«Անիի կամուրջը Հայաստան-Թուրքիա սահմանագոտում առաջինն է, որը վերականգնվելու է, իր ճարտարապետությամբ եզակիներից է». Րաֆֆի Քորթոշյան
Փետրվարի 16-ին կառավարության հերթական նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ փետրվարի 15-ին Թուրքիա կատարած այցին և իր թուրք գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։
Արարատ Միրզոյանը փոխանցեց, որ կա որոշում՝ արագացնել վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։
«Ինչպես նշեցինք, մեր փրկարարները կրկին կվերադառնան ցամաքային սահմանով, ինչպես և օգնության երկրորդ խմբաքանակն էր գնացել։ Հայտարարվեց, որ մենք համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ, և ըստ էության մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը՝ նպատակն այդպիսին ձևակերպվեց, նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- նշել էր Արարատ Միրզոյանը։
Այս հայտարարությունից հետո Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի վերականգնման բաժնի կողմից համացանցում հրապարակվեց Անիի կամրջի եռաչափ վերականգնման մակետ, որն իրականացվել է նախորդ տարիների ընթացքում։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անդրադառնալով Անիի կամուրջը վերականգնելու վերաբերյալ հնարավոր գործընթացներին և առհասարակ դրա հնարավորություններին, նախ խոսեց համացանցում տարածված մակետի մասին։
«Տարիներ ի վեր մեր հիմնադրամի վերականգնման բաժինը զբաղվում է հենց Անիի տարածքում գտնվող հուշարձանների վերականգնմամբ։ Երեկ նաև մեր բաժնի մասնագետը ֆեյսբուքյան իր էջում այդ լուսանկարը դրել էր։ Իհարկե, սա մեկ լուսանկար է, և իրականության մեջ մեր բաժինն իրականացրել է Անիի կամուրջի եռաչափ վերականգնումը։ Սա նախնական մի տեսք է, որովհետև Անիի կամուրջը հիմնականում ավերվել է և մնացել է միայն երկու կողմերը, և մեր վերականգնող ճարտարապետն իր տեսանկյունից և տարբեր նյութեր օգտագործելով՝ ստացել է մոտավոր տեսք, ինչը, իհարկե, չի կարող լինել վերջնական։ Պետք է գիտխորհուրդը հաստատի, հետո երկու կողմում տեղի ունենա չափագրում, երկու կողմում էլ կամուրջի պահպանվող խելերը զինվորական գոտում են, և երկու կողմն էլ այնտեղ պետք է նման գործունեություն ծավալեն, որպեսզի վերջնական որոշեն՝ որն է ավելի մոտիկ իրականությանը, որովհետև այն վաղուց ավերված է»,- պարզաբանեց Րաֆֆի Քորթոշյանը։
Նրա փոխանցմամբ, կամուրջը վերականգնելու դեպքում, այն հատվածները, որոնք դեռևս կանգուն են, կվերականգնվեն նույնությամբ, ինչպես եղել է դարեր առաջ, սակայն կամրջի ավերված հատվածը կվերականգնվի արդեն վերականգնող ճարտարապետի մոտեցմամբ։ Հետևաբար, եթե լինի գիտխորհուրդ, ապա կամրջի նախկին տեսքին մոտիկ նախագիծը կընդունի։ Մասնագետը չի կարծում, որ կամուրջը հնարավոր կլինի վերականգնել այնպես, որ 100 տոկոսով ունենա նախկին տեսքը։
«Այս ամենի պատճառն այն է, որ Անիի կամրջի վերաբերյալ պատմական շատ լուսանկարներ չկան, երբ այն ամբողջովին կանգուն է եղել, կամ էլ կամրջի նկարագրություններն են քիչ։ Այսինքն՝ վերականգնումը մոտավոր կլինի»,- հավելեց Րաֆֆի Քորթոշյանը։
Հարցին՝ եթե Անիի կամրջի վերականգնման աշխատանքները մեկնարկեն, հայկական և թուրքական կողմները պե՞տք է միմյանց հետ աշխատեն, թե՞ յուրաքանչյուրն իր կողմից, Րաֆֆի Քորթոշյանը պատասխանեց, որ ճիշտ չի լինի առանձին աշխատելը, քանի որ կամուրջը մեկ ամբողջականություն է, և չի կարելի աշխատանքները սկսել առանց համագործակցության։
«Պետք է նախապես երկու հանձնախումբ ստեղծվի, այն բերվի վերջնական տեսքի, միասին պետք է քարի, շինարարության նյութի տեսակն ընտրեն, այս ամենը պետք է միասին լինի։ Պետք է միասին աշխատեն, որպեսզի կամուրջը վերականգնվի հնարավորինս ճիշտ ձևով և իր պատմական տեսքին համահունչ։
Եթե վերականգնման հանձնախումբը միասին է ստեղծվում, ապա պետք է երկուստեք կամուրջն իրականությանը մոտ վերականգնեն։ Այլ հարց է, որ պատմության տեքստերում ինչպես կներկայացնեն երկու կողմերը։ Այո, մենք բազմաթիվ օրինակներ ունենք, թեկուզ վերականգնված կամուրջներում, թե ժամանակագրորեն ինչպիսի սխալ տեղեկություններ են տալիս։ Այն հայկական հուշարձանները, որոնք պահպանվել են, Թուրքիան դրանց մոտ ցուցանակներ է դնում, որոնք ավելի շփոթեցնում ու խաբում են զբոսաշրջիկներին՝ թաքցնելով իրական տեղեկությունները։ Նման բաներ եղել են, եթե Հայաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները նոր էջից են սկսում, ապա նման բաներ չպետք է լինեն։ Անիի կամուրջը Հայաստան-Թուրքիա սահմանագոտում առաջինն է, որը վերականգնվելու է, իր ճարտարապետությամբ այն եզակիներից է»,- եզրափակեց Րաֆֆի Քորթոշյանը։
Հիշեցնենք, որ Անիի կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում՝ Ախուրյան գետի վրա։ Այն Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին կապում էր Շիրակի մարզի հետ և համարվում էր միջնադարյան ամենամեծ կամուրջը։