Նիկոլ Փաշինյանը և Զարեհ Սինանյանն ամեն գնով ուզում են խզել Հայաստան-Արցախ-Սփյուռք սուրբ եռամիասնությունը. Նժդեհ Գարագավորյան
Ֆրանսայի ՀՅԴ երիտասարդականի՝ «Նոր Սերունդ»-ի ատենապետ Նժդեհ Գարագավորյանը երեկ տեղեկացել է՝ իր մուտքը Հայաստան արգելված է:
Նկատենք՝ ավելի վաղ նման որոշումներ էին կայացվել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի, Հոլանդիայի Հայ Դատի Հանձնախմբի պատասխանատու Մասիս Աբրահամյանի և ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի առնչությամբ:
«Սա հակաժողովրդավարական և ապազգային քայլ է: Իսկ հիմքերն իրականում արհեստական են. սա պարզապես քաղաքական քայլ է: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը և Զարեհ Սինանյանն ամեն գնով ուզում են խզել Հայաստան-Արցախ-Սփյուռք սուրբ եռամիասնությունը,- ՀՀ իր մուտքի արգելքի որոշմանն անդրադառնալով՝ 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Նժդեհ Գարագավորյանը և հավելեց,- Ամեն պարագայում, մեկ բան հստակ է՝ ՀՅԴ երիտասարդական ցանցի գործունեությունը Սփյուռքում մշտապես որպես թիրախ ունի Ադրբեջանը և Թուրքիան. եթե Հայաստանում մեզ փորձում են տկարացնել, վախեցնել, դրա հետևում վստահաբար, կամա թե ակամա, կա թուրք-ադրբեջանական շահ: Այդ ամենի հետևում նաև կա Նիկոլ Փաշինյանի մահացու և կեղծ խաղաղության օրակարգի պրոպագանդան, որն ի վերջո մեզ տանելու է շատ ավելի մեծ աղետների»:
Սփյուռքահայ գործիչը շեշտեց՝ իրենք ունենք կարմիր գծեր՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի հարցում:
«Մենք զինվորագրված ենք ժողովրդին, ազգին, դատին ծառայելու և մինչև վերջ պետք է գնանք այդ ճանապարհով՝ զոհասեղանին դնելով ամեն ինչ»,- շեշտեց նա:
Ի դեպ, Նժդեհ Գարագավորյանը տեղեկացրեց՝ վերջին մեկուկես տարում 5-6 անգամ եղել է Հայաստանում, ամռանը մարդասիրական ծրագրերով եղել է Արցախում: Այս անգամ պետք է Հայաստան գար փետրվարի 4-ին, սակայն, ԱԱԾ նամակագրությամբ տեղեկացվել է Հայաստան՝ իր մուտքի արգելքի մասին:
«Այս անգամ մեր գալը ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի նախաձեռնած Սյունիքում կայանալիք վեհաժողովին մասնակցելու նպատակով էր, որտեղ պետք է քննարկվեր, թե ինչպես պետք է դրսում միասնաբար համադրելով՝ աշխատել Հայաստանի և Արցախի անվտանգության և շահերի ամրագրման համար:
Մեզ ներկայացնում են՝ որպես անցանկալի անձ, իսկ մյուս մանրամասները որակում են իբրև գաղտնի և ոչ հասանելի: Մենք գիտենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, իսկ այս ամենի հետևում կա քաղաքական պատվեր. դրա համար այդ թղթերում չկա որևէ բացահայտիչ կոնկրետ փաստարկ:
Ես ամեն կերպ պետք է պայքարեմ հետ գալու իմ իրավունքի համար. Հայաստանն իմ հայրենիքն է, ես սիրում եմ իմ Հայաստանը: Մենք այսօր շատ տխուր ենք, որովհետև ծրագրում էինք, թե ինչ ենք անելու Արցախում՝ Բերձորի միջանցքի վերաբացումից հետո»,- եզրափակեց սփյուռքահայ գործիչը: