«Թուրքերն էլ ժամանակին ասում էին՝ հայկական հարցը լուծված է՝ 1915-1916 թվականների իրադարձություններից հետո». Աշոտ Մելքոնյան
Արցախի՝ ադրբեջանական շրջափակման 42-րդ օրն է՝ 120 հազար արցախահայություն գտնվում է բնապահպան ակտիվիստներ ներկայացողների, բայց փորձագետների վկայությամբ՝ իրականում ադրբեջանցի և թուրք հատուկ ծառայությունների ներկայացուցիչների շրջափակման ներքո: Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն առաջ են տանում պաշտոնական Բաքվի հնչեցրած կեղծ թեզերը, օրինակ այն, որ «Արցախի հարցը լուծվել է և լուծվել է պատերազմի միջոցով», սա ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունից մի դրվագ է, որն ադրբեջանական իշխանությունները ցնծությամբ ընդունել ու մեջբերում են։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նման հայտարարություններն այսպես բնորոշեց՝ եթե նման մոտեցումը փորձի ներկայացնել որպես ադրբեջանական կողմի կարծիք, ապա կարող են ասել, որ նրանց տեսանկյունից Արցախի հարցը լուծված է։
«Բայց երբ հայկական կողմում գտնվում են մարդիկ, որոնք նման կարծիք են հայտնում, մեղմ ասած՝ մարդու զարմանքն ու զայրույթն է առաջանում։ Այսինքն՝ ինչպե՞ս, մեր հայրենիքի մի կտորը արդեն բռնազավթվել է, մյուս մասն ահավոր վտանգի մեջ է, և 120 հազար մարդ այսօր հայրենազրկման ու ցեղասպանման եզրին է կանգնած, այսքանից հետո համարում են, որ Արցախի հարցը լուծվա՞ծ է։ Թուրքերն էլ ժամանակին ասում էին՝ այո, հայկական հարցը լուծված է 1915-1916 թվականների իրադարձություններից հետո։ Սա հավասարազոր է նրան, ինչ 110 տարի առաջ արվում էր՝ կապված Հայոց ցեղասպանության հետ»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։
Աշոտ Մելքոնյանի բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը՝ ուղղակի ցեղասպան գործողություն է։ Նույնիսկ մարդու իրավունքների տեսանկյունից, մարդուն զրկել ազատ տեղաշարժի իրավունքից և նման իրավիճակի մեջ դնել ժողովրդին՝ ուղղակիորեն նշանակում է ցեղասպանական գործողություն։
«Ադրբեջանն իր գործողություններում այնքան է վստահ դարձել, ցինիկ ու լկտի, որ իրեն նման բան է թույլ տալիս և փորձում է համաշխարհային հանրությանը ծիծաղելի պատճառաբանություններով իր գործողությունները ներկայացնել՝ որպես բնապահպանական քայլեր։ Ոմանք շատ ճիշտ են ասում՝ այդ նույն բնապահպանները մեկ անգամ թեկուզ բարձրաձայնե՞լ են Կասպից ծովի աղտոտվածության վերաբերյալ, մեկ անգամ ելույթ ունեցե՞լ են, կամ խոսե՞լ են նրանից, թե այսօր գետային ցանցն ինչ վիճակում է գտնվում Կուր-Արաքսի հովտում, իհարկե, այս մասին նրանք չեն խոսել։ Եթե որևէ բնապահպան Ադրբեջանում փորձի բացահայտ խաղաղ ցույց իրականացնել՝ կկարողանա՞, ի զորո՞ւ է։ Անկասկած, այս ամենն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և հստակ ցեղասպանական գործողություն է, և բոլորիս զարմացնում է համաշխարհային հանրության սառը վերաբերմունքը։ Մի քանի մտահոգիչ հայտարարություններից մարդիկ չեն անցնում գործնական քայլերի։ Սա քաղաքակիրթ աշխարհին նորից տանում է 100 տարի առաջվա վիճակին, երբ հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ լռում էին ու բավարարվում փոքրիկ հայտարարություններով»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Պատմաբանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է վիճակը հասցնել նրան, որ մարդիկ հուսահատությունից անհավասարակշիռ քայլեր անեն, բախումներ առաջանան, և երբ հայկական կողմը փորձի բացել այդ միջանցքը, արդյունքում՝ Ադրբեջանը գնա նոր արյունահեղության։ Հետո էլ նրանք ամբողջ մեղքը բարդեն հայկական կողմի վրա՝ հայտարարելով, թե «խաղաղ ցուցարարների» վրա են հարձակվել ու փորձել ճանապարհը բացել։ Հետևաբար, եզրակացնում է Աշոտ Մելքոնյանը՝ այս հարցում պետք է զգուշություն ցուցաբերվի: Մյուս կողմից, սակայն, եթե ադրբեջանական կողմը խնդիրը տանում է դեպի պատերազմ, միանշանակ դրան պիտի պատրաստ լինել։
«1992 թվականի մայիսի կեսերը դրա վկայությունն են: Այն ծանրագույն օրերին, երբ միայն օդով էր կապված Արցախը Հայաստանի հետ, հայությունը կարողացավ այդ դժվարին վիճակից ելք գտնել, և դրա ավարտը եղավ Շուշիի ու Բերձորի ազատագրումը։ Ադրբեջանական կողմը մեզ ուղղակիորեն փորձում է մղել այդ վիճակին՝ ենթադրելով, որ հայկական կողմը շատ թույլ ու տկար է, և հնարավոր կլինի նրան ռազմական տարբերակով նորից պարտության մատնել և հարցը վերջնականապես հօգուտ իրեն լուծել»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։
Ի դեպ, վերջերս Աշոտ Մելքոնյանը Լիբանանում էր և հանդիպել էր նաև Արամ Վեհափառի հետ, ուստի հարցրեցինք, թե Արցախի իրավիճակով պայմանավորված՝ ի՞նչ տրամադրություններ կան Լիբանանում:
«Մեկ բան կարող եմ ասել, որ համատարած մտահոգություն կա, մի քանի միջոցառումների եմ մասնակցել, կաթողիկոսարանում հայագիտության վերաբերյալ դասախոսություններ կարդացի։ Ամեն օր հանրության հետ հանդիպելիս տեսնում էի նույն մտահոգությունը և պետք է ասեմ, որ միասնության առումով լիբանանահայերը ամուր են։ Տարբեր կուսակցությունների իրար դեմ փոխադարձ պայքար չտեսա, կարելի էր հանդիպել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք նույն խնդրի վերաբերյալ ունեն նույն մտահոգությունը՝ Հայաստանի ու Արցախի այսօրվա խնդրով։ Ինչպես իրենք են ասում՝ քով-քովի գալու ձգտում կա։ Արամ Վեհափառի հետ հանդիպմանը շատ հետաքրքրական նյութ արծարծվեց այն տեսանկյունից, որ սփյուռքը ևս պետք է ակտիվացնի իր գործողությունները, Հայ Առաքելական եկեղեցին պետք է լուրջ դերակատարություն ունենա ազգին միավորելու առումով, մտավորական շրջանակներին տեղից շարժելու առումով։ Արամ Վեհափառի կարծիքով՝ այստեղ մտավորականությունը լուրջ անելիք ունի և՛ սփյուռքում, և՛ հայրենիքում, որպեսզի երրորդ կողմ առաջանա, թե չէ ստացվում է այնպես, որ կա իշխանություն ու ընդդիմություն, և մեջտեղում կարծես թե ոչինչ չկա։ Եթե որևէ մեկը հարցազրույց է տալիս ընդդիմադիր լրատվամիջոցի, ասում են՝ ընդդիմադիր է, և հակառակը, եթե իշխանական լրատվամիջոցի է տալիս, ասում են՝ իշխանական է։ Կարծում եմ՝ պետք է բռունցքվել և առաջ մղել մեր ազգային խնդիրները, ինչը եղավ 90-ականներին և մեզ բերեց հաղթանակ։ Եթե մենք նման ճանապարհով գնանք, ես լիահույս եմ, որ կունենանք նաև հաղթանակ»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։