Նիկոլ Փաշինյանի գաղտնի գործակալները
Հայ հասարակության անտարբերության, ամորֆ լինելու մասին թեզը վերջին ժամանակների ամենաթրենդային մեղադրանքներից է։
Այդ մասին խոսում են բոլորը՝ քաղաքական գործիչները, մտավորականները, մամուլը, սոցիալական ցանցերը։
Մեղադրանք ներկայացնող խմբերից յուրաքանչյուրն ունի իր դրդապատճառները, ամեն մեկն իր թեզը հիմնավորելու համար հանրության անտարբերությունը քննարկում է իրեն հարմար դիտանկյունից։
Այս մեղադրանքներում, իհարկե, ճշմարտության որոշակի չափաբաժին կա. առաջին տպավորությամբ՝ մեր հասարակությունն իսկապես հաճախ ցուցաբերում է անտարբերություն անգամ այնպիսի իրավիճակներում, երբ պետք է փոթորկվեր։ Մյուս կողմից, սակայն, հանրության ամորֆ լինելու թեզն ինչ-որ իմաստով մոլորություն է, որին, հաճախ ակամա, երբեմն գիտակցված, տրվում են այն տարածողները։
Խնդիրը լայն իմաստով, ինչպես մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, գիտության բացակայության մեջ է։ Մենք չունեք հանրային տրամադրություններն իրապես արտահայտող սոցիոլոգիական ամբողջական չափումներ, հասարակագիտական գնահատումներ, հոգեբանական կանխավարկածներ։
Փոխարենը՝ մամուլը, սոցիալական ցանցերը, քաղաքական գործիչների ելույթները ողողված են հանրային տրամադրությունների վերաբերյալ հատվածական, ֆրակտալ գնահատականներով, որոնք, սակայն, ներկայացվում են՝ որպես վերջին ճշմարտություն, որպես հանրությանը տրվող վերջնական ախտորոշում, իսկ ավելի հաճախ՝ որպես դատավաճիռ։
Իրականությունն այն է, սակայն, որ այդ հատվածական գնահատականները՝ որքան էլ խարսխված լինեն առանձին վերցրած օբյեկտիվ դեպքերի, իրադարձությունների վրա, որքան էլ ցույց տան այս կամ այն խմբի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, չափազանց հեռու են հասարակությանն ամբողջացնող, ինտեգրալ գնահատականներից։
Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, դրա պատճառներից մեկը գնահատողների մեկուսացվածությունն է ու միջավայրային կաղապարվածությունը։ Մարդն ընդհանրապես, ժամանակակից աշխարհում՝ առավել ևս, ապրում է որոշակի սոցիալական միկրոմիջավայրում՝ ընտանիք, բարեկամներ, ընկերներ, աշխատանքային կոլեկտիվ և այլն։ Տարբեր սոցիոլոգիական ուղղություններ անհատի սոցիալական տարածությունը կամ ընդգրկումը գնահատում են մի քանի տասնյակ մարդուց մինչև 100 մարդ, դրանից ավելիի հետ կապերի դեպքում խմբի ազդեցությունը մարդու վրա շատ աննշան է։
Բացի այդ, խմբային վարքագծի տեսություններն առանձացնում են «ռեֆերենտ խումբ» հասկացությունը, որով բնորոշվում է այն խումբը, որն անհատի անդամակցած բազմաթիվ խմբերի շարքում ամենամեծ, էտալոնային ազդեցությունն ունի նրա արժեքների և վարքագծի վրա։
Այսինքն՝ մարդը կարող է անվանապես անդամակցել բազմաթիվ խմբերի, բայց դրանցից միայն մեկը, հազվադեպ դեպքերում՝ մի քանիսը կարող են որոշիչ ազդեցություն ունենալ նրա վրա։ Այս գործոնները, ի դեպ, զգալիորեն սրվում են սոցիալական ցանցերի պատճառով. մարդկանց մեծ մասին թվում է, թե սոցիալական ցանցերն ընդլայնում են անհատի հաղորդակցային դաշտը, բայց բազմաթիվ արժանահավատ հետազոտություններ ապացուցում են, որ դրանք իրականում մեծացնում են սոցիալական բևեռացվածությունն ու մեկուսացնում են մարդկանց փոքր խմբերում։
Ահա այսպիսի խմբերում ապրելով՝ մեզ թվում է, թե մենք կարող ենք օբյեկտիվորեն գնահատել մեր խմբերից դուրս գտնվողներին, ընդհանուր առմամբ՝ հասարակությանը, և դա ներկայացնել՝ որպես հանրության հավաքական գնահատական։ Հենց այդ պատրանքի պատճառով է, որ շատ հաճախ առանձին վերցրած մեկ միջավայրում տեղի ունեցած անընդունելի իրադարձությունն ընդհանրացվում է ողջ հասարակության մասշտաբով և ներկայացվում է՝ որպես ախտորոշում։
Ասենք, մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանում պատերազմի օրերին հնարավոր է՝ արձանագրվել են մեկ կամ երկու տասնյակ հրավառության դեպքեր. մենք վերցնում ենք այդ խայտառակ դեպքերը և ինդուկցիայի մեթոդով տարածում ողջ հասարակության վրա՝ եզրահանգելով՝ մեր հասարակությունը դեգրադացվել է, պատերազմի օրերին հրավառություն է կազմակերպում։
Կամ՝ պատերազմի 4000-ից ավելի զոհերի մեկ կամ երկու տասնյակ ծնողներ կարող են լուսանկարվել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կնոջ հետ, մի քանիսն էլ հայտարարել՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ մեղք ունի», և մենք կրկին դիմում ենք ինդուկցիայի հրաշք մեթոդին ու ընդհանրացնում՝ զոհերի ծնողները ծախվել են իշխանությանը։
Նման օրինակներն անսահմանորեն շատ են, բայց դրանց բոլորին միավորում է ոչ թե ճշմարտությունը, այլ ճշմարտացիության պատրանքը։ Ահա այդ պատրանքով շատ-շատերը, հատկապես հանրային դեմքերը, գնահատում են մեր հասարակությանը, նրան հռչակում են՝ որպես դեգրադացված, ու շատ հաճախ հենց դրանով էլ արդարացնում են իրենց գործողությունները կամ անգործությունը։ Իրականությունը, սակայն, վստահաբար հեռու է այդ մակերեսային դատողություններից ու գնահատականներից։
Հասարակությունն անճանաչելիորեն բազմաշերտ է ու բազմատարր և առանց գիտական ստուգված մեթոդաբանության, զուտ որպես հարմար հռետորաբանություն՝ անկարելի է գնահատել նրա որակները։ Հատկապես ու առավել ևս, որ նման գնահատումներն ամենաշատը ձեռնտու են իշխանությանը, որը հասարակությանն ուղղված իր ձևական ներբողների ներքո արդարացնում է հասարակության դեմ ցանկացած ոտնձգություն՝ հենց հասարակության անորակությամբ։
Հասարակությանն անտարբերության մեջ գրեթե բոլոր մեղադրողներն ունեն մեկ երկաթյա փաստարկ՝ եթե հանրությունը հանդուրժում է այս իշխանությանը, ուրեմն՝ զուրկ է արժանապատվությունից և մնացած բարձր որակներից։
Դրա մեջ ևս կա ճշմարտության հատիկ։ Սակայն այդ թեզը ոչ թե ճշմարտություն է, այլ ավելի շատ կիսաճշմարտություն, որովհետև հասարակությանն այս իշխանությանը հանդուրժելու մեջ մեղադրողների զգալի մասն ինքն է ավելի հանդուրժում նույն իշխանությանը և նրա շատ առանձին ներկայացուցիչների հետ մտնում միանգամայն «հանդուրժելի» ստվերային հարաբերությունների մեջ։
Հասարակությանն անհանդուրժողականության արտահայտման համար անհրաժեշտ է քաղաքական այնպիսի համակարգ, որն այդ անհանդուրժողականությունը դժգոհությունից ու հայհոյանքից կվերածի հստակ ձևակերպված քաղաքական պահանջի՝ համապատասխան քաղաքական գործիքներով ու քայլերով։
Մենք, սակայն, ունենալով իրականում դեգրադացված քաղաքական համակարգ, շատ հաճախ մոռանում ենք դրա մասին և տարածում «հանրության դեգրադացվածության» թեզը՝ մի կողմից վնասելով նույն հանրությանը, մյուս կողմից՝ ամրապնդելով այն իշխանության դիրքերը, որն ամենաշատն է շահում հասարակության մշտական պիտակավորումից։
Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր պարզամիտ ինդուկցիայով անընդհատ խոսում են հասարակության անտարբերության մասին, իրականում հանդես են գալիս՝ որպես իշխանության գաղտնի գործակալներ։ Եթե անգամ ամենաբարձրն են հայհոյում Նիկոլ Փաշինյանին։
Հարություն Ավետիսյան