«Թուրքիայում ձեռք են բերվել պայմանավորվածություններ». Արարատ Միրզոյան
Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ հայ փրկարարներն արդեն Սիրիայից վերադարձել են Հայաստան, իսկ Թուրքիա մեկնած փրկարարները կվերադառնան այսօր։ Նրանք Հայաստան կվերադառնան ցամաքային ճանապարհով։
«Տեղյակ եք, որ երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարը այց է կատարել Թուրքիա, շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և դիմեց Արարատ Միրզոյանին, թե ի՞նչ կարող է ասել այցի մասին, ի՞նչ տպավորություններ ունի։
Խոսելով այցից տպավորությունների մասին, Արարատ Միրզոյանն ասաց, որ այցի վերաբերյալ բավականին մանրամասն հրապարակային տեղեկատվություն են տրամադրել՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ թուրքական ու միջազգային լրատվամիջոցները։
«Կարող եմ կրկնել, թերևս, որ հասկանալիորեն այցի ու քննարկումների հիմնական թեման այնուամենայնիվ տեղի ունեցած երկրաշարժն էր, մասնավորապես՝ հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը, մեր փրկարարների օգնությունը։ Պետք է փաստեմ, որ թուրքական կողմը՝ և կենտրոնական իշխանությունների մակարդակով, և տեղում վարչակազմի մակարդակով, որովհետև այցելեցինք նաև աղետի գոտի, նաև բնակչության արձագանքների մակարդակով, բավականին գնահատանքի ձևով էր դրսևորվում մեր փրկարարների ծառայությանը, ինչպես նաև հումանիտար օգնությունը բավականին դրական արձագանքի, երախտիքի է արժանացել։ Փրկարարների հետ շփվեցինք, ինձ նաև պատմեցին, թե բնակչությունն ինչպես է վերաբերվել։
Կարծում եմ՝ սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Արգործնախարարը նաև ասաց, որ Թուրքիայում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
«Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ ինչպես թուրք գործընկերները ներկայացրեցին մամուլի հետ հաղորդակցության ժամանակ։ Ես էլ կարող եմ փաստել, որ որոշում կա արագացնել այս որոշման գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։ Ինչպես նշեցիք, մեր փրկարարները կրկին կվերադառնան ցամաքային սահմանով, ինչպես և օգնության երկրորդ խմբաքանակն էր գնացել։ Հայտարարվեց, որ մենք համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամուրջի վերականգնման ուղղությամբ և ըստ էության մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը՝ նպատակն այդպիսին ձևակերպվեց, նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում