Փաշինյանը գնալու է միակողմանի զիջումների. դրանք կկանգնեն Երևանում. Արթուր Մարտիրոսյան

2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսից արդեն պարզ էր՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Հայաստանի իշխանությունը մտել է այլընտրանքային խաղի մեջ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ՝ ուժեղացնելով Ալիևին։

Ուշագրավ է, որ այդ խաղում հայկական իշխանությունն արդեն վրիպել է՝ հրաժարվելով ռուսական կողմի առաջարկից՝ փոխարենն ընտրելով Արևմուտքի առաջարկը, որը, սակայն, իրատեսական չէ. արդյունքում ստացվում է, որ ռուսական կողմն իր շահն է հետապնդելու, Արևմուտքը՝ իր, զոհ է գնալու հայկական իրական ազգային շահը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին, դրանց շուրջ ընթացող բանակցություններին, նման դիրքորոշում հայտնեց բանակցային գործի մասնագետ, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը։

«Արևմուտքի շահը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դուրսմղումն է, որը համընկնում է Թուրքայի և Ադրբեջանի շահի հետ։ Չգիտենք ինչո՞ւ, բայց Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի այդ շահը համընկնում է նաև Հայաստանի այս իշխանության շահի հետ։ Ուկրաինական ճակատում Ռուսաստանի պարտություն կանխագուշակած Արևմուտքը Հայաստանի իշխանությանն ասել է՝ եկ ինձ հետ իմ խաղը խաղալու. հենց այդ առաջարկի արդյունքում է ձևավորվել խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը, որտեղ մի շատ վտանգավոր կետ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից ընդհանրապես՝ Արևմուտքից ստանալով ընդամենը խոստում Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրն անձեռնմխելի պահելու համար. կրկնում եմ՝ միայն խոստում։ Ալիևն ու Էրդողանն էլ, հասկանալով, որ եթե Ռուսաստանին հեռացնում են այդ խաղից, Հայաստանն ու Արցախը մնում են բացառապես իրենց ենթակայության տակ, սկսել են ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումը։ Խաղալով երկու կողմի վրա՝ Հայաստանի իշխանությունն ուժեղացրել է Ալիևին»,- ասաց Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Ռուսաստանի դեմ ընթացող այս արշավին Հայաստանի իշխանության մասնակցությունը պարզ տեսանելի է ռուսական կողմին. դա է պատճառը, որ Լավրովը շեշտում է՝ հայե՛ր, եթե դուք խաղում եք Արևմուտքի խաղը, ապա մենք շատ լավ գիտենք, թե մեր շահն ինչպես կպաշտպանենք, բայց այդ դեպքում դուք մտածեք՝ իսկ ի՞նչ է լինելու ձեր երկրի հետ։

Հայաստան-Ռուսաստան այս հակադրությունը Արթուր Մարիտրոսյանն արդյունք համարեց այն բանի, որ ռուսները շատ լավ գիտեն, թե ի՞նչ է խոսվել Պրահայում և այլ վայրերում։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Հայաստանը գնում է արևմտյան լուծման տարբերակով, որտեղ, սակայն, չկա որևէ լուծում, որը կպաշտպանի մեր ազգային շահը. կլինեն ինչ-որ հայտարարություններ, որոնք իրավիճակը փոխելու հարցում, սակայն, կունենան զրոյական արդյունք։ Ասվածի ապացույցը Եվրոպական խորհրդի բանաձևն է, որն անգամ չէր ընդունվի, եթե Ռուսաստանին և ռուս խաղաղապահներին քննադատելու թեման չլիներ։ Այդ բանաձևի նպատակը դա էր. ընդունված կետերը գետնի վրա անիրականանալի։

«Այդ զեկույցում շեշտվեց ԵԱՀԿ, ՄԱԿ խաղաղապահների տեղակայման հանգամանքը. սա իրականում անհնար է, որովհետև ԵԱՀԿ-ն կոնսենսուսով ձևավորված մարմին է, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի վետո կիրառելու իրավունք. Ադրբեջանը հանգիստ վետո կարող է դնել, և հենց դա է, որ անհնար է դարձնում ԵԽ-ի զեկույցում առանձնացված կետերը. ԵԽ զեկույցն ինձ համար ջուրծեծոցի է»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունն իր ապիկար քայլերով Ալիևին թույլ տվեց Հայաստանից և Արցախից ստանալ էլ ավելին։

«Փաշինյանը, երբ ասում է, որ խաղաղություն է լինելու, պետք է հասկանա, որ միայն ինքը դա անել չի կարող, մյուս կողմն էլ դա պետք է ուզի. հիմա Ադրբեջանը հաշվարկել է՝ ունի առավելություն և օգտվելու է դրանից, որովհետև Փաշինյանն իր քաղաքականությամբ ադրբեջանական կողմին ցույց է տվել՝ երբեք չի հակադրվելու, որ չմտածեն, թե ռևանշիստ է։ Փաշինյանը ցույց տվեց՝ գնալու է միակողմանի զիջումներիի. դրանք կկանգնեն Երևանում»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ զիջումներն արվում են Փաշինյանի պատկերացրած ազգային նոր շահի համատեքստում։

«Փաշինյանը փորձում է հայ ազգին մատուցել նոր ազգային շահ, այն է՝ թուրքերի հետ հարաբերություններ, որի դեպքում Հայաստանին անգամ բանակ պետք չի լինելու։ Թուրքերի հետ հարաբերություններ՝ առանց հայկական բանակի, սա է Փաշինյանի մտածելակերպը, դրա համար նա կարևորեց ելակը՝ բանակում»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս