«Կարծում եմ՝ մեր ԱԱԾ-ն հրաշալի գիտի՝ ինչու են նրանց այնտեղ տարել, ինչ հանձնարարություններ են տվել». Հայկ Դեմոյան
Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ է ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Այս քայլը հայ հասարակության շրջանում միանշանակ չի ընդունվել. նրանք հիշեցնում են 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, երբ բացի զենքից, Ադրբեջանին տրամադրել էր վարձկան ահաբեկիչներ։ Նաև հիշեցնում են, որ արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի պահելով շրջափակման մեջ, հետևաբար՝ ՀՀ իշխանությունը կարող էր այդ մարդասիրական օգնությունը տրամադրել Արցախին։
Հայաստանի կողմից Թուրքիային օգնություն տրամադրելը դիվանագիտական քա՞յլ է, թե՞ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու օրակարգի մի մաս։
168.am–ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նկատեց՝ Թուրքիան, իհարկե, Հայաստանի այս քայլը չի գնահատի, և սա չի բերելու որևէ լուրջ փոփոխության, նաև այդ հանգամանքն Ադրբեջանին չի ներկայացնի՝ որպես արդարացում՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, Արցախն ապաշրջափակելու և այլն։
«Այդ հարցերը պետք է դիտարկենք համապարփակ, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի։ Նախ՝ սա դիտարկենք բարոյական դաշտում՝ մի պահ վերանանք նրանից, թե ով է այսօր ՀՀ իշխանության ղեկին, բայց այս իշխանությանն անպայման վերադառնալու ենք։ Ինքս սարսափելի երկրաշարժ վերապրած մարդ եմ, գիտեմ՝ դա ինչ ողբերգություն ու սարսափելի բան է, հետևաբար՝ բարոյական դաշտի մեջ, եթե կա հնարավորություն ցույց տալու քո և թշնամու տարբերությունը, որն իր դաշնակցի միջոցով քո դեմ պատերազմ է հրահրում, ապա պետք է դա ցույց տաս։
Իհարկե, Հայաստանի կողմից այս ուղերձը ոչ այդքան Թուրքիայի իշխանությանն ու հասարակությանն է ուղղված, որքան արտաքին աշխարհին։ Այս համատեքստում, կարծում եմ՝ Հայաստանը բան չի կորցնի, ինչպես չկորցրեց 1999 թվականին, երբ Ստամբուլի երկրաշարժի ժամանակ Հայաստանը կրկին փրկարարներ ուղարկեց Թուրքիա։ Այստեղ արտառոց բան չկա, բայց սա չեմ ասում՝ որպես ի պաշտպանություն այս իշխանության։
Կարծում եմ՝ բարոյական դաշտի մեջ մենք ավելի բարձր ներկայանալու հնարավորություն ունենք, և դա չեմ դիտարկում՝ որպես կորուստ մեզ համար կամ ի վնաս որևէ քայլ։ Այս պահին այս ժեստն ավելի լավ է լինի, քան թե չլինի, եթե հանդես գանք պարտվածի ու նեղացածի դիրքում, դա մեզ ոչինչ չի տալու, բայց այս դեպքում մենք ցույց ենք տալիս, որ մենք մի քանի մակարդակ բարձր ենք գոնե բարոյական դաշտում։ Բայց սա բարոյական հաղթանակների շարքից չէ»,- նշեց Հայկ Դեմոյանը։
Ըստ նրա, մինչ օրս համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող խայտառակ գործողության՝ «թավշյա հեղափոխության» ժամանակ որոշ մարդկանց ներգրավվածությունը և ներկայիս կառավարության կազմում հայտնվելն ուղղակի կապ ունեն Թուրքիայի հետ։
Հայկ Դեմոնյանը մատնանշեց իշխանության որոշ ներկայացուցիչների, սկզբում խոսելով ԱԺ փոխնախագահ, ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի մասին՝ հիշեցնելով, որ նա ժամանակին սովորել է Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրվող երկրում՝ Թուրքիայում։
«Իհարկե, այնտեղ Ռուբեն Ռուբինյանին ծաղիկներով ու շամպայնով չեն դիմավորել։ Անձը, որն այնտեղ է եղել, նշանակում է՝ նա որևէ օպերացիայի մաս է կազմել, սա ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել։ Իր այնտեղ գտնվելը եղել է երկարաժամկետ ծրագրված օպերացիայի մի մասը։ Դրա համար է Ռուբեն Ռուբինյանը դարձել բարձրաստիճան պաշտոնյա և հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար բանակցող, Հայաստանի կողմից ներկայացուցիչ։
Երկրորդը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը կարևոր ֆունկցիոներներից մեկն է «թավշյա» խայտառակության, այն անձն է, որ մոտ 4 տարի եղել է հայ-թուրքական երիտասարդական հաշտեցման հանձնաժողովի անդամ։ Արդյոք պատահակա՞ն է, որ Արայիկ Հարությունյանը, լինելով այդ հանձնաժողովի անդամ, եղել է Նիկոլ Փաշինյանի աջ ձեռքը, միանգամից ղեկավարել միավորված 4 նախարարություններ։ Պատահակա՞ն էր, որ նրա ձեռամբ գրոհ եղավ Ծիծեռնակաբերդի վրա, այն ժամանակ որ ասում էի, հանրության 99 տոկոսը փորձում էր հայհոյել ինձ, բայց հիմա հասարակությունը պատրաստ է հասկանալու, ընկալելու, թե որը որից հետո է, և ինչու դա տեղի ունեցավ։
ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ, նրա երկու տեղակալներն անցան քրեական գործով, փոխարեն նրան համակարգից հեռացնեին, որպես անունակ մարդ, դարձրեցին Փաշինյանի խորհրդական, հետո՝ աշխատակազմի ղեկավար։
Ուրեմն՝ այստեղ մի բան կա, կա մի թել, որը միավորում է Ռուբեն Ռուբինյանին և Արայիկ Հարությունյանին և մնացած մասերին՝ կազմակերպիչ-սպասարկողներին։
Ասպիսով՝ երբ թշնամի երկրում հայտնվում է մեկ այլ երկրի քաղաքացի, որի հետ հարաբերություններ չունի, ապա նա առաջնայինը հետաքրքրություն է ներկայացնում հատուկ ծառայությունների համար։ Կարծում եմ՝ մեր ԱԱԾ-ն հրաշալի գիտի այս մարդկանց որտեղ գտնվելը, ինչու են նրանց այնտեղ տարել, ինչ հանձնարարություններ են տվել, և այլն»,- շեշտեց Հայկ Դեմոյանը։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Թուրքիան էլ Հայաստանին է օգնել, Հայկ Դեմոյանը հիշեցրեց, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ 112 երկիր օգնության ձեռք մեկնեց Հայաստանին, և Թուրքիան որոշեց հետ չմնալ նրանցից։
«Այո՛, եղել է օգնություն ոչ թե Հայաստանին, այլ օգնություն՝ որպես Խորհրդային Միությանը, կրկնում եմ՝ Թուրքիան չի ցանկացել հետ մնալ օգնություն ցուցաբերող 112 երկրներից։
Գիտեք՝ սա ինչի՞ է նման, երբ 1944 թվականին ստեղծվեց ՄԱԿ-ը, բոլոր երկրները, որոնք ավտոմատ հարեցին ՄԱԿ-ին, պատերազմ հայտարարեցին Ֆաշիստական Գերմանիային, Թուրքիան էլ դարձավ ՄԱԿ-ի անդամ, պատերազմ հայտարարեց Գերմանիային, սակայն որևէ ռազմական գործողության չմասնակցեց։ Իսկ մնացածը ողորմության, քաղաքական բոբիկության դրսևորում է, ասել, թե երկրաշարժի ժամանակ Թուրքիան մեզ օգնել է, մենք էլ իրենց օգնենք»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։