«Պետք է փորձենք կասեցնել Ադրբեջանի գործողությունները, եթե հայկական կողմը դա չանի՝ որևէ մեկը չի անելու». Րաֆֆի Քորթոշյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որը մեծամասամբ ուսումնասիրում է ՀՀ տարածքից դուրս գտնվող հուշարձանները, այս պահին մեծ խնդիր ունի՝ կապված Արցախում հուշարձանների հետ, որոնք ամեն օր ու ժամ պակասում են՝ ենթարկվելով ադրբեջանական վանդալիզմին։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն օր ոչնչացնում է Արցախի մշակութային հուշարձանները։

«Սա հիմա մեր մեծագույն խնդիրն է, պետք է փորձենք կասեցնել Ադրբեջանի գործողությունները, այդ ամենն այս պահին հնարավոր չէ, բայց հնարավոր է, եթե հուշարձանները հանրահռչակենք՝ միջազգային հանրությանը ներկայացնելով։ Չնայած մինչև այժմ միջազգային հանրությունը որևէ դրական մեսիջ չի տվել, բացի որոշ բանաձևեր ընդունելուց։ Սակայն սա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է դադարեցնի քայլերը, քանի որ, եթե հայկական կողմը դա չանի, ապա որևէ մեկը չի անելու»,- 168.am հետ զրույցում նշեց Րաֆֆի Քորթոշյանը։

Նրա խոսքով՝ հայկական հուշարձանները նաև այլ տարածքներում` Արևմտյան Հայաստանում, Վրաստանում, նույն կերպ ոչնչացման եզրին են, այստեղ ևս հանրահռչակման խնդիր կա։ Իրանում ևս կան հայկական հուշարձաններ, Իրանի դեպքում պետք է հայկական կողմի հետ համագործակցությունը շարունակվի, քանի որ Իրանում այդ հուշարձանները հոգատարությամբ պահպանվում են։

Կարդացեք նաև

«Իրանում այդ հուշարձանները պահպանելու համար պետք է հետևողական հարաբերություններ ծավալվեն Իրանի հետ։ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, բացառությամբ մի քանի երկրների, օրինակ, Հնդկաստանի, որտեղ հուշարձանները խտրական վերաբերմունքի չեն արժանանում։ Հայաստանում հուշարձաններն ավելի պաշտպանված են, և մենք պետք է ավելի հոգատար լինենք ու խնամքով վերաբերվենք մեր հուշարձաններին։ Սովորական բնակիչները պետք է խնամքով վերաբերվեն հուշարձաններին, խնամքով պետք է վերաբերվեն նաև պետական մարմինները՝ հուշարձանները վերականգնելու հարցում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Րաֆֆի Քորթոշյանը նաև անդրադարձավ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովին՝ շեշտելով, որ այն ծածուկ է անցկացվել, մինչև գիտաժողովը որևէ հայտարարություն չի եղել։

«Ծածուկ հրավերներ են ուղարկել ընտրված մարդկանց, որոնք իրականացնում են Ադրբեջանի քարոզչությունը և նրա վստահելի մարդիկ են։ Նման բաներ Ադրբեջանը շատ կարող է անել, նա շարունակում է հայկական հուշարձանները ներկայացնել այլ կերպ, հետո ժամանակ շահել, որպեսզի դրանք վերջնականապես ոչնչացնի։ Ադրբեջանը լավ գիտի, որ իր թեզերն ամբողջությամբ կեղծ են։ Մենք ամեն օր սա տեսնում ենք, տեսեք՝ Հին Ջուղայի խաչքարերը ոչնչացնում էր, ադրբեջանական կողմն ասում էր, թե դրանք իրենց նախնիների խաչքարերն են, ու իրենք պահում են, որոշ ժամանակ հետո իսպառ ոչնչացրեցին։ Արցախում նույն «Կանաչ ժամ» եկեղեցին սկզբում ներկայացնում էին՝ որպես ռուսական, հետո իբր նորոգում էին, մի օր տեսանք, որ հավասարեցրել են գետնին»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։

Նա պնդում է՝ նման քայլեր Ադրբեջանը միշտ է անելու, հայկական կողմը պետք է միջոցներ գտնի պայքարելու, թեկուզ կանխելու այդ գործողությունների մի մասը։

«Մեր աշխատանքը դժվար է, բայց մենք այն պետք է շարունակենք»,- ընդգծեց Րաֆֆի Քորթոշյանը։

Նշենք, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից մինչև օրս Ադրբեջանն իր կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում հիմնովին ոչնչացրել է արդեն մի շարք գյուղեր, որտեղ եղել են բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Ադրբեջանը ոչնչացել է տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ։

Տեսանյութեր

Լրահոս