Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ իրավիճակը լարված է. Սասնա ծռերը բախում են սադրել
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` ժամը 12:00-ից Ազգային ժողովրդավարական բևեռի անդամներն ու համակիրները Հայաստանում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա պետք է իրականացնեին։ Այդ մասին Բևեռի պաշտոնական ֆեյսբուքյան էջը գովազդի տակ հայտարարություն էր տեղադրել։ Նպատակը, ըստ կազմակերպիչների, Լաչինի միջանցքի բացումն էր, թեպետ երեկ մեր զրուցակից գյումրեցիները չէին հասկանում` եթե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Լաչինում է փակ, ինչու են ակցիան իրականացնում 102-րդ ռազմաբազայի մուտքերի մոտ։
Այսօր մեր հարցին` ինչ իրավիճակ է տեղում, գյումրեցի հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանն ասաց` եկել են մոտ 300-400 հոգով ու ինչպես, ակնկալելի էր, փորձել են սադրանք կազմակերպել։
«Իրենք փորձեցին փակել ռազմաբազայի այն մուտքը, որտեղ հրամանատարական կազմն է լինում, բայց ոստիկանությունը թույլ չտվեց մոտենալ հսկիչ-անցագրային կետին։ Միտինգ արեցին, հետո որոշակի բախումներ հրահրեցին ոստիկանների հետ։ Մի քանիսին բերման ենթարկեցին, մյուսները այս պահին առանձնացել են, իրենց հետագա պլաններն են քննարկում։ Կարծես թե գիշերն ուզում են մնալ, բազայից մի 300-400 մետր հեռավորության վրա ճամբար դնել»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Ըստ նրա` վիճակն իրականում լարված է։
«Մենք բոլորս այստեղ ենք։ Եթե ոստիկանությունը որոշի իրենց թույլ տալ գործողությունների գնալ, մենք կմիջամտենք»,-ասաց Կարապետ Պողոսյանը։