2022թ․ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 50.000 ՏՏ մասնագետ

Հայաստանում 2022 թվականին դրան նախորդող տարվա համեմատ 7%-ով աճել է այն ընկերությունների թիվը, որոնց համահիմնադիրները Ռուսաստանից են: «Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ այս առումով 2022 թվականը կարելի է ոլորտի համար դրական տարի համարել:

«Բավականին բուռն տարի էր ոլորտում: Ներքին և արտաքին գործոններով պայմանավորված որոշակի աշխուժություն ենք ունեցել։ Ունեցանք կադրային մեծ ներհոսք։ Փորձում ենք ամեն բան անել, որպեսզի լավ պայմաններ ստեղծենք նոր եկած մասնագետներին Հայաստանում պահելու համար»,- ասաց նախարարը:

2022թ․ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել 50 հազար ՏՏ մասնագետներ, հայաստանյան բանկերում բացվել են 100 հազար նոր հաշվեհամարներ 40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից։ ՏՏ ոլորտի 800 ռուսական ընկերություն է տեղափոխվել Հայաստան:

«Մասնագետներին պահելու համար ունենք աջակցության երեք ծրագիր, որոնք միտված են տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Բոլոր երեք ծրագրերից կարող են օգտվել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ընկերությունները»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով հարկային արտոնության հավաստագիր ստանալու գործընթացին՝ նախարարը նշեց, որ 2015 թվականին օրենքի ընդունումից մինչ օրս ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2498 կազմակերպություն։

«2022 թվականն աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1428 է:Հավաստագրված կազմակերպություններից 1279-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։ Աշխարհագրությունն ընդգրկուն է. Նիդերլանդներ, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Հնդկաստան»,- նշեց նա։

Նախարարի համոզմամբ՝ ցուցանիշները խոսում են այն մասին, որ Հայաստանում օրենքի դաշտն ու պայմանները բարենպաստ են այն ընկերությունների համար, որոնք իրենց զարգացման հեռանկարները տեսել են հենց Հայաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031