Այս ճգնաժամը բարձր մակարդակի տարածաշրջանային խաղի է վերածվել. Արմեն Պետրոսյան
Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն այս պահին ապաշրջափակման հանգուցալուծման եղանակներն ու հեռանկարները խիստ անորոշ է համարում:
«Ակնհայտ է՝ այս ճգնաժամը, որը ստեղծվել է ադրբեջանական կողմից, արդեն բարձր մակարդակի տարածաշրջանային խաղի է վերածվել՝ մի կողմից, և մյուս կողմից՝ նաև հատկապես Ադրբեջանի պարագայում՝ ներքին հակահայկական օրակարգի սպառման հարցի: Սա է պատճառը, որ դրա հանգուցալուծման հնարավորություններն ավելի ու ավելի են բարդանում: Դրան նպաստող հավելյալ իրողություն է նաև միջազգային՝ ՌԴ և արևմտյան շահագրգիռ դերակատարների ոչ պատշաճ դիրքորոշումներն ու արձագանքները, որոնք ավելի են խթանում ճգնաժամը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց փորձագետը:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ մարդասիրական օդային միջանցքի հնարավորության մասին առաջարկին՝ Արմեն Պետրոսյանը նկատեց, որ հարցն ունի քաղաքական համատեքստ և առավելապես ուղղված է Արցախի սուբյեկտայնության ընդգծմանը:
Նա թեև նկատեց, որ մարդասիրական օդային միջանցքով աջակցություն ցուցաբերելու պրակտիկ հնարավորությունները քիչ են, սակայն փոխարենը մատնանշեց այլ՝ առավել դյուրին մեխանիզմներ. «Դա ցամաքային ճանապարհով նույն միջազգային կառույցների դրոշի ներքո աջակցությունների տրամադրումն է: Դրա բազմաթիվ օրինակները կան տարբեր միջազգային հակամարտությունների հետ կապված, օրինակ, սիրիական հակամարտության շրջանակներում նման իրավիճակներում հայտնված բնակավայրերում ՄԱԿ-ը, սովորաբար, ավտոշարասյուների միջոցով էր ուղարկում անհրաժեշտ պարենամթերք, քանի որ այնտեղ էլ դարձյալ օդային ճանապարհները խիստ վտանգավոր էին»:
Փորձագետը հիշեցրեց նաև, որ օդային ճանապարհով որևէ աջակցության ցուցաբերումը հնարավոր է միայն պաշտոնական Բաքվի համաձայնության պարագայում, իսկ ցամաքային ճանապարհով այդ աջակցության ցուցաբերման դեպքում՝ հասցեատերը ռուս խաղաղապահներն են:
Հարցին, թե ստեղծված իրավիճակում վտանգավոր չէ՞ արդյոք ծայրահեղական կոչերով հակառուսական տրամադրությունների գեներացումը, մեր զրուցակիցը արձագանքեց. «Հակառուսական տրմադրությունները վերջին շրջանում ընդհանրապես հայության շրջանում աճել են, ինչը պայմանավորված է հատկապես Բերձորի (Լաչինի) միջանցքի հետ կապված ռուսական դիրքորոշման հետ, ինչից էլ օգտվում են տարբեր դերակատարներ և փորձում են օգտագործել իրավիճակը՝ իրենց շահերն առաջ մղելու, բայց նախօրեին տեղի ունեցած միջոցառումն էլ ցույց տվեց, որ նման ծայրահեղական մոտեցումները լայն աջակցություն չունեն (այսինքն՝ ինչ-որ սահմանափակ խմբի շրջանում են դրանք ընկալելի):
Բայց, այնուամենայնիվ, այն, որ կան հակառուսական տրամադրություններ և աճի դինամիկա են արձանագրում, փաստ է և նաև օբյեկտիվ է: Իհարկե, դրան էլ նպաստում են ինչպես ՀՀ ներսում, այնպես էլ՝ ՀՀ-ից դուրս տարբեր շրջանակների գործողությունները, որոնց համար պարզապես պարարտ հող է ՌԴ քաղաքականությունն Արցախի և ՀՀ-ի հետ կապված խնդիրներում»:
Արմեն Պետրոսյանը այս միտումը համարեց նաև վտանգավոր՝ նկատելով, որ հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, թե այդ միտումները չեզոքացնելուն միտված ինչպիսի գործողությունների կդիմի Ռուսաստանը: Ըստ նրա՝ այդ հակազդեցության հնարավորությունը մեծ է՝ պայմանավորված ՀՀ-ՌԴ հարաբերություններում բավականաչափ մեծ փոխկապակցվածությամբ: