Թուրքիայում 13 տարում 71 անգամ աճել է նախագահին վիրավորելու հոդվածով հետաքննությունների թիվը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր, փաստաբան Գյուլիզար Քարաջան զեկույց է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության օրոք խոսքի ազատության սահմանափակումների աճի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշել է, որ խոսքի ազատությունը սահմանափակելու կարևոր գործիքներից է երկրի քր. օրենսգրքի՝ «նախագահին վիրավորելու», «իշխանական կառույցներն ու թուրք ժողովրդին նվաստացնելու» վերաբերյալ հոդվածները: Հատկապես տպավորիչ աճ է գրանցել նախագահ Էրդողանին վիրավորելու համար հարուցված քրեական գործերի թիվը:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսվող «հանրապետության նախագահին վիրավորելու» հատկանիշներով 2021-ին իրականացվել է 33.973 հետաքննություն, այնինչ 2009-ին նույն հոդվածով իրականացվել է ընդամենը 478 հետաքննություն:
13 տարում (2009-2021) այս հոդվածով հետաքննություն է իրականացվել 196753 մարդու նկատմամբ, որոնցից 47406-ը հայտնվել են մեղադրյալի աթոռին: Արդյունքում 17116 մեղադրյալի նկատմամբ կիրառվել է ազատազրկում, ևս 12649-ի դատավճռի կիրառումն էլ հետաձգվել է:
2009-ից 2021 թվականներին Թուրքիայի քր. օրենսգրքի 301-րդ հոդվածի՝ «Թուրք ազգին, պետությանը, պետության կառույցները նվաստացնելու» հոդվածի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավվածների թիվը կազմել է 71997։
Հատկանշական է, որ այս մեղադրանքով ամբաստանյալների թիվը 2009 թվականին կազմել է 325, իսկ 2021 թվականին աճել է ավելի քան 3 անգամ՝ հասնելով 1093-ի։