«Բողոքի ակցիաները շարունակական են լինելու, չենք լռելու. սա մեր հայրենիքի փրկության հարցն է». Դավիթ Մնացականյան

Արդեն 24-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Ադրբեջանը փակեց Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Բերձորի ճանապարհը, սփյուռքում բնակվող հայերը սկսեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ Ադրբեջանի, ճանապարհը բացելու պահանջով։

Այսօր Լոս Անջելեսում բնակվող հայերը՝ մեծից փոքր,  բողոքի մեծ ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն արցախահայության։

168.am հետ զրույցում Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանը խոսելով բողոքի ակցիայի մասին՝ նշեց, որ հանրահավաքն իրականացրել են Լոս Անջելեսի քաղաքապետի տան մոտ։

Կարդացեք նաև

«Քաղաքապետը ժամանակին եղել է կոնգրեսական, ունի բավականին մեծ կապեր ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, այդ պատճառով էլ որոշեցինք գնալ իր տան մոտ և մեր պահանջն ու խնդրանքը բարձրաձայնել։ Մինչև քաղաքապետի տան մոտ գնալը, այստեղ հավաքված հայրենասեր հայերով ավտոերթ ենք իրականացրել ամբողջ Լոս Անջելեսով, մեծ ցուցանակներով իրազեկել իրավիճակի մասին։ Դրանից զատ, մեր ակցիան լուսաբանեցին մի քանի լրատվամիջոցներ, ինչն իրազեկման առումով ևս դրական է»,- նշեց Դավիթ Մնացականյանը։

Ըստ նրա, այսօր սփյուռքն ավելին է անում, քան փողոցում բողոքի ակցիաներ իրականացնելը։ Սփյուռքահայերը նամակներով դիմել են նահանգապետների, քաղաքապետների, կոնգրեսականների։

«Մենք այստեղ ակտիվորեն լծված ենք այս գործին, աշխատում են նաև մարդկանց առանձին խմբեր։ Պարբերաբար զանգահարում ենք նահանգապետերին ու բարձրաձայնում խնդրի մասին։ Մյուս բանը, որը կարող ենք անել՝ ադրբեջանական ապրանքները բոյկոտելն է, պահանջելով նաև ղեկավար մարմիններին, որպեսզի նրանք ևս այս ամենին բացասական գնահատական տան՝ պահանջելով ճանապարհը բացել առանց որևէ նախապայմանների»,- շեշտեց Դ. Մնացականյանը։

Նրա խոսքով՝ իրենք վճռական են և պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը բացի Արցախի ճանապարհը։

«Անկասկած, մեր այս բոլոր քայլերը շարունակական են լինելու այնքան ժամանակ, մինչև հասնենք հաղթանակի։ Սփյուռքահայությունը չի հեռացել Հայաստանից կամ Արցախից, մենք չենք կարող չբարձրաձայնել 120 հազար արցախահայության խնդիրը։ Կրկնում եմ՝ մեր բողոքի ակցիաները շարունակական են լինելու»,- հավելեց Դավիթ Մնացականյանը։

Նրա տեղեկություններով, բացի Լոս Անջելեսից, բողոքի ակցիաներ կիրականացվեն նաև այլ հայկական օջախներում։

«Վաղվանից Նյու Յորքում է սկսվելու մեծ հանրահավաք, իմ ընկերներն են կազմակերպելու, գիտենք, որ լինելու է նաև Ֆրանսիայում։ Պետք է աստիճանաբար բոլորը ոտքի կանգնեն, որովհետև Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհի փակումը ամենամեծ ոճրագործությունների դասին է պատկանում։ Սա մեծ ոճրագործություն է և քրեական արարք, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների խախտում է։ Նման իրավիճակում աշխարհն ուղղակի իրավունք չունի լռելու, բոլոր այն դեսպանները, որոնք այս պահին գտնվում են ՀՀ-ում՝ ներկայացնելով իրենց պետությունները, այս հարցին պետք է անդրադառնան առարկայական ձևով, այլ ոչ թե միայն դատապարտեն։

Մեծից փոքր եկել են այստեղ ու մեզ հետ պայքարում են, ինչը շատ ոգևորիչ է։ Այնպես չէ, որ այսօր դուրս եկանք, մեր ասածն ասացինք ու եկանք տուն, ոչ, մեր նպատակն է, որպեսզի հետևողական, ճանապարհային ճիշտ քարտեզով ու ռազմավարությամբ առաջ գնանք։ Կոնկրետ այս պահին 48 ժամ ժամանակ ենք տվել, որից հետո հետևողականորեն արդեն առաջ կգնանք։ Սա չի լինելու միայն քաղաքապետի տան դիմաց փակելը, նույնը լինելու է այլ նահանգապետների ու քաղաքապետների տան մոտ, այն մարդկանց տների, որոնք իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ մեծ հույս են կապում հայկական համայնքի հետ։ Մենք բոլորին պետք է տեղեկացնենք ստեղծված իրավիճակի մասին ու չենք լռելու, սա մեր հայրենիքի փրկության հարցն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ամբողջ բողոքի ակցիան իրականացնելու հարցում իրենց ներդրումն են ունեցել բազմաթիվ հայրենասեր հայեր։

«Դոնալդ Վիլսոն Բուշը, Գուրգենը, Արաբոյի Սարգիսը, Մանուելը, Ալյոշան, Վարդանը, Սարգիս Մեսրոբյանը, ով շատ մեծ ավանդ է ունեցել այս ամենի համար, և այլք, նրանց բոլորի անունները չեմ կարող նշել, բոլորն էլ այստեղ ամեն ինչ անում են Արցախին օգնելու համար։ Բոլորս մեկ մարդու նման իրար ձեռք մեկնեցինք։ Մի կողմ դնելով տարբեր կարծիքներ, հայացքներ ու գաղափարներ, բոլորս համախմբվել ենք ու դարձել մեկ բռունցք՝ հանուն մեր հայրենիքի։ Դարձել ենք մեկ միասնական կառույց, որպեսզի աշխարհն իմանա, որ սփյուռքը պառակտված չէ և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անպառակտելի է, բոլորս միասնական ենք։ Այս ամենով մենք ուզում ենք նաև օրինակ ծառայել, որ բոլորս միանանք և այն հարցերը, որոնք առնչվում են Հայաստանի կամ Արցախի անվտանգությանը՝ բարձրաձայնել ու լուծել»,- ընդգծեց Դավիթ Մնացականյանը։

Արցախը շրջափակելուց օրեր անց, Դավիթ Մնացականյանը նաև հացադուլ էր իրականացրել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ՝ իրազեկելով բոլորին ադրբեջանական գործողությունների մասին, որոնք կատարվում են Արցախում։

Նշենք, որ Լոս Անջելեսում բողոքի ակցիայից րոպեներ անց քաղաքապետ Քերըն Բասսը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախի շրջափակման հարցով։

Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ են արել ձեռնամուխ լինել հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը և ցուցաբերել ամերիկյան աջակցություն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Որպես աջակցության միջոցառումներ՝ նրանք մատնանշել են ուտելիքի ու դեղորայքի տրամադրումը, Պուտինին ու Ալիևին հստակ ուղերձի հղումը, որ ԱՄՆ-ը պահանջում է անվտանգ օդային ճանապարհ Արցախի բնակչությանը օգնություն հասցնելու համար, դիվանագիտական ջանքեր գործադրել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կայացման գործում, պնդել, որ ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահ առաքելությամբ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել։

Տեսանյութեր

Լրահոս