«Որևէ այլ երկրում չեք տեսնի նման բան, որ մարդը ցանկանա վերադառնալ շրջափակված երկիր, սա բացառիկ երևույթ է աշխարհում». Նունե Սարումյան

52-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունն  ադրբեջանական շրջափակման մեջ է։ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը փակելուն զուգահեռ՝ Ադրբեջանն անջատում է նաև Արցախին մատակարարվող գազն ու էլեկտրաէներգիան։ Չնայած ստեղծված դժվարություններին, արցախցիները հստակ հայտարարել են, որ իրենք իրենց հայրենիքը լքելու որևէ մտադրություն և ցանկություն չունեն, ավելին՝ պայքարելու են իրենց իրավունքների և ինքնորոշման համար։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Նունե Սարումյանն Արցախում ստեղծված իրավիճակը գնահատելով՝ նախ նկատեց՝ 90-ականներին ավելի վատ վիճակում էր Արցախն ու արցախահայությունը, բայց հաղթահարեց, հիմա էլ կհաղթահարի։

«Որքան էլ միջազգային կառույցներն Ադրբեջանին ասեն, որ սխալ է անում, և բերեն բազմաթիվ փաստարկներ, միևնույն է՝ Ադրբեջանը չի փոխվելու, նա հանդես է գալիս հաղթողի դիրքերից։ Սա կլինի այնքան ժամանակ, մինչև մեր իշխանությունները համարձակ չբանակցեն, դրա համար համապատասխան աջակցություն պետք է ստանան նաև միջազգային կառույցներից և բանակցեն հավասարը հավասարի հետ։ Սա է, այլ տարբերակ չկա, որ ասում են, մենք նրանց հետ պետք է ապրենք՝ հնարավոր բան չէ։

Միջազգային կառույցները տարբեր փաստաթղթերով, տնտեսական գործոնն օգտագործելով ու այլ մեխանիզմներով պետք է իրավիճակը հավասարեցնեն, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանի հետ խոսել։

Կարդացեք նաև

Ադրբեջանը հիմա ուզում է Արցախում ներքին հակասություններ սերմանել, միայն այդ տարբերակով կարող են մեզ ճնշել»,- շեշտեց Նունե Սարումյանը։

Նա ընդգծեց՝ այսօր Ադրբեջանը զարմացած է, որ Արցախից դուրս գտնվող երեխաները, չափահաս մարդիկ դիմում են տարբեր կառույցների, որպեսզի իրենց վերադարձնեն Արցախ։

«Երևի որևէ այլ երկրում չեք տեսնի նման բան, որ մարդը ցանկանա վերադառնալ շրջափակված երկիր, այնտեղ վերադարձնի իր երեխային, սա բացառիկ երևույթ է աշխարհում։ Ես չգիտեմ՝ մարդու ուղեղն ինչպես է մտածում, բայց արցախցու ուղեղն այդպես է մտածում, որ մարդ իր տանն, իր հողում պետք է լինի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Վերհիշելով 90-ականներին Արցախում ստեղծված իրավիճակը, երբ կրկին Ադրբեջանը շրջափակել էր Արցախը, Նունե Սարումյանը նկատեց՝ այն ժամանակ կռվի միջոցներն ուրիշ էին, հիմա՝ ուրիշ։

«Եթե այն ժամանակ զենքը վերցրել ու գնացել ենք կռվելու, թիկունքն ու առաջնագիծն իրար հետ կապված էին, հիմա ամենուր առաջնագիծ է, տարբերությունը մեծ է։ Այն ժամանակ իշխանությունն ու ժողովուրդը փոխկապակցված մեկ նպատակ ունեին։ Հիմա իշխանությունները ձգտում են Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատեն նրանց վերահսկողության տակ, բայց ժողովուրդը դա չի ուզում։ Ժողովուրդն ուզում է ազատություն, անկախություն։ Այսքան զոհեր ենք տվել, պայքարում ենք, դիմակայում։ Այստեղ մի ձեռք կա, և հուսամ՝ այդ ձեռքն արդեն կա, որ պետք է միասնական դարձնի բոլորի պահվածքը, մտածելակերպը և վերաբերմունքը։ Եթե 90-ականներին ոչինչ չենք ունեցել ու աստիճանաբար ստեղծել ենք, հիմա ինչ-որ ձևով այդ հնարավորությունները պետք է ստեղծենք։ Մայր Հայաստանում էլ պետք է լինի համախմբվածություն, պետք է գիտակցեն Արցախի կորստի հետևանքները, նրա արժեքը, գիտակցեն, որ Արցախը ոչ միայն անվտանգության դարպաս է, այլև հայության համախմբման օջախ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նունե Սարումյանը հիշեցրեց նաև Սումգայիթի, Բաքվի ջարդերը, Մարաղայի կոտորածը, 90-ականների, ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ժամանակ Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունները, երբ խաղաղ բնակիչներին գլխատում ու գնդակահարում էին, ապա միտքն ավարտեց հարցով՝ այսքանից հետո ինչպե՞ս է հնարավոր նրանց հետ միասին ապրել։

«Իրենք թող ապրեն իրենց երկրում, իրենց գոյությունը պահեն, բայց ոչ մեզ հետ ու մեր հողում։ Սա պետք է գիտակցեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի իշխանությունները, որ նրանց հետ հնարավոր չէ ապրել։ Ամեն մի ընտանիք զոհ ունի, կորուստ, այդքան կոտորածներից հետո ինչպե՞ս են դա պատկերացնում։

Ասում են՝ օկուպացրած Ակնայում բանտեր են պատրաստում, դրանք ո՞ւմ համար են, մեր երիտասարդների, նրանց, ովքեր հող են ազատագրել, հասկանալի է, որ Ադրբեջանն այդ ձևով է մտածում։ Բայց մենք մեր ազատության ու անկախության համար ենք պայքարել»,- շեշտեց արցախցի գիտնականը։

Ըստ Նունե Սարումյանի, ժամանակին աշխատել է թուրքերի ու ադրբեջանցիների հետ, տեսել է, որ նրանք ուժեղ դիվանագիտություն ունեն, հետևաբար՝ պետք է ուսումնասիրեին նրանց դիվանագիտությունը, հիմա էլ ուշ չէ դրա համար։

«Նրանց դիվանագիտությունն իրենց իսկ  լեզվով խոսելն է, նրանց ձևով պատասխանելը։ Սա կարող է ասել ցանկացած արցախցի, ով երբևէ աշխատել է թուրքի ու ադրբեջանցիների հետ»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս