Բաժիններ՝

Ավելի բարձր տեմպով աճել են այն ճյուղերը, որոնք հակամարտության հետևանքով ունեցել են բարձր պահանջարկ. տնտեսագետ

8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ.  Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Իշխանամերձ շրջանակները շտապել են նկատել, որ այս ծավալը Հայաստանի տնտեսության համար ռեկորդային է:

Ի դեպ, ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.amի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ՀՆԱ կառուցվածքին՝ նկատելով, որ այն ևս ապացուցում է՝ աճը պայմանավորված է արտաքին ժամանակավոր գործոնով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ տնտեսական ազդեցությամբ:

«Իրականում ավելի բարձր տեմպով աճել են այն ճյուղերը, որոնք այդ հակամարտության հետևանքով ունեցել են բարձր պահանջարկ: Այսինքն՝ այդ պատերազմը, ի վերջո, ՀՀ-ում բերել է մի շարք ուղղություններով պահանջարկի թռիչքային աճի, և մենք հենց այդ ուղղություններում ունեցել ենք առաջանցիկ աճ:

Կարդացեք նաև

Փոխադրումների ոլորտը շուրջ 50 տոկոսով աճ է գրանցել, ինչը կապված է արտաքին առևտրի շրջանառության մոտ 80 տոկոս աճի հետ (դեպի ՌԴ վերարտահանել ենք ապրանքներ):

Հաջորդը ծառայությունների, առևտրի ոլորտների աճն է. պահանջարկն ավելացել է, որովհետև ունեցել ենք ՌԴ քաղաքացիների աննախադեպ այցելությունների աճ: Եվ դա բերել է նաև ծառայությունների և ներքին առևտրի աճի:

Ինչ վերաբերում է ֆինանսական ոլորտին՝ բանկերում, ըստ էության, շրջանառությունը նորից էապես աճել է և, օրինակ, 2022-ին ֆինանսական ոլորտի շահութաբերությունը նախորդ տարվա համեմատ աճել է  շուրջ երեք անգամ. միայն ՌԴ-ից Հայաստան ֆիզանձանց կողմից բանկային համակարգով կատարվել են 3.6 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ (ընդհանուր փոխադրումները՝ շուրջ 5 միլիարդ դոլարի): Եվ բնական է, որ այս աճերը բերել են ՀՆԱ աճի»,- մանրամասնեց տնտեսագետը:

Նա, սակայն, հավելեց, որ 12.6 տոկոսը ռեկորդային չէ, որովհետև տարիներ շարունակ ՀՀ դրանից բարձր աճ ևս ունեցել է:

Թադևոս Ավետիսյանը  նաև մտահոգիչ համարեց այս ցուցանիշը՝ արձանագրելով, որ աճը ոչ թե ներտնտեսական զարգացումների և տնտեսական պոտենցիալի ավելացման շնորհիվ է, այլ հիմնականում ժամանակավոր պատահական գործոնի, իսկ տնտեսական բարձր ակտիվությունը չի բերում մոտ կամ համարժեք ներդրումների ավելացման:

«Սա անվտանգային աճող սպառնալիքների իրական հետևանքն է և նաև՝ ձախողված տնտեսական քաղաքականության ու պոպուլիստական առաջնորդության»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս