Անհնարին է՝ սփյուռքը համաձայնի Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելուն. Դավիթ Մնացականյան

Արդեն 5-րդ օրն է՝ Լոս Անջելեսում ի պաշտպանություն Արցախի հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում։ Նրանք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակի մոտ են բողոքի ակցիա անցկացնում՝ պահանջելով, որպեսզի նա մինչև սեպտեմբերի 15-ն այցելի Հայաստան, գնա Բերձորի միջանցք և տեղում ծանոթանա իրավիճակին։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տեսակապի միջոցով Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանն ասաց, որ բողոքի ակցիաներն իրականացնելու են այնքան ժամանակ, մինչև արդյունք ունենան։

«Մեր բողոքի ակցիայի մասնակիցների քանակը գնալով ավելանում է, հայերն ընտանիքներով տարբեր նահանգներից, քաղաքներից ու մարզերից գալիս ու միանում են մեզ։ Մեր հարցումը հիմնականում վերաբերում էր Ադամ Շիֆին, մենք կամավորներով այստեղ ենք, դեռ որևէ մեկը տուն չի գնացել։ Մեր նախնական նամակն ուղարկել էինք Ադամ Շիֆին, սկզբից անտեսվեց, որից հետո նա պատասխանեց, որ աշխատանքներ տանում է, սակայն, ինչպես տեսնում ենք, աշխատանքներն այդքան էլ արդյունավետ չեղան, որի համար մենք նորից դիմեցինք նամակով»,- նշեց Դավիթ Մնացականյանը։

Նրա խոսքով՝ նախ Միացյալ Նահանգները համարվում է ամենահզոր պետություններից մեկը, երկրորդ՝ ԱՄՆ-ը միշտ ձեռնամուխ է եղել աջակցելու  նման իրավիճակներում։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է  Ուկրաինային, որի պարագայում անմիջապես արձագանքեցին ու օգնություն ցուցաբերեցին՝ ուղղաթիռներով ուղարկեցին օգնություն։

Կարդացեք նաև

«Այստեղ հայկական համայնքը բավականին հզոր է, 1 միլիոնից ավելի հայ է ապրում։ Մենք ակնկալիքներ ունենք ԱՄՆ-ից, որը որպես հզոր պետություն՝ պետք է սաստի Ադրբեջանի սադրանքները և հարցին տա ավելի ադեկվատ լուծումներ։

Անհնարին է, որ սփյուռքի ժողովուրդը համաձայնի, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, Արցախը մեր հայրենիքի մի մասն է կազմում, չեմ հավատում, որ որևէ սփյուռքահայ, որևէ հայ համաձայնի նման տեսակետի հետ։ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, միշտ է այդպես եղել, հազարավոր տարիներ այդպես է եղել ու այդպես էլ պիտի շարունակվի։ Որևէ հայի համար անընդունելի է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում»,- հավելեց Դավիթ Մնացականյանը։

Միաժամանակ նա ասաց, որ խրախուսում են, որպեսզի տարբեր երկրներում հայությունն ակցիաներ իրականացնի, Լոս Անջելեսում իրենց կազմակերպած շարժումը նոր զարթոնք է տվել հայ համայնքին,  ունեն հրավեր տարբեր նահանգներից, որպեսզի գնան ու այդ նահանգներում իրականացնեն ակցիաներ։

«Բողոքի ակցիաները շարունակելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է, որովհետև պահն օրհասական է, պարզից պարզ է, որ Ադրբեջանն այս իրավիճակում կատարել է մեծ հանցագործություն։ Անընդունելի ենք համարում, որ 21-րդ դարում ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա։ Որ պետական դուռը պետք է ծեծենք, ծեծելու ենք, գնալու ենք մինչև վերջ, այս առումով անկոտրում ենք»,- եզրափակեց Դավիթ Մնացականյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս