխանություններն այլընտրանքային տարբերակների շատ ավելի լայն հնարավորություններ ունեն, քան կունենար որևէ այլ իշխանություն:

«Եթե դու իշխանություն ես, որը հոգեբանորեն պատրաստ է տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, դա էապես միջազգային օրենքի շրջանակներում քո հնարավորությունները մեծացնում է: Ես երբեք չէի պատկերացնի, որ կկանգնեմ ու որևէ ամբիոնից նման առաջարկ կանեմ, բայց հաշվի առնելով իրավիճակը, ես ուղղակի ուզում եմ դրա մասին խոսել, հատկապես, երբ օվերտոնի պատուհանի մեթոդով մեզ մոտ տաբուներ չի մնացել:

Ես առաջարկում եմ նրանց գնալ ավելի համարձակ քայլերի և հարցն ամբողջապես տեղափոխել իրավական հարթություն, քաղաքական գործընթացները պահել, բայց ավելի շատ շեշտը դնել իրավական հարթության գործընթացների վրա: Այսօր կարելի է ձեռնոց նետել Ադրբեջանին, որ՝ եթե դու ուզում ես ԽՍՀՄ քարտեզներով ինչ-որ խնդիրներ լուծել, ապա բարեհաճիր վերականգնել ամբողջությամբ սովետական քարտեզները, վերականգնիր ԼՂԻՄ-ի մարզը, որը գոյություն է ունեցել բոլոր սովետական քարտեզներում, որպեսզի դու բարոյական իրավունք ունենաս իմ հետ խոսելու սովետական քարտեզներով ինչ-որ սահմանների՝ անկլավների մասին, նախ գնա վերականգնի ԼՂ-ն՝ Շուշիով և Հադրութով, դրանից հետո ես նոր մտածեմ՝ քեզ հետ կարո՞ղ եմ նստել այդ թեմաներով խոսել, թե՞ ոչ»,- ասաց Օսկանյանը:

Նա նշեց, որ միջազգային իրավաբանները լավ գիտեն՝ կարմիր գիծ է միջազգային իրավաբանությունում, որ եթե կա ժողովուրդ, որն իրավունք ունի ինքնորոշման, առաջինը նրան ընձեռվում է ներքին ինքնորոշման իրավունք, իսկ եթե մայր երկիրը այդ իրավունքն ունենալով հանդերձ՝ մերժում է նրա ներքին ինքնորոշումը, և այդ ժողովուրդը ժամանակի ընթացքում ենթարկվում է ոտնձգությունների մայր երկրի կողմից, նրա իրավունքները չեն հարգվում, միանշանակորեն, առանց կասկածի կիրառվում է արդեն անջատում՝ հանուն փրկության սկզբունքը միջազգային իրավունքը:

Ըստ նրա, մի փոքր ռիսկ վերցնելով, կարելի է այդ ձեռնոցը նետել:

«Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան է պղտորված, որ չի կարելի թույլ տալ, որ այդ պղտոր ջրում Ադրբեջանը կարողանա որսալ մեր արցախյան ոսկե ձկնիկը:

Անկախությունից ի վեր մեր պետականությունը խարսխվել է 5 հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, եկեղեցի և Սփյուռք: Այսօր այդ հինգ հենասյուներն էլ հիմնովին խարխլված են, իսկ դրանցից մեկը՝ Արցախի հենասյունը, միանշանակ կանգնած է ամբողջական փլուզման վտանգի առաջ: Ուրեմն մենք ուրացել ենք Արցախը, փոշիացրել ենք բանակը, ոտնահարում ենք Սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին, նվաստացնում ենք Սփյուռքը: Ժամանակն է, որ սկսենք այս բոլոր հենասյուների վերակառուցման խնդիրը, միասնական համազգային ջանքերով հասնենք և պահպանենք Արցախի հենասյունը, որպեսզի դա չփլուզվի: Դրա համար մենք երկու բան ունենք անելու ազգովի. առաջինը՝ ներսում համախմբվենք ու իսկական դիմադրություն ցույց տանք մեր իշխանություններին, այս իշխանություններին, և թույլ չտանք, որ նրանք գնան ու ստորագրեն որևէ փաստաթուղթ, որը ինչ-որ ձև կարող է վտանգել իսկապես ԼՂ ապագա ինքնորոշման իրավունքը, իսկ դրսում համախմբենք մեր ողջ պոտենցիալը՝ նյութական, իրավական, բարոյական, կառուցվածքային, որպեսզի կարողանանք ԼՂ հարցը, ԼՂ ինքնորոշման հարցը պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Հավատացեք, հաջորդ հաղթանակը մերն է լինելու»,- այսպես ավարտեց իր հակիրճ, սակայն բովանդակային ու լուծումներ առաջարկող ելույթը Վարդան Օսկանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս